Back Հայաստանյան պատվիրակությունը Գերմանիայում ուսումնասիրեց ընտանեկան բռնության կանխարգելման գործիքակազմը եւ փորձը

Հայաստանյան պատվիրակությունը Գերմանիայում ուսումնասիրեց ընտանեկան բռնության կանխարգելման գործիքակազմը եւ փորձը

Հունիսի 11-ից 13-ը հայաստանյան պատվիրակությունը, կազմված երեք պետական կառույցների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի, ներքին  գործերի, արդարադատության նախարարությունների և չորս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, այցելեց Բեռլին՝ Գերմանիա։

Այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ Գերմանիայի իրավական համակարգին, փորձառություններին, մարտահրավերներին և հաջողություններին, մասնավորապես՝ ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերի մշակման, ներդրման և իրականացման, ինչպես նաև այս ոլորտում տարբեր կառույցների համագործակցության մեխանիզմներին՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դեմ պայքարի շրջանակներում։

ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարին ընդունված որոշմամբ մեկնարկել է ազգային ծրագիր մշակման գործընթացը՝ ուղղված ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերին: Սա կարևոր քայլ է Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման և արձագանքման համակարգի ամրապնդման ուղղությամբ։

Ուսումնական այցը պատվիրակության մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալու արդյունավետ ծրագրերի մշակման փորձին՝ հիմնված միջազգային ստանդարտների, մասնավորապես Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի վրա։

Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Գերմանիայի քաղաքականության մշակման պատասխանատուների, ծառայություններ մատուցող կառույցների և մասնագետների հետ, ինչպես նաև այցելեց ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծառայություններ մատուցող մասնագիտացված կենտրոն։ Քննարկման առանցքում էին ռիսկերի գնահատման, ծրագրի կառուցվածքի և կարողությունների զարգացման հարցերը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ և պատվիրակության անդամ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծեց այցի կարևորությունը. «Այցի ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունն ու փորձը կարևոր կլինեն Հայաստանում՝ հաջորդ տարի հունվարից մեկնարկող ռեաբիլիտացման ծրագրերի ձևավորման ու ներդրման գործում։ Մեր նպատակն է, որ դրանք համահունչ լինեն միջազգային չափանիշներին և լինեն իրապես արդյունավետ»։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ապագայում ներգրավված են լինելու ընտանեկան բռնություն գործադրած անձանց հետ աշխատանքների իրականացման մեջ, կարևորեցին այցը՝ նշելով, որ այն արժեքավոր պատկերացում տվեց արդյունավետ միջամտության մոդելների և ոլորտային համագործակցության ուղղությունների մասին։

Ուսումնական ացն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

ԲԵՌԼԻՆ, ԳԵՐՄԱՆԻԱ 11-13 ՀՈՒՆԻՍԻ, 2025թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page