2025 թվականի հունվարի 21-ից 23-ը զինված ուժերում մարդու իրավունքների հարցերում ներգրավված հայ մասնագետների պատվիրակությունը՝ բաղկացած Պաշտպանության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Դատախազության, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներից, մասնակցեց Նիդերլանդների Թագավորությունում կազմակերպված ճանաչողական այցին։
Այցի նպատակն էր ամրապնդել համագործակցությունը զինված ուժերում մարդու իրավունքների և իրավական հարցերի շուրջ: Այցի հիմնական հանդիպումները ներառեցին քննարկումներ Նիդերլանդների Պաշտպանության նախարարությունում՝ քաղաքացիական անձանց նկատմամբ վնասի նվազեցման և քաղաքացիական անձանց պաշտպանության քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ՆԱՏՕ-ի կողմից հավատարմագրված Գերազանցության կենտրոնի ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ կրթության և ուսուցման բարելավման ուղիների ուսումնասիրման նպատակով:
Նշանակալից փոխանակման հնարավորությունը ներառեց հանդիպումներ Նիդերլանդների Վետերանների ինստիտուտի, Ռազմական և Ազգային Մարդու իրավուքների պաշտպանների գրասենյակների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում հայկական պատվիրակությունը անդրադարձավ զինված ուժերում մարդու իրավունքների մարտահրավերներին:
Ճանաչողական այցի մեկ այլ կարևոր շեշտադրում էր հոգեկան առողջության պահպանման և կանանց պաշտպանության վերաբերյալ քննարկումը՝ ներառյալ ՄԱԿ-ի կանանց ներկայացուցչի հետ հանդիպումը: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ քննարկումը ամրապնդեց համագործակցությունը ռազմական համատեքստում մարդու իրավունքների չափանիշների կիրառման ուղղությամբ:
Ճանաչողական այցը եզրափակվեց իրավական համագործակցությամբ՝ ներառելով Ռազմական Դատարանի, Ռազմական Ոստիկանության և Զինվորական Դատախազության ներկայացուցիչների հետ հանդիպումներ: Այս քննարկումներն անդրադարձան զինված ուժերում քրեական արդարադատության խնդիրներին:
Ճանաչողական այցը կազմակերպվեց Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի ներքո իրականացվող՝ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում։

