Back Կանայք՝ որպես հավասարազոր գործընկերներ արհեստական բանականության հեղափոխությունում. գենդերային հավասարությունը թվային դարաշրջանում

Կանայք՝ որպես հավասարազոր գործընկերներ արհեստական բանականության հեղափոխությունում. գենդերային հավասարությունը թվային դարաշրջանում

«Արհեստական բանականությունն ու թվային հեղափոխությունը պետք է բերեն արմատական փոփոխություն գենդերային հավասարության գործընթացում», - նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսենը Կանանց միջազգային օրվան ընդառաջ: «Միասին մենք կարող ենք կոտրել արգելքները՝ կառուցելու ապագա, որտեղ կանայք և աղջիկները կխթանեն թվային աշխարհը որպես առաջնորդներ ու նորարարներ», - հավելում է գլխավոր քարտուղարը՝ կոչ անելով արհեստական բանականության և թվային աշխարհում գենդերային հավասարության ապահովմանը:

Չնայած առաջընթացին, կանանց թիվը շարունակում է լինել սահմանափակ կարևորագույն թվային ոլորտներում և որոշումներ կայացնողների դերերում: Ներկայումս աշխարհում արհեստական բանականության մասնագետների միայն 22%-ն են կանայք (Համաշխարհային տնտեսական ֆորում, 2022թ․): Ըստ վերջին տվյալների Եվրոպայում առկա է հետազոտությունների և նորարարության ոլորտում գենդերային բաց. կանայք զբաղեցնում են գիտության և ինժեներիայի ոլորտում բարձրագույն ակադեմիական պաշտոնների ընդամենը 20%-ը (ԵՄ զեկույց «She Figures», 2022թ.): Կանանց հավասար ներգրավվածությունը թվային ոլորտում կարևոր է, որպեսզի տեխնոլոգիական առաջընթացը նպաստի հասարակության զարգացմանը: Ապահովելով կանանց լիակատար ներգրավումը, մենք կարող ենք ապահովել ավելի ներառական, նորարարական և ազդեցիկ առաջընթաց բոլորի համար:

Արհեստական բանականությունը ունի գենդերային հավասարության առաջխաղացման ներուժ՝ բացահայտելով և վերհանելով խտրական մոտեցումները և կարևորելով կանանց ներդրումը որոշումների կայացման հարցում: Եթե բանականությունը մշակվի և կիրառվի պատասխանատու կերպով, այն կարող է փոխակերպիչ դեր ունենալ գենդերային բռնության ցիկլը կոտրելու գործում: Հակառակ պարագայում, վտանգ կա, որ արհեստական բանականությունը և հարակից տեխնոլոգիաները կչարաշահվեն՝ կրկնապատկելով վնասը, ամրապնդելով գենդերային կարծրատիպերը և արմատավորելով հենց այն կողմնակալությունները, որոնք մենք ձգտում ենք վերացնել:

Ի պատասխան այս ռիսկերի, Եվրոպայի խորհուրդը կմշակի հանձնարարական՝ հավասարության և արհեստական բանականության վերաբերյալ՝ առաջարկելով արհեստական բանականության համակարգերում հավասարության և խտրականության բացառման սկզբունքները ինտեգրելու վերաբերյալ հատուկ ուղեցույց: Վերջինիս նպատակն է ապահովել արհեստական բանականության կիրառմամբ գենդերային հավասարության խթանումը և ամրապնդումը, և թույլ չտալ խտրականության արմատացումը կամ կանանց իրավունքների ոտնահարումը:

Կանանց և աղջիկների նկատմամբ տեխնոլոգիաների կիրառմամբ բռնությունը մնում է ահռելի մարտահրավեր: Նման բռնության վնասակար հետևանքները առաջացնում են ոչ միայն անձնական անվտանգության խնդիրներ, այլև խոչընդոտներ քաղաքական և հասարակական կյանքին կանանց և աղջիկների մասնակցության հարցում: Այս նպատակով՝ Եվրոպայի խորհուրդը նախատեսում է մշակել հանձնարարական՝ ուղղված կանանց և աղջիկների նկատմամբ տեխնոլոգիաների կիրառմամբ բռնությանը՝ ընդգծելով հաշվետվողականության ուժեղացման, զոհերի աջակցության ընդլայնման և արհեստական բանականության կիրառմամբ սպառնալիքներից պաշտպանվելու անհրաժեշտությունը, ինչպիսիք են «դիփֆեյքերը» և ալգորիթմային հետապնդումները և ոտնձգությունները:

Գենդերային հավասարությունը և կանանց և աղջիկների իրավունքների ամրապնդումը Եվրոպայի խորհրդի գործունեության հիմքում են և առանցքային են Եվրոպայի խորհրդի արհեստական բանականության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին կոնվենցիայի տեսանկունից՝ որպես ոլորտային առաջին իրավապարտադրող միջազգային պայմանագիր:

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ, ՍՏՐԱՍԲՈՒՐԳ 5 մարտի, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page