Սույն թվականի նոյեմբերի 22-ին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ), Ստրասբուրգում (Ֆրանսիա) Եվրոպական հաստատությունների ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպեց Եվրոպայի խորհրդի «Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթություն (HELP)» առցանց հարթակի միջոցով իրականացված «Ապաստանը և մարդու իրավունքները» ՄԱԿ ՓԳՀ-ի պիլոտային դասընթացի փակման միջոցառումը։ Դասընթացի նպատակն էր ամրապնդել փախստականների պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտի մասնագետների և որոշում կայացնողների. իրավաբանների, փաստաբանների, դատախազների, դատավորների և հանրային պաշտպանների գիտելիքներն ու հզորացնել նրանց մասնագիտական հմտությունները։ Միջոցառման գլխավոր հյուրերն էին ՄԱԿ ՓԳՀ-ի, ԵԽ-ի Երևանի և Սրասբուրգում ՄԱԿ ՓԳՀ գրասենյակների ներկայացուցիչները։
Միջոցառմանը ներկա էին այս դասընթացի քսանմեկ մասնակիցները Միգրացիոն ծառայությունից, Գլխավոր դատախազությունից, ԱԱԾ-ից և Սահմանապահ զորքերից, դատարաններից, Փաստաբանների պալատից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ԵՊՀ-ի Իրավաբանական կլինիկայից, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ-ից և իր գործընկեր «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ից։ Հիբրիդ միջոցառման գլխավոր հյուրերն էին ՄԱԿ ՓԳՀ-ի, ԵԽ-ի Երևանի և Սրասբուրգում ՄԱԿ ՓԳՀ-ի և ԵԽ-ի գրասենյակների պաշտոնատար անձինք։
Իր բացման խոսքում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի փախստականների պաշտպանության ղեկավար Անդրեյ Արյուպինը շնորհակալություն հայտնեց Ստրասբուրգում (Ֆրանսիա) Եվրոպական հաստատությունների ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչության և ԵԽ-ի երևանյան գրասենյակի և «HELP» Քարտուղարության աշխատակիցներին արդյունավետ համագործակցության համար և մասնակիցներին շնորհավորեց դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։
«Ուրախ եմ, որ «Ապաստանը և մարդու իրավունքները» դասընթացը օգտակար է եղել ձեր համար։ Այն հմտորեն մշակված մի ծրագիր է` նախատեսված միջազգային պաշտպանության ոլորտում իրավաբանների և ծառայություններ մատուցողների համար»,- նշեց նա։ «Դասընթացը ճիշտ ժամանակին մատուցվեց՝ ներպետական դատական և միգրացիոն դաշտի և ապաստանի համակարգի բարեփոխումների վճռորոշ ժամանակաշրջանում»,- հավելեց պարոն Արյուպինը։
ԵԽ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեիլա Ժդանովան իր հերթին շնորհավորեց և հաջողություն մաղթեց մասնակիցներին։
«Գոհունակությամբ նշում եմ, որ ԵԽ-ի և ՄԱԿ ՓԳՀ-ի ջանքերի շնորհիվ մի խումբ մասնագետներ հնարավորություն ստացան հանգամանալից ծանոթանալ Եվրոպական և այլ միջազգային չափանիշներին և տարածել, և գործնականում կիրառել իրենց գիտելիքը ի օգուտ փախստականների պաշտպանության և բարօրության։
Մասնակիցները կիսվեցին դասընթացի մասին իրենց տպավորություններով ու հաջողություններով և քննարկեցին՝ իրենց գործընկերների և ուսանողների, իրավաբանների և մարդու իրավունքների ոլորտում աշխատակիցների հետ իրենց փորձը կիսելու կարևորությունը։
«Հպարտ եմ, որ Հայստանում «HELP» առաջին դասընթացի մասնակից եմ։ Այն ինձ շատ կարևոր գիտելիք հաղորդեց և փախստականների հետ գործնական աշխատանքում չափազանց օգտակար ու կիրառելի հմտություններ»,- մասնակիցներից մեկն ասաց։ «Ամենահաճելին նաև հետադարձ կապի և հարցուպատասխանի հնարավորությունն էր դասընթացավարի հետ, ով բացատրում էր մեզ բոլոր խրթին դրույթներն ու դժվար լուծելի վարժությունները»,-ասաց մեկ այլ մասնակից շնորհակալություն հայտնելով դասընթացավարին և կազմակերպիչներին արդյունավետ դասընթացի համար։
Մասնակիցներից շատերը գոհունակությամբ նշեցին այն փաստը, որ դասընթացը մշակվել և մատուցվել էր հայերենով և որ այն հմտորեն ադապտացվել էր՝ համահունչ ազգային համատեքստին՝ օրենսդրական և գործնական տեսանկյուններից։
Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, իրավաբան և դասընթացավար Սերգեյ Ղազինյանը նույնպես կիսվեց իր դիտարկումներով։
«Գոհունակությամբ նշում եմ տարբեր մասնագետների՝ ոչ անպայմանորեն իրավաբանների, բայց ուղղակիորեն կամ անուղղակիորեն փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտի գործընկերների հավասարաչափ ուշադրությունն ու հետաքրքրությունը դասընթացի նկատմամբ։ Շատ եմ գնահատում նաև այդ հրաշալի համագործակցության հարթակը, որ զանազան թեմաների շուրջ քննարկումների և բանավեճերի ու նորարարարկան մտքերի և առաջարկությունների հնարավորություն ընձեռեց բոլորիս», - ասաց Սերգեյ Ղազինյանը։
Միջոցառումն ավարտվեց վկայականների հանձնման արարողությամբ և խմբային լուսանկարով, որպես «HELP» դասընթացի մասին ջերմ հիշողություն։
ՄԱԿ ՓԳՀ-ի «Ապաստանը և մարդու իրավունքները» - «HELP» դասընթացն իսկապես օգտակար է գործընկեր կազմակերպությունների և ծառայություններ մատուցողների համար, քանի որ այն ընդգրկում է ապաստան հայցողների և փախստականների պաշտպանությանն և բարեկեցությանն ուղղված կարևոր ասպեկտները։ Այն ներկայացնում է հիմնական միջազգային չափանիշների, բողոքարկման համապատասխան մեխանիզմների և այլ հիմնական ասպեկտների ընդհանուր պատկերը, ինչպես նաև միգրացիայի և ապաստանի ոլորտներում առկա իրավիճակն ու մարտահրավերները գլոբալ մակարդակում: