Հայաստանի տարբեր մարզերում փախստական և տեղացի կանայք, որոնք փորձում են վերակառուցել իրենց կյանքը, այսօր կատարում են վճռական քայլեր դեպի կայունություն, եկամուտ և արժանապատվություն։ Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացված դրամաշնորհային նախաձեռնությունների շնորհիվ 158 կին և աղջիկ ստացան հնարավորություն սովորելու, ապահով զգալու և նորից կառուցելու իրենց ապագան։ Այս աջակցությունը նպաստեց նրանց ինքնավստահության վերականգնմանը և ապագայի հանդեպ սպասելիքների բարձրացմանը։
Դրամաշնորհային երեք նախաձեռնություններից յուրաքանչյուրն արձագանքում էր կանանց նորից սկսելու ճանապարհին հանդիպող տարբեր մարտահրավերներին՝ գործնական հմտությունների զարգացումից և աշխատաշուկայի պահանջներին պատրաստվածությունից մինչև հոգեբանական դիմակայունության ամրապնդում և իրավական պաշտպանություն։
Տավուշի մարզում «Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը աջակցեց 23 փախստական և տեղացի կանանց՝ ապահովելով նրանց մասնագիտական գործիքներով և համապատասխան ուսուցմամբ։ Կանայք ստացան կարի հավաքածուներ, հրուշակագործական սարքավորումներ, վարսահարդարման և մատնահարդարման պարագաներ, ինչպես նաև փոքրածավալ սննդի արտադրության համար անհրաժեշտ նյութեր։ Յուրաքանչյուր փաթեթ ընտրվել էր՝ հաշվի առնելով տվյալ համայնքների շուկայի պահանջները։ Այս աջակցությունը կանանց օգնեց վերադառնալ իրենց մասնագիտություններին և սկսել ձևավորել նոր կենսական ուղիներ։ Թվային հմտությունների դասընթացները լրացուցիչ հնարավորություններ ստեղծեցին՝ սովորեցնելով, թե ինչպես առցանց ներկայացնել ծառայությունները և ներգրավել հաճախորդներ։
Շատերի համար այս փոփոխությունը իսկապես կյանք փոխող էր։ Դիլիջանից 41-ամյա մի փախստական կին նշեց. «Այս ծրագիրը մեծ աջակցություն էր ինձ համար… հիմա կարող եմ եկամուտ ստանալ և հոգալ ընտանիքիս կարիքները»։ Մեկ այլ մասնակից ընդգծեց նախաձեռնության ազդեցությունը ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական մակարդակում. «Դուք օգնեցիք ինձ նորից օգտակար զգալ… կարող եմ գումար վաստակել, վճարել կոմունալները և նույնիսկ ծածկել մեր վարձակալության կեսը»։
Նախաձեռնությունը, սակայն, չէր սահմանափակվում միայն եկամտի ստեղծմամբ։ Այն անդրադարձավ նաև կանանց խոցելիության ավելի խորքային պատճառներին։ Տավուշի մարզի տարբեր համայնքներում անցկացված իրազեկման հանդիպումներին մասնակցեցին 70 կին՝ ստեղծելով վստահելի և բաց հարթակներ աշխատանքային իրավունքների, ինչպես նաև ընտանեկան բռնությունից պաշտպանության մեխանիզմների քննարկման համար։
Միաժամանակ Երևանում «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «She Thrives» ծրագրի շրջանակում 40 կին աջակցություն ստացավ աշխատաշուկա մուտք գործելու կամ սեփական բիզնես հիմնելու համար։ Ձեռնարկատիրության և զբաղվածության բութքեմփերը կանանց օգնեցին ձևակերպել բիզնես գաղափարներ, մշակել բիզնես պլաններ, կառավարել ֆինանսները, բարելավել ինքնակենսագրականները և պատրաստվել աշխատանքային հարցազրույցների։ Անհատական մենթորների աջակցությունը, որոնք հավատում էին յուրաքանչյուր կնոջ ներուժին, առանցքային դեր ունեցավ նրանց առաջընթացում։ Տրավմայի հաղթահարման մոդուլը նպաստեց ներքին հավասարակշռության վերականգնմանը և վստահ առաջ շարժվելուն։
«Ամենամեծ ձեռքբերումը նպատակներիս հստակեցումն էր, նոր մարդկանց հետ ծանոթանալը և գիտակցումը, որ մենակ չեմ», — այսպես է ծրագրի էությունը նկարագրել մասնակիցներից մեկը։
Երրորդ նախաձեռնությունը՝ «Սլացք»-ը, որն իրականացվել է «Հաբ Արցախ» հասարակական կազմակերպության կողմից, առաջարկեց թիրախավորված մոտեցում՝ կենտրոնանալով հաշվապահության ոլորտում պահանջված հմտությունների զարգացման վրա։ Ծրագրին մասնակցած 25 փախստական կանայք երկու ինտենսիվ ամիսների ընթացքում ուսումնասիրեցին հաշվապահության հիմունքները, հարկային կանոնակարգերը և էլեկտրոնային հաշվետվությունները՝ ձևավորելով մասնագիտական պորտֆոլիո գործատուներին ներկայացնելու համար։ Ծրագրում ներառված հոգեկան առողջության աջակցության բաղադրիչը նպաստեց կանանց ինքնավստահության և կենտրոնացվածության պահպանմանը ողջ ուսումնառության ընթացքում։
Արդյունքները խոսուն էին։ 33-ամյա մի փախստական շրջանավարտ նշեց. «Հիմա ինձ ավելի ինքնավստահ եմ զգում և առաջ եմ շարժվում։ Գիտակցել եմ, որ պետք է փոքր, բայց հաստատուն քայլերով մոտենամ իմ նպատակին»։
Այս երեք նախաձեռնությունների շրջանակում կանայք ոչ միայն ձեռք բերեցին նոր մասնագիտական հմտություններ, այլև խորացրին իրենց գիտելիքները աշխատանքային իրավունքների և բռնությունից պաշտպանության հասանելի մեխանիզմների վերաբերյալ։ Նրանք սովորեցին ճանաչել որևէ անարդար վերաբերմունք աշխատաշուկա վերադառնալիս և ուժ գտան պահանջելու արդար պայմաններ ու անվտանգություն թե՛ աշխատավայրում, թե՛ ընտանիքում։
Այս նախաձեռնությունները միասին ձևավորեցին իրական և կայուն ուղիներ դեպի զբաղվածություն և ձեռնարկատիրություն՝ օգնելով կանանց վերակառուցել իրենց կյանքը իրենց ներուժով, դիմակայունությամբ և ապագայի հանդեպ նորացված հավատով։
