Back Եվրոպայի խորհուրդը նպաստում է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը Եվրոպական սոցիալական խարտիայի միջոցով

Եվրոպայի խորհուրդը նպաստում է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը Եվրոպական սոցիալական խարտիայի միջոցով

 

Եվրոպայի խորհրդի Եվրոպական սոցիալական խարտիան, որը հիմք է հանդիսանում անդամ երկրներում սոցիալական և տնտեսական իրավունքների պաշտպանության համար, ներառում է երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված հատուկ դրույթներ, որոնք հատկապես առնչվում են փախստական և միգրանտ երեխաներին: Այն կարևոր գործիք է ապահովելու ամբողջ Եվրոպայում երեխաների իրավունքների պաշտպանությունն ու դրանց նկատմամբ հարգանքը: Երեխաների պաշտպանության մեխանիզմների ամրապնդումը և խոցելի երեխաների իրավունքների ապահովումը Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրի առաջնահերթություններից են: Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի վավերացումը Հայաստանի կողմից 2004 թվականին ընդգծում է նրա հանձնառությունը երեխաների բարեկեցության ապահովման գործում:

2025 թվականի մարտի 25-ին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը կազմակերպել էր փորձագիտական աշխատաժողով՝ ընդգծելով Խարտիայի և դրա դրույթների կարևոր դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության գործում։

Միջոցառումը, որին մասնակցում էին շուրջ 40 ազգային և միջազգային շահագրգիռ կողմեր, յուրատեսակ հարթակ հանդիսացավ ուսումնասիրելու Եվրոպական սոցիալական խարտիայի դերը երեխաների իրավունքների պաշտպանության գործում, վերանայելու երեխաների պաշտպանության ազգային օրենսդրական դաշտը, քննարկելու Հայաստանի համար մարտահրավերներն ու առաջընթացի հնարավորությունները: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց փախստական ​​և միգրանտ երեխաների իրավունքներին և նրանց պաշտպանության ապահովման մարտահրավերներին։

Հիմնական ելույթով հանդես եկավ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի նախագահ և Միացյալ Թագավորության Նոթինգհեմի համալսարանի մարդու իրավունքների միջազգային իրավունքի պրոֆեսոր Իֆա Նոլանը, ով ընդգծեց Եվրոպական սոցիալական խարտիայի նշանակությունը՝ որպես հասարակության մեջ սոցիալական արդարության և երեխաների բարեկեցության ապահովման հիմնարար գործիք:

Առկա մարտահրավերների հնարավոր լուծումների շուրջ կարծիքների փոխանակմամբ և ռազմավարական համագործակցության խթանմամբ՝ աշխատաժողովը հնարավորություն ստեղծեց քաղաքականություն մշակողների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների համար վերահաստատելու իրենց հանձնառությունը՝ Հայաստանում երեխաների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ։

Աշխատաժողովը կարևոր քայլ էր երեխաների պաշտպանության քաղաքականության ամրապնդման, միջազգային համագործակցության խորացման և այն լուծումների իրականացման ուղղությամբ, որոնք երաշխավորում են, որ Հայաստանում յուրաքանչյուր երեխա, մասնավորապես՝ փախստական և միգրանտ, ունենա ավելի ուժեղ իրավական պաշտպանություն և հասանելիություն հիմնական ծառայություններին:

Փորձագիտական քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝  «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում» և «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրերի  շրջանակներում, որոնք իրականացվում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում՝ միտված վերահաստատելու մարդու սոցիալական իրավունքների պաշտպանությանն ու երկրում խոցելի երեխաների պաշտպանությունն ապահովելու հանձնառությունը։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 25 ՄԱՐՏԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page