Back Եվրոպայի Խորհուրդը խթանում է Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը

Կարողությունների զարգացման երկօրյա դասընթացն ամրապնդել է առողջապահական հաստատությունների հանրային կապերի պատասխանատուների գիտելիքներն ու հմտությունները Բուժաշխատողների Էթիկայի կանոնների և էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ
Եվրոպայի Խորհուրդը խթանում է Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը

Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը (էթիկայի հանձնաժողով) անկախ մարմին է, որը քննում է բուժաշխատողների կողմից մասնագիտական էթիկայի կանոնների հնարավոր խախտման դեպքերը և բաղկացած է հասարակական հիմունքներով աշխատող 7 անդամից։ Էթիկայի հանձնաժողովի անդամների թվում են բուժաշխատողներ, իրավաբաններ, գիտական աշխատողներ և հոգեբաններ։ Էթիկայի հանձնաժողովի քննությանը ենթակա են բուժաշխատողների էթիկայի կանոնների խախտումները՝ բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող, բուժաշխատող-երրորդ անձ հարաբերություններում և հանրային առողջապահության ոլորտում։

Էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ մասնագիտական շրջանակների և լայն հանրության շրջանում հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի կազմավորման 75-րդ ամյակը նշելու նպատակով, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախաարության հետ սերտ համագործակցությամբ 2024 թվականի մայիսի 4-ին և 5-ին, կազմակերպեց կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հանրային կապերի և այլ համապատասխան շուրջ 35 մասնագետների համար։

Միջոցառման նպատակն էր բարձրացնել մասնագետների իրազեկվածությունը բուժաշխատողների էթիկայի կանոնների և բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ՝ ազգային և միջազգային ստանդարտների հիման վրա: Հաշվի առնելով հանրային կապերի մասնագետների կենսական դերը բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների և պացիենտների միջև ճիշտ և արդյունավետ հաղորդակցության կազմակերպման համար՝ նրանց գիտելիքների ամրապնդումը չափազանց կարևոր է՝ հասարակության լայն շերտերի շրջանակում Հայաստանում առողջապահական համակարգի նկատմամբ վստահությունը խթանելու և բարձրացնելու նպատակով։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանը և Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը։

Միջոցառումը ուղեկցվեց նաև էթիկայի հանձնաժողովի արտագնա նիստով՝ հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։

Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը Հայաստանում ձևավորվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 13-ի N 3470-Ա հրամանով։ Էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հանրային լայն իրազեկվածությունը մեծապես կնպաստի պացիենտների իրավունքների և արժանապատվության պաշտպանությանը և Հայաստանում մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը։

Կարողությունների զարգացման դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում։

 

 

ՀԱՆՔԱՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 4-5 ՄԱՅԻՍԻ, 2024թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page