Եվրոպայի խորհուրդը, համագործակցելով հայ գործընկերների հետ, հաջողությամբ ամփոփեց «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագիրը։ 2023 թվականին մեկնարկած այս նախաձեռնությունը նպատակ ուներ ուժեղացնել մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի զինված ուժերում՝ անդրադառնալով այնպիսի կարևոր խնդիրների, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, կանոնակարգման բարելավումը և զինվորական անձնակազմի շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների ընդլայնումը:
Փակման միջոցառումը, որը տեղի ունեցավ 2025թվ․ փետրվարի 18-ին, համախմբեց ավելի քան 80 հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, դատական համակարգի և զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Միջոցառումը ծառայեց որպես հարթակ՝ ընդգծելու ծրագրի նշանակալի ձեռքբերումները և նախանշելու մարդու իրավունքները Հայաստանի զինված ուժերի ուշադրության կենտրոնում ապահովող քայլերը։
Ծրագրի իրականացման երկու տարիների ընթացքում ուսումնասիրվեցին մարդու իրավունքների կարևոր խնդիրներ, ինչպիսիք են՝ բանակում ոչ մարտական մահերը, հոգեկան առողջությունը զինված ուժերում և դրա անտեսման լուրջ հետևանքները։ Նախագիծն աշխատեց կանանց բանակում ընդգրկելու և նրանց համար անվտանգ և արդար միջավայր ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև ապահովեց Զինված ուժերում մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ իրազեկության և կարողությունների զարգացման ընդլայնում:
Ծրագիրը նաև ուսումնասիրեց այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ բանակում վատ վերաբերմունքի դեպքերի հետաքննությունը, հանցավոր ենթամշակույթի վնասակար երևույթը և մարդու իրավունքների խախտումների մշտադիտարկումն ու դրանց նկատմամբ արձագանքը: Ծրագրում առանցքային են եղել նաև Հայաստանի դեմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարմանն անմիջականորեն առնչվող հարցերը:
Փակման միջոցառման քննարկումներն կարևորեցին ոչ միայն ծրագրի ձեռքբերումները, այլ նաև ուսումնասիրեցին հնարավորություններ Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդման ուղղությամբ։
Մասնակիցներն ընդգծեցին շարունակական համագործակցության, կարողությունների զարգացման և քաղաքականության մշակման միջոցով ձեռք բերված առաջընթացի պահպանման կարևորությունը: Այս ջանքերը կապահովեն, որ մարդու իրավունքները լինեն առաջնահերթություն Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի հետագա բարեփոխման և զարգացման աշխատանքներում։
Միջոցառումը կազմակերպվեց Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի ներքո իրականացվող՝ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում։

