ԵԽԽՎ-ում Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ ելույթ ունենալով՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց Հայաստանի խաղաղության և համագործակցության ուղղու ընտրությունը, խոսեց վերջին տարիներին իրականացված բարեփոխումների մասին և ընդգծեց, որ այսօրվա ընդհանուր մարտահրավերները կարող են լուծվել միայն համատեղ ջանքերով։
«Ժողովրդավարությունների դեմ հիբրիդային հարձակումները, այդ թվում՝ ապատեղեկատվության չարամիտ տարածումը և տեղեկատվության, որպես զենքի օգտագործումը, արտաքին միջամտությունները ներքին ժողովրդավարական գործընթացներին, ինչպիսիք են ընտրությունները, վերջինը, բայց ոչ պակաս կարևորը՝ միջազգային իրավունքի խաթարումը և բազմակողմ համակարգի քայքայումը։ Այս ամենը փորձության է ենթարկում մեր արժեքներն ու սկզբունքները, և մեր համատեղ պատասխանատվությունն է պաշտպանել վերջիններիս օրեցօր ավելի բարդ ու փխրուն դարձող միջազգային միջավայրում։ Եվրոպայի խորհրդի՝ որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության չափանիշներ սահմանողի 75-ամյա ժառանգությունը կազմակերպությանը հնարավորություն է տալիս ընդլայնել իր դերը համաշխարհային ժողովրդավարական հետընթացի դեմ պայքարում և միջազգային ճարտարապետության նկատմամբ վստահության վերականգնմանը նպաստելու գործում։»
Բարեփոխումները նշանակում են քաղաքացիների կյանքի բարելավում
Խոսելով Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանի կողմից իրականացված բարեփոխումների մասին՝ նախարարը շեշտեց, որ «յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր վավերացված կոնվենցիա, յուրաքանչյուր ինստիտուցիոնալ զարգացում նշանակել է ոչ միայն տեխնիկական փոփոխություն, այլև շոշափելի և գործնական բարելավում սովորական քաղաքացիների կյանքում»։ Նա հատկապես նշեց մարդկանց իրավունքը՝ դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծումը, Վենետիկի հանձնաժողովի աշխատանքը՝ ուղղված ապահովելու օրենսդրական բարեփոխումների համապատասխանությունը միջազգային չափանիշներին, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի կարևոր դերը և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, որը հզորացնում է տեղական համայնքներին։
Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում հարաբերությունների բարելավման հանձնառություն
Իր ելույթում նախարար Միրզոյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության նկատմամբ. «Չնայած վերջին տարիների ցավալի փորձառություններին, ինչպես նաև պատերազմից բխած հումանիտար հետևանքներին՝ Հայաստանը կատարել է հստակ և գիտակցված ընտրություն հօգուտ խաղաղության՝ ձեռնարկելով վճռական քայլեր, որոնք հնարավորություն են տվել Հարավային Կովկասին շարժվել դեպի խաղաղություն և համագործակցություն թե՛ տարածաշրջանում, թե՛ դրա սահմաններից դուրս»։ Նա ընդգծեց, որ «մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը վճռորոշ նշանակություն ունի հասարակությունների միջև վստահության և հաշտեցման վերականգնման համար՝ հնարավորություն տալով փակել տասնամյակների տառապանքի էջը և հարթել խաղաղ ապագայի ճանապարհը։»։
Նախարար Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանը լիովին հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ Նա նաև ներկայացրեց Հայաստանի եվրոպական ինտեգրման տեսլականի զարգացումները և հիշեցրեց հավաքված անդամներին, որ 2026 թվականի մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը։
Խորհրդարանական վեհաժողովին ուղղված ելույթից հետո Նախարար Միրզոյանը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին նվիրեց Հայաստանի պաշտոնական նվերը՝ XII դարում ստեղծված առաջին հայկական օրենքների ժողովածուի՝ «Դատաստանագրքի» ձեռագրային վերարտադրությունը։
Կայացավ նաև Հայաստանի Հանրապետության Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակին նվիրված փոստային նամականիշի պաշտոնական թողարկման արարողությունը, որին մասնակցեցին նախարարը, Գլխավոր քարտուղարը և Խորհրդարանական վեհաժողովի նախագահը։
Գլխավոր քարտուղարի ելույթն ամբողջությամբ
Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը











2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունը միացավ Եվրոպայի խորհրդին որպես նրա լիիրավ անդամ պետություն։