2022 թվականի նոյեմբերի 22-ից 23-ը ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի (ՄԻՊ) 12 հոգուց բաղկացած պատվիրակությունը մասնակցեց Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում գտնվող Զինված ուժերի գլխավոր շտաբում կայացած ճանաչողական այցին։ Այցը իրականացվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում-II փուլ» ծրագրի շրջանակներում։
Պատվիրակության կազմում էին Պաշտպանության նախարարի իրավական հարցերով օգնականն ու Կին զինծառայողների գծով օգնականը, ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնի ղեկավարը, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, զորամասերի Կանանց խորհուրդների ներկայացուցիչներն ու այլ մասնագետներ ՊՆ-ից և ՄԻՊ-ից:
Երկօրյա այցը բաղկացած էր Շվեդիայի զինված ուժերի կարգապահական համակարգի, ներառյալ զինված ուժերում ազդարարի պաշտպանությունը, բանակում մարդու իրավունքների և հավասարության խթանման արդյունավետ գործիք լինելու համար անհրաժեշտ կիրառական գիտելիքների ու մեթոդների, ինչպես նաև ոտնձգությունների կանխարգելման ու խտրականության արգելման վերաբերյալ ճեպազրույցներից և քննարկումներից։
Բացի այդ, հայկական պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին նաև ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ կայազորներից մեկում։ Հայկական պատվիրակությունն այցելելեց նաև Ռազմական գործողություններում գենդերային հարցերի սկանդինավյան կենտրոն։
Հայ և շվեդ գործընկերների կարծիքով ճանաչողական այցը հնարավորություն տվեց գործընկերների հետ քննարկելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ և ընդհանուր մարտահրավերներ։ Հայկական պատվիրակության ներկայացուցիչների տեսանկյունից հատկապես հետաքրքիր էր զինվորական կարգապահության համակարգը, ներառյալ զինված ուժերում ազդարարման համակարգը, ինչպես նաև զորակոչը, որը 2017 թվականի հուլիսի 1-ից Շվեդիայում դարձավ պարտադիր տղամարդկանց և կանանց համար։ Համաձայն ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ մարդու իրավունքների ամրապնդումը և զինված ուժերում կանանց ներգրավվածության աճը ՀՀ կառավարության մարդու իրավունքների օրակարգի մաս է կազմում։ Մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների լայնածավալ գործընթացը և Հայաստանը աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի։ Այս առումով առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում Շվեդիայի փորձը։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակում։