Հայաստանում ազատազրկման վայրերից ազատված կամ պրոբացիայի ծառայության հսկողության ներքո գտնվող բազմաթիվ անձանց համար թմրամիջոցների օգտագործման արատավոր շրջանը հաղթահարելը երկար ժամանակ կախված է եղել բացառապես սեփական կամքի ուժից։ Վերջին մեկ տարվա ընթացքում երեք քրեակատարողական հիմնարկներում և պրոբացիայի ծառայության տարածքային մարմիններում փորձարկված նոր վերականգնողական ծրագիրը կոչված է փոխելու այս իրավիճակը։
Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակված ծրագիրը նպատակ ունի պրոբացիայի ծառայության աշխատակիցներին, քրեակատարողական հիմնարկների հոգեբաններին և իրավական ոլորտի մասնագետներին զինել կառուցվածքային, գիտահեն վերականգնողական միջամտություններ իրականացնելու անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։ Ծրագիրը հիմնված է կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի և մոտիվացիոն հարցազրույցի մեթոդաբանությունների վրա, որոնք միտված են թմրամիջոցների օգտագործման հիմնապատճառների բացահայտմանն ու հաղթահարմանը՝ ոչ թե միայն դրա հետևանքներին արձագանքելուն։
2025 թվականի ապրիլին մեկնարկած փորձնական փուլից ի վեր ծրագրի մասնակիցները կիրառել են ծրագրի գործիքակազմը՝ միջազգային փորձագետների շարունակական մասնագիտական ուղեկցմամբ։ Փորձնական փուլի գնահատման ավարտից հետո ծրագիրը լրամշակվել է՝ նախապատրաստելով այն Հայաստանի ողջ տարածքում ներդրմանը։
Նպատակը հստակ է՝ առաջին գծում աշխատող մասնագետներին տրամադրել առավել արդյունավետ և գիտահեն գործիքներ՝ թմրամիջոցներից կախվածության հիմնապատճառները հասցեագրելու համար, որպեսզի ազատազրկման վայրերից ազատված կամ պրոբացիայի ծառայության հսկողության ներքո գտնվող անձինք ունենան իրենց կյանքը փոխելու իրական հնարավորություն՝ կրկին քրեական արդարադատության համակարգ վերադառնալու փոխարեն։
Ծրագիրն այժմ ներդրվում է Հայաստանի ողջ տարածքում, որի համակարգումն իրականացվում է հատուկ այդ նպատակով վերապատրաստված մասնագետների կողմից։ Սա պետության արդարադատության համակարգի՝ պատժողական մոտեցումներից դեպի վերականգնողական արդարադատություն անցման գործնական դրսևորումներից մեկն է և կարևոր մի քայլ՝ ավելի անվտանգ համայնքների ձևավորման ու մարդկանց երկրորդ հնարավորություն ընձեռելու ուղղությամբ։
Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվումն իրականացվում է Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի միջոցով։ Իրավախախտների համար նախատեսված վերականգնողական ապացուցահեն ծրագրերի ընդլայնման միջոցով Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանի ռազմավարական ջանքերին՝ ուղղված կրկնահանցագործության նվազեցմանը, ազատազրկման հետ չկապված պատիժների և այլ միջոցների կիրառման ընդլայնմանը, ինչպես նաև հանրային անվտանգության ամրապնդմանը։










2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունը միացավ Եվրոպայի խորհրդին որպես նրա լիիրավ անդամ պետություն։