Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, իրականացնելով դատական ակտերի հարկադիր կատարումը, առանցքային դեր ունի ընտանեկան բռնության կանխարգելման գործում՝ հատկապես երեխաների խնամակալության և տեսակցությունների կազմակերպման շրջանակում։ Ծառայողները հաճախ ունենում են անմիջական շփում ընտանիքների հետ, ինչը հնարավորություն է տալիս նկատելու ընտանեկան բռնության հնարավոր նշանները։ Այդպիսի իրավիճակներում ծառայողները պարտավոր են արձանագրել կասկածները և պատշաճ կերպով ուղորդել դեպքերը համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ ոստիկանությանը՝ հետագա գնահատման և միջամտության նպատակով։
Հաշվի առնելով այս պատասխանատու առաքելությունը՝ մայիսի 16-17-ը հարկադիր կատարումն ապահովող ծառայության 20 ծառայող մասնակցեց երկօրյա վերապատրաստման դասընթացի, որի նպատակն էր խորացնել նրանց գիտելիքները ընտանեկան բռնության, դրա ձևերի, հատկանիշների, ինչպես նաև կանխարգելման և արձագանքման մեխանիզմների վերաբերյալ։ Վերապատրաստումը հիմնված էր Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի» (Ստամբուլի կոնվենցիա) դրույթների վրա՝ հատուկ կարևորելով հարկադիր կատարման գործընթացում վերաբերելի չափորոշիչները։
Դասընթացի ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին աշխատանքում առաջացող գործնական խնդիրներն ու մարտահրավերները՝ ընդգծելով միջգերատեսչական համակողմանի համագործակցության անհրաժեշտությունը։ Քննարկումներ ծավալվեցին նաև կառույցների միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացման, երեխայի լավագույն շահի ապահովման, ինչպես նաև ընտանեկան բռնության դեպքերի պատշաճ փաստաթղթագրման և համապատասխան մարմիններին ուղղորդման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ։
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց․ «Ընտանեկան բռնության կանխարգելման և արձագանքման ոլորտում արդարադատության համակարգի բոլոր օղակների, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայողների, մասնագիտական կարողությունների կատարելագործումը՝ գենդերազգայուն և զոհակենտրոն մոտեցումների կիրառմամբ, նախարարության կարևոր ուղղություններից է։ Մենք վերահաստատում ենք այս ոլորտում շարունակական ներգրավվածության մեր հանձնառությունը և շնորհակալություն ենք հայտնում Եվրոպայի խորհրդին՝ արձագանքելու այս կարիքին՝ սերտ համագործակցության, միջազգային լավագույն փորձի փոխանակման և գործնական քննարկումների միջոցով»։
Վերապատրաստումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ-ի ծրագրի ներքո։
