Պատկերացրեք տեղական ինքնակառավարման ընտրություններ, որոնց ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ծագումից, կարողություններից կամ իր ձայնի ազդեցության վերաբերյալ թերահավատությունից, զգում է, որ իր ձայնը կարևոր է և ունի իրական ուժ ու նշանակություն։
Անհատի սեփական կյանքին առնչվող ուղերձն ավելի մեծ հավանականությամբ կլսվի, քան «ընտրազանգվածին» ուղղվածը։ Այս գաղափարը համախմբել էր համայնքների ղեկավարներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ նախքան Հայաստանում 2026 թվականի աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որպեսզի վերանայեն, թե ինչպես են տեղական իշխանությունների ներկայացուցիչները հաղորդակցվում այն բնակիչների հետ, որոնց ծառայում են և որոնց առջև հաշվետու են։
Ժողովրդավարությունն ամրապնդվում է, երբ բոլորը մասնակցում են, այդ թվում՝ երիտասարդները, կանայք, տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց ձայնը հակառակ դեպքում կարող է թերներկայացված լինել։ Իսկական ներգրավվածություն լինում է միայն այն դեպքում, երբ մարդիկ իրենց իրապես համայնքի լիարժեք մասն են զգում։
«Անհրաժեշտ է մշակել տարբեր խմբերին ուղղված հատուկ հաղորդագրություններ... Այս կերպ համայնքներում կարող է ձևավորվել պատկանելության ավելի ուժեղ զգացում, ինչը կարող է հանգեցնել ընտրողների բարձր մասնակցության», — նշել է Վեդու համայնքապետարանի ծրագրերի համակարգողը՝ Եվրոպայի խորհրդի կողմից ներառական հաղորդակցության վերաբերյալ կազմակերպված գործնական սեմինարի մասնակիցներից մեկը։
Հիմնվելով վարքագծային փոփոխությունների վերաբերյալ մոտեցումների վրա՝ մասնակիցները քննարկել են, թե ինչպես հաղորդակցության մեջ կատարվող փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել թերահավատությունը և վերականգնել վստահությունը։ Տրամաբանությունը պարզ է. երբ ուղերձն արտացոլում է մարդու անձնական փորձառությունը, մարդիկ ներգրավվում են գործընթացում, ավելի շատ ձայներ են լսելի դառնում, իսկ մասնակցության մակարդակն ու վստահությունը զուգահեռաբար աճում են։
Աշխատաժողովին նախորդել էր 2026թ. սեպտեմբերի 16-ին կայացած Ղեկավար կոմիտեի հանդիպումը, որի ընթացքում ծրագրի գործընկերներն ամփոփել են Հայաստանում ապակենտրոնացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և սահմանել հաջորդ փուլի առաջնահերթությունները։
Երկու միջոցառումներն էլ կազմակերպվել են «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակներում:










2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունը միացավ Եվրոպայի խորհրդին որպես նրա լիիրավ անդամ պետություն։