Զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների քննությամբ զբաղվող հայ դատավորները, դատախազները և քննիչներն ամրապնդեցին իրենց գիտելիքները կյանքի իրավունքին, վատ վերաբերմունքի արգելմանը և գործի արդար քննությանն առնչվող Եվրոպայի խորհրդի չափանիշների վերաբերյալ:
Երկօրյա դասընթացի ընթացքում 40 իրավաբան մասնագետներ բարելավեցին իրենց գիտելիքները միջազգային և ներպետական իրավական չափանիշների վերաբերյալ՝ կապված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված այն հանցագործությունների արդյունավետ քննության հետ, որոնք ներառում են զինված ուժերում ոչ մարտական իրավիճակներում մահվան, բուլինգի, բռնի արարողությունների և վատ վերաբերմունքի այլ դեպքեր:
Մանրամասն քննարկվեցին նաև քրեական վարույթներում կարգապահական վարույթի նյութերը որպես ապացույց օգտագործելու ձևերը։
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների համաոլորտային մարտահրավերների արձագանքման բաժնի ղեկավար Տկն․ Անաստասիա Սալյուկն ընդգծեց թեմայի կարևորությունը և ավելացրեց, որ զինված ուժերում ծառայող տղամարդիկ և կանայք արժանի են իրենց իրավունքների նկատմամբ առավելագույն հարգանքի և պաշտպանության։
Միջազգային-իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցները ներկայացրին Հայաստանի դեմ ՄԻԵԴ վերաբերելի վճիռների կատարման վիճակը, ինչպես նաև անդրադարձան պետությանը կոմունիկացված և Դատարանում քննվող գործերին:
Դասընթացի ընթացքում մասնակիցները բարելավեցին իրենց գիտելիքները Եվրոպական կոնվենցիայի իրավական պահանջների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային գործերի վերաբերյալ, որոնք առնչվում են բանակում ոչ մարտական իրավիճակում մահվան, խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեպքերի արդյունավետ քննությանը։
Բացի դրանից, փորձագետներն ու մասնակիցներն անդրադարձան ներպետական իրավակարգավորումներին և նշված թեմաների վերաբերյալ նախադեպային իրավունքին, ինչպես նաև ապացույցների թույլատրելիության համապատասխան ասպեկտներին:
Փոխմասնակցային դասախոսությունները զուգակցվեցին գործնական վարժություններով և խմբային աշխատանքներով։
Վերապատրաստումները կազմակերպվեցին Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի ներքո իրականացվող՝ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում։


