Back Հայաստանում մեկնարկել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության նոր ծրագիրը

Հայաստանում մեկնարկել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության նոր ծրագիրը

2023 թվականի ապրիլի 13-ին Երևանում Համակարգող խորհրդի նիստով պաշտոնապես մեկնարկեց ԵԽ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլը։ Ծրագիրը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջին և չափազանց հաջող համագործակցության ծրագրի տրամաբանական շարունակությունն է և իրականացվելու է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2023-2026թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում։ Ծրագրի հիմնական գործընկերներն են ՀՀ առողջապահության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, արդարադատության նախարարությունը, ԱԺ համապատասխան հանձնաժողովները, Առողջապահության ազգային ինստիտուտը։ 

Համակարգող խորհրդի նիստը համանախագահում էին Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության ստանդարտների սահմանման վարչության ղեկավար Նիկոլա-Դանիել Կանգեմին։ «Եվրոպայի խորհուրդը կշարունակի արդյունավետ համագործակցությունը՝ առողջապահության և կենսաբժշկության ոլորտում եվրոպական ստանդարտների սահմանման, էթիկական և կենսաբժշկական սկզբունքների վերաբերյալ առողջապահության ոլորտի մասնագետների հմտությունների ամրապնդման, էթիկայի հանձնաժողովների հետագա զարգացման և ընդլայնման ոլորտներում արդեն իսկ ձեռք բերված արդյունքների հիման վրա։»,- իր ելույթում նշեց Մարտինա Շմիդտը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես կարևորեց Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շարունակականությունը՝ կենսաբժշկության և առողջապահության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների խթանմանն ոլորտում։

Համակարգող խորհրդի նիստի ընթացքում Ծրագրային թիմը ներկայացրեց ծրագրի աշխատանքները, որոնք իրականացվելու են չորս հիմնական ուղղություններով՝ ազգային օրենսդրության համապատասխանեցումը կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական ստանդարտներին, առոջապահության ոլորտի մասնագետների և իրավաբանների կարողությունների զարգացում, էթիկայի հանձնաժողովի շարունակական կայացում և առողջապահության ոլորտում հանրային բանավեճի խթանում։ 

Համակարգող խորհրդի անդամները ներկայացրին դիտողություններ ու առաջարկություններ և հաստատեցին Ծրագրի ընդհանուր ու 8-ամսյա գործողությունների պլանը։ 
 

Երևան, Հայաստան 13 ապրիլի 2023 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page