Հայաստանում անցկացվեց ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի վերաբերյալ միջգերատեսչական հանդիպում, որն անդրադարձ կատարեց ռեաբիլիտացման ծրագրի կարևորությանը բռնության կանխարգելման և բռնության ենթրկված անձանց համար երկարաժամկետ ազդեցության և անվտանգության ապահովման հարցում: Արդյունավետ ռեաբիլիտացման ծրագրերը միտված են վարքային փոփոխություններին, պատասխանատվություն ստանձմանը և բռնության դեպքերի ու դրանց կրկնության նվազեցմանը՝ դարձնելով այն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման մարտավարության կարևորագույն բաղադրիչ:
Վերոնշյալը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիայի 16-րդ հոդվածի առանցքային ուղղությունը՝ պետություններին կոչ անելով ստեղծել և աջակցել ծրագրերին, որոնք նպատակ ունեն կանխարգելել բռնությունը և խթանել վարքային փոփոխություններ բռնություն գործադրած անձանց մոտ: Հայաստանում արդեն ձեռնարկվում են քայլեր այս ուղղությամբ, և վերջերս ընդունված կառավարության որոշումը առաջընթաց գրանցեց՝ ստեղծելով հիմք ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ու վերաինտեգրման ազգային ծրագրի մշակման և ներդրման համար:
Քննարկմանը մասնակցեցին պետական մարմինների և կառույցների, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ներքին գործերի նախարարության, Հայաստանի ոստիկանության, Արդարադատության նախարարության, Պրոբացիայի ծառայության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ներգրավված են կանանց աջակցման ծրագրերում կամ որոնք հետագայում անմիջականորեն կարող են ընդգրկվել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերի իրականացման գործում: Քննարկումը կարևոր հարթակ էր մտքերի փոխանակման և միջազգային չափանիշների ու լավագույն փորձի ուսումնասիրության համար:
Ավելին, քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց այլ երկրներից հաջողված մոդելներին, առաջարկելով լուծումներ, թե ինչպես Հայաստանը կարող է մշակել արդյունավետ ռեաբիլիտացման ծրագիր՝ հաշվի առնելով երկրի ազգային համատեքստը:
Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Ադելինա Տոպլիցա-Բադիվուկուն ներկայացրեց միջազգային լավագույն փորձն ու հաջողված միջամտության մոդելները՝ շեշտելով, որ իրական միջամտությունը կայանում է մտածողության փոփոխության մեջ, քանի որ կայուն վարքագծային փոփոխությունն է ապահովում բռնության կրկնության կանխարգելումը։
Իր ողջույնի խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշեց. «Բռնության ցիկլը կոտրելու համար անհրաժեշտ է ապահովել ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացումը, ինչը պահանջում է միասնական ջանքեր։ Մենք բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի աջակցությունը այս գործընթացում։ Այս քննարկումը կարևոր քայլ է ռեաբիլիտացման արդյունավետ ծրագրերի ուսումնասիրության ուղղությամբ։ Մեր նպատակն է ապահովել այս ծառայության տրամադրումը նախարարության կողմից և գիտակցում ենք մարտահրավերների առկայությունը, սակայն ճիշտ մոտեցման և համագործակցության պարագայում հնարավոր է հասնել լավ արդյունքի»։
Քննարկման արդյունքներն ու առաջարկությունները կօգնեն պետությանը մշակել համալիր ռեաբիլիտացման ծրագիր, որը կհամապատասխանի Հայաստանի իրավական և սոցիալական համատեքստին՝ համաձայն Ստամբուլի կոնվենցիայի դրույթների և միջազգային չափանիշների:
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ ի նպաստ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ-ի ծրագրի։
