Back Կանանց դեմ թվային բռնությունը Հայաստանում․ ինչպե՞ս պայքարել եւ որո՞նք են երկրի մարտահրավերները

Կանանց դեմ թվային բռնությունը Հայաստանում․ ինչպե՞ս պայքարել եւ որո՞նք են երկրի մարտահրավերները

Թվային հարթակում և տեխնոլոգիաների կիրառմամբ կանանց դեմ գենդերային բռնությունը աճող խնդիր է, ինչը ընդգծում է ուժեղացված իրավական պաշտպանությունների, աջակցության համակարգերի և իրազեկման նախաձեռնությունների անհրաժեշտությունը՝ նմանատիպ բռնության կանխարգելման և դրա դեմ արդյունավետ պայքարի համար։ Եվրոպայի խորհուրդը անդրադառնում է կանանց դեմ թվային բռնությանը Ստամբուլի կոնվենցիայի և ԳՐԵՎԻՈ-ի թիվ 1 Ընդհանուր հանձնարարականի շրջանակներում, որը պետություններին տրամադրում է ուղեցույցներ տեխնոլոգիաների կիրառմամբ գենդերային բռնության դեմ պայքարի վերաբերյալ՝ համաձայն կոնվենցիայի դրույթների։

2025 թվականի մարտի 11-ին Երևանում կայացավ միջոցառում՝ ազգային գործընկերների, այդ թվում՝ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը նվիրված էր «Հայաստանի Հանրապետությունում կանանց նկատմամբ բռնության թվային հարթությունը» զեկույցի արդյունքների ու առաջարկությունների քննարկմանը։ Զեկույցն ուսումնասիրում է Հայաստանում կանանց դեմ թվային բռնության դրսևորումները, ներառյալ՝ կիբերհետապնդումը, առցանց ոտնձգությունները և անձնական բնույթի պատկերների առանց համաձայնության տարածումը, ինչպես նաև բացահայտում է Հայաստանի իրավական և աջակցության համակարգերի թերությունները։

Բացի այդ, զեկույցը ներառում է առաջարկությունների փաթեթ, որն ուղղված է իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը և իրազեկման նախաձեռնություններին՝ Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ ավելի արդյունավետ պայքար մղելու համար։

Զեկույցի ներկայացումից հետո մասնակիցները ներգրավվեցին կանանց դեմ թվային բռնությանը նվիրված վերապատրաստման դասընթացում։ Վերջինիս ընթացքում ներկայացվեց միջազգային լավագույն փորձը, ուսումնասիրվեցին մի շարք հաջողված արշավներ և վեր հանվեցին հիմնական խնդիրները։ Մասնակիցները նաև նախանշեցին հետագա քայլերը՝ Հայաստանում տեխնոլոգիաների կիրառմամբ կանանց դեմ բռնության կանխարգելման և պաշտպանության արդյունավետ իրականացման ուղղությամբ։

Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչը, ով մասնագիտացած է կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարում, կարևորեց այս ուսումնասիրությունը՝ նշելով․ «Այս ուսումնասիրությունը բացահայտում է թվային բռնության դեմ պայքարի բացերն ու մարտահրավերները, ինչպես նաև ներկայացնում է գործնական առաջարկներ։ Դեռևս մեծ աշխատանք ունենք կատարելու, հատկապես՝ օրենսդրական բարեփոխումների և տեխնիկական կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչը պահանջում է համակարգված և լայնածավալ միջգերատեսչական համագործակցություն»։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները մատնանշեցին այն մարտահրավերները, որոնց բախվում են ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցություն տրամադրելիս, երբ այն զուգակցված է թվային բռնությամբ։ «Այս ուսումնասիրությունը կարևոր քայլ է բացերի վերհանման և ավելի ուժեղ իրավական ու ինստիտուցիոնալ մեխանիզմներ մշակելու համար»։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում՝ նպատակ ունենալով շարունակական աջակցություն տրամադրել Հայաստանին՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում և գենդերային հավասարության խթանման գործընթացում։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 11 ՄԱՐՏԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page