Հայաստանը կարևոր քայլ է կատարել խոցելի իրավախախտների վերականգնողական աշխատանքների ամրապնդման գործում՝ իրականացնելով թմրամիջոցների օգտագործման նոր ծրագիր, որը հաջողությամբ փորձարկվել է 2025 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր ամիս ընկած ժամանակահատվածում։
Նախատեսված լինելով որպես կոգնիտիվ-վարքաբանական, մոտիվացիոն և վերականգնողական կողմնորոշումով խմբային աշխատանք՝ ծրագիրը փորձարկվել է Երևանի Պրոբացիայի ծառայության գրասենյակում երկու խմբով և Սևան, Վարդաշեն, իսկ ավելի ուշ՝ նաև Արմավիրի քրեակատարողական հիմնարկներում մեկական խմբերով։ Ընդհանուր առմամբ 27 մասնակից ավարտել է 10 հանդիպումից բաղկացած դասընթացը, որի նպատակն էր օգնել կախվածության խնդիրներ ունեցող անձանց ավելի լավ հասկանալ մտքերի, հույզերի և գործողությունների միջև կապերը՝ միաժամանակ ամրապնդելով դրական փոփոխությունների մոտիվացիան։
Ծրագիրն իրականացրեցին Պրոբացիայի ծառայության, Քրեակատարողական ծառայության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վեց հոգեբաններ, որոնք անցել էին 2025 թվականի ապրիլին դասընաթացավարների մասնագիտացված վերապատրաստումը: Փորձնական ծրագրի ողջ ընթացքում նրանք շարունակական հսկողություն և փորձագիտական ուղղորդում են ստացել Եվրոպայի խորհրդի ծրագրի կողմից՝ ապահովելով ծրագրի սահուն ընթացքը և խնդիրների ժամանակին լուծումը: Մասնակիցները բարձր գնահատեցին խմբային աշխատանքի գործնական արժեքը և դասընթացավարների կողմից ստեղծված աջակցող մթնոլորտը:
Այս փորձնական ծրագրի արդյունքները կարևոր են ծրագրի համընդհանուր կիրառման մեկնարկի համար՝ ապացուցելով դրա վավերականությունը, մշակութային արդիականությունը և ինստիտուցիոնալացման մեծ ներուժը: Այս քայլը ներկայացնում է նշանակալի տեղաշարժ դեպի մարդակենտրոն, ապացույցների վրա հիմնված ռեաբիլիտացիա, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող են հոգեբանական մոտեցումները արդյունավետորեն լրացնել ավանդական պատժիչ շրջանակները:
Թմրամիջոցների օգտագործման ծրագիրը մշակվել է 2024 թվականին և իրականացվում է «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով և ամրապնդում է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության համատեղ հանձնառությունը՝ պրոբացիայում և քրեակատարողական հաստատություններում ժամանակակից և արդյունավետ վերականգնողական պրակտիկայի հասնելու համար։
