Back Հանրային քննարկում պայմանական ազատման քաղաքականության վերաբերյալ

Հանրային քննարկում պայմանական ազատման քաղաքականության վերաբերյալ

2024 թվականի մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխման վերաբերյալ հանրային քննարկում, որին ներկա էին Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի ծառայության և համապատասխան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր ուսումնասիրել պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտին առնչվող հիմնական խնդիրները, քննարկել հնարավոր ռազմավարությունները և առաջարկությունները:

Աշխատաժողովն ընդգրկում էր երկու հիմնական թեմա. հանդիպման սկզբում ներկայացվեց ԵԽ ազգային և միջազգային փորձագետների կողմից պատրաստված պայմանական վաղաժամկետ ազատման մասին զեկույցը, որում գնահատվել է գործող համակարգը, ներկայացվել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների լավագույն փորձը և առաջարկվել ներպետական համակարգը բարելավելու ուղիներ: Այնուհետև քննարկվել է զեկույցի հիման վրա Արդարադատության նախարարության աշխատանքային խմբի կողմից կազմված պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխման հայեցակարգը։ Այս հայեցակարգը դիտարկումներ և առաջարկություններ է տրամադրել ընթացիկ համակարգը բարելավելու համար:

Մասնակիցները ուսումնասիրեցին պայմանական վաղաժամկետ ազատման համակարգին առնչվող տարաբնույթ հարցեր և ներկայացրեցին այն բարելավելու ուղիներ` միջազգային չափանիշներին համապատասխան: Միջոցառումը շահագրգիռ կողմերի համար հարթակ ստեղծեց մտքերի ու փորձի փոխանակման և պայմանական վաղաժամկետ ազատման քաղաքականության ավելի լավ իրականացման ռազմավարությունների շուրջ համագործակցելու համար՝ միաժամանակ ընդգծելով պայմանական վաղաժամկետ ազատման փորձի շարունակական գնահատման և կատարելագործման կարևորությունը: Քննարկման արդյունքները հաշվի կառնվեն Արդարադատության նախարարության կողմից հայեցակարգը վերջնական տեսքի բերելու և Հայաստանում պայմանական ազատման մեխանիզմի հետագա կատարելագործման ընթացքում:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում, որն օգնում է ազգային իշխանություններին էլ ավելի խորացնել քրեակատարողական բարեփոխումները, քրեակատարողական առողջապահությունը և ազատությունից զրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 15 ՄԱՅԻՍԻ 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page