Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը

ժամկետները`  2009թ. հոկտեմբերի 1-ից 2012թ. դեկտեմբերի 31-ը
Տևողությունը`  27 ամիս (12 ամիս լրացուցիչ երկարաձգմամբ)
Բյուջեն` 4.157.000 եվրո  
Դոնորը` Եվրոպական միություն` Եվրոպայի խորհրդի որոշակի ներդրմամբ
Գործընկերները` Արդարադատության նախարարություն, Վճռաբեկ դատարան, Փաստաբանների պալատ, Դատական դպրոց, Դատական դեպարտամենտ

ԵՄ/ԵԽ համատեղ, 39 ամիս տևողությամբ «Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը» ծրագրի շրջանակներում օժանդակություն է ցուցաբերվել հայաստանյան արդարադատության ոլորտի բարեփոխումներին` ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման, մասնագետների վերապատրաստման և օրենսդրական աջակցության միջոցով: Ծրագիրը, մինչև 2012թ. դեկտեմբերին ավարտվելը, Հայաստանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի գործողությունների 2012-2014թթ. ծրագրի մասն էր կազմում, որը մշակվել է Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանն աջակցելու նպատակով, այդ թվում` արդարադատության ոլորտի բարեփոխումների բնագավառում: Ներկայումս Հայաստանի իշխանությունների, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության միջև քննարկումներ են ընթանում ևս մեկ ծրագիր մշակելու ուղղությամբ, որը նախորդի շարունակությունը կհանդիսանա:

Ծրագրի արդյունքները.
ա) Հայաստանում Փաստաբանական դպրոցի հիմնում.
Դպրոցում կատարվել է 2012 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսանողների ընդունելություն: Դպրոցը կկարողանա տարվա կտրվածքով 120 ուսանող վերապատրաստել (յուրաքանչյուր կիսամյակ` 60 ուսանող): Նոր շինությունը, որը ներկայումս վերանորոգվում է, կկարողանա ավելի մեծ թվով ուսանողներ տեղավորել: Հետագայի համար նախատեսվում է ներդնել հեռավար ուսուցման դասընթաց, որը հնարավորություն կտա համացանցի միջոցով օգտվել ուսումնական մոդուլներից:
բ) Փոփոխություններ «Փաստաբանության մասին» օրենքում, ինչը կնպաստի երկրում իրավական օգնության համակարգի արդյունավետությանը:
գ) Քաղաքացիական օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Նոտարիատի մասին» օրենքի, Դատական օրենսգրքի և Քրեական օրենսգրքի վերանայում եվրոպական և հայաստանյան առաջատար փորձագետների կողմից, ովքեր հնարավորություն են ունեցել գաղափարներ ու փորձ փոխանակել ծրագրի շրջանակներում ձևավորված մի շարք աշխատանքային խմբերի միջոցով:
դ) Հայաստանում էլեկտրոնային նոտարական համակարգի (AENIS) ներդրում.
AENIS-ը համացանցի միջոցով Հայաստանի բնակչության համար դյուրամատչելի կդարձնի զանազան պետական ռեգիստրները: Համակարգի նպատակն է` բարձրացնել անշարժ գույքի հետ կապված փաստաթղթերի ու գործարքների անվտանգությունը, պաշտպանել գույքային իրավունքները, նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը և բարելավել նոտարական ծառայությունների որակը:
ե) 250 դատավորների և շուրջ 1000 փաստաբանների գիտելիքների և կարողությունների բարելավում այնպիսի բնագավառներում եվրոպական ստանդարտներն ու առաջավոր փորձը կիրառելու գործում, ինչպիսիք են` սնանկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, թմրանյութերի շրջանառությունը, դեոնտոլոգիան և մասնագիտական էթիկան:

Կայքէջի հասցեն`
https://www.coe.int/t/DGHL/COOPERATION/CAPACITYBUILDING/projects/access_justice_armenia_en.asp