Տարիներ շարունակ Ա.Պ.-ն (անձնական տվյալները պաշտպանելու նպատակով անունը փոխված է) իր ընտանիքի աչքում կենսուրախ մարդ էր։ Նա չափազանց նվիրված էր իր ընտանիքին, խորապես կապված էր հարազատների հետ և երբեք չէր վախենում պաշտպանել այն, ինչ ճիշտ էր համարում։ Սակայն նրան ամենամոտ մարդիկ գիտեին նաև նրա բնավորության մեկ այլ կողմը։ Երբ նա իրեն անարդար վերաբերմունքի արժանացած էր զգում կամ ականատես էր լինում իր ընկալմամբ անարդարության, և երբ դա հատկապես տեղի էր ունենում աշխատավայրում, նրա հույզերը երբեմն կարող էին գերիշխել, իսկ զայրույթը հաճախ դժվար էր կառավարել։ Նրա ընկերները դա նկարագրում են որպես աստիճանական շրջադարձային պահ, այլ ոչ թե հանկարծակի փոփոխություն։ Երբ Ա.Պ.-ն սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել կասկածելի գործունեությամբ զբաղվող նոր ծանոթների շրջապատում, նա աստիճանաբար սկսեց տարբերվել այն մարդուց, որին բոլորը միշտ ճանաչել էին։
Ա.Պ.-ն այս պատմությունն այլ կերպ է ներկայացնում։ Նա հիշում է, որ իր կյանքի այդ շրջանում իրեն մեկուսացած, հիասթափված և չհասկացված էր զգում։ Նրա խոսքով՝ նոր ընկերները նրան առաջարկեցին մի կարևոր բան՝ հարգանք, ընդունված լինելու և պատկանելիության զգացում։ Երկար ժամանակ անց առաջին անգամ նա զգաց, որ իրեն նկատում և աջակցում են։ Հենց այդ ժամանակահատվածում էլ նա սկսեց օգտագործել հոգեներգործուն նյութեր։ Ըստ Ա.Պ.-ի՝ դրանք նրան օգնում էին իրեն ավելի ուժեղ ու ինքնավստահ զգալ և լռեցնել այն զայրույթն ու հուզական խառնաշփոթը, որն արդեն երկար ժամանակ դժվարությամբ էր հաղթահարում։ Այն, ինչ սկզբում ընկերների հետ հանդիպումների կամ աշխատանքային վատ օրվանից հետո երբեմն օգտագործում էր, կամաց-կամաց դարձավ նրա առօրյայի մի մասը։ Ժամանակի ընթացքում Ա.Պ.-ն սկսեց ապավինել այդ նյութերին՝ իրեն ավելի ուժեղ զգալու, հույզերը կառավարելու և իր առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու նպատակով։ Այս աճող կախվածությունն ազդում էր նրա տրամադրության, որոշումների և կյանքի ընթացքի վրա՝ տանելով նրան մի ճանապարհով, որն ավարտվեց ոչ այնպես, ինչպես նա պատկերացնում էր։ Ի վերջո, նա դատապարտվեց և հայտնվեց պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո․ այս հանգամանքը դարձավ ինչպես նրա կյանքի ամենածանր շրջանը, այնպես էլ իր կյանքը վերսկսելու հնարավորության սկիզբը։
«Մինչև ծրագրերին մասնակցելը ես չգիտեի, թե ինչպես վարվել իմ հույզերի հետ, հատկապես երբ բախվում էի անարդարության և անհարգալից վերաբերմունքի։ Ես չէի գիտակցում, թե որքան կարևոր է դա։ Տնային կալանքը ծանր ու ճնշող էր թվում, բայց ամեն ինչ փոխվեց, երբ սկսեցի աջակցություն ստանալ Պրոբացիայի ծառայությունից։» — Ա.Պ., ծրագրի շահառու
Իրական վերափոխման համար ապահով միջավայր
Եվրոպայի խորհրդի «Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացում» և դրան նախորդած «Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացում» ծրագրերի շրջանակում Հայաստանի Հանրապետության պրոբացիայի ծառայությանն աջակցություն է ցուցաբերվել՝ Ա.Պ.-ի նման անձանց համար վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով։ Այս ծրագրերը հիմնված են այն մոտեցման վրա, որ մարդը կարող է ստանալ երկրորդ հնարավորություն։ Ա.Պ.-ն ընդգրկվեց մասնագիտացված հոգեկրթական և թերապևտիկ միջամտության՝ «Թմրամիջոցների օգտագործման վերականգնողական» և «Բռնի վարքի նվազեցման» ծրագրերում։
Այս համապարփակ ծրագրերը Ա.Պ.-ի նման իրավախախտում կատարած անձանց առաջարկում են համակարգված, բայց առաջին հերթին ոչ դատապարտող և անվտանգ միջավայր, որը հանգեցնում է ինչպես մտածելակերպի, այնպես էլ վարքագծի դրական փոփոխությունների։ Թիրախավորված անհատական խորհրդատվությունների և պարբերական խմբային հանդիպումների միջոցով ծրագրերն իրականացվում են արհեստավարժ հոգեբանների ու պրոբացիայի ծառայության աշխատակիցների կողմից, որոնք անցել են դասընթացավարների վերապատրաստում։ Այն տեսական գիտելիքները համադրում է գործնական գործիքակազմի հետ՝ հուզական ինքնակարգավորումից և սթրեսի կառավարման մեթոդներից մինչև հատուկ շնչառական վարժություններ։
«Ես հատկապես գնահատում էի մարդկային վերաբերմունքը։ Ես գտնվում էի իմ ամենածանր վիճակում, բայց ինձ երբեք չէին դատում, և յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ես ինձ հանգիստ էի զգում։ Ես շատ բան սովորեցի իմ մասին և, ամենակարևորը, կարիք ունեի ձեռք բերել գործնական հմտություններ անցյալիս սթափ հայացքով առերեսվելու և կյանքի նոր փուլ մտնելու համար։»- Ա.Պ., ծրագրի շահառու
Այսօր Ա.Պ.-ն խուսափում է կոնֆլիկտներից, իսկ դրանց առերեսվելու դեպքում արձագանքում է ավելի մեծ հուզական հավասարակշռությամբ և ինքնագիտակցությամբ։ Նա սովորել է արդյունավետ հաղթահարման բավարար մեխանիզմներ և ձեռք է բերել սթրեսակայունության ավելի բարձր մակարդակ։ Նա վերագտել է իր հումորի զգացումը, որն օգնում է ավելի լուսավոր ապագա փնտրել։ Այժմ նրա առաջնահերթություններն են ընտանիք կազմելը, անձնական զարգացումն առաջ մղելը և հասարակության մեջ կառուցողական ներդրում ունենալը։ Ա.Պ.-ին դեռ երկար ճանապարհ է սպասվում, սակայն նա ցանկանում է կյանքում օգտվել երկրորդ հնարավորությունից, շարունակել զարգանալ և սովորել։ Նա մեծ սիրով կցանկանար մասնակցել շարունակական ծրագրերի։
Հաջողության հիմքում․ պրոբացիայի ծառայության աշխատակցի տեսակետը
Ա.Պ.-ի նման շահառուների հաջողությունը ցույց է տալիս ժամանակակից, ապացուցահեն պրոբացիայի աշխատանքի մեթոդների կարևոր և խորքային նշանակությունը։ Միջամտության արդյունքների մասին խոսելիս՝ պրոբացիայի ծառայության վերահսկող աշխատակիցն ընդգծեց նոր շրջանակի համակարգվածության ազդեցությունը։
«Համակարգված, կրկնվող հոգեկրթական և թերապևտիկ շրջանակը կտրուկ բարձրացնում է արդյունավետությունը, եթե համեմատենք ավանդական և չհամակարգված հանդիպումների հետ։ Այն շահառուներին տրամադրում է և´ տեսականորեն ըմբռնում, և´ կախվածությունը հաղթահարելու գործնական գործիքակազմ։ Խմբերի ճիշտ չափի, հանդիպումների օպտիմալ հաճախականության և արտաքին մասնագետների կողմից ոչ դատապարտող ուղղորդման համադրությունն իրական վերականգնման առանցքային պայմանն է։» — Պրոբացիայի ծառայության աշխատակից և դասընթացավար
եռանկարներ․ կայուն վերականգնումը Հայաստանում
Ա.Պ.-ի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է մարդակենտրոն արդարադատությունը փոխել մարդկանց կյանքը՝ նրանց տրամադրելով դրական փոփոխություններ իրականացնելու, հասարակության մեջ պատասխանատու և օրինապահ անդամներ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և ուժ։ Պատժից դեպի իմաստալից վերականգնում շեշտադրմամբ շրջադարձի միջոցով Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագիրը շարունակում է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ ապացուցահեն ծրագրերի իրականացման, Պրոբացիայի ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման և անձանց իրական երկրորդ հնարավորություն ընձեռելու գործում։
«Ես խորապես շնորհակալ եմ։ Նմանատիպ դժվարությունների առջև կանգնած յուրաքանչյուր մարդու խորհուրդ կտայի երբեք չտրվել հուսահատությանը և դադարել ինքն իրեն մեղադրել։ Ես նրանց կասեի՝ փնտրեք և վստահեք առաջարկվող աջակցությանը։ Այժմ ես ամբողջովին այլ մարդ եմ։»— Ա.Պ., ծրագրի շահառու
*Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակում
Հավելյան տեղեկությունների համար հետևյալ հղմամբ՝ Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը - Եվրոպայի խորհրդի գրասենյակ Երևանում










2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունը միացավ Եվրոպայի խորհրդին որպես նրա լիիրավ անդամ պետություն։