Back Հայաստանը քննարկում է Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման հնարավորությունները

Հայաստանը քննարկում է Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման հնարավորությունները

Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (հայտնի է որպես Օվիեդոյի կոնվենցիա) կենսաբժշկության ոլորտում միակ իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթն է: Այն ապահովում է մարդու իրավունքների և մարդու արժանապատվության պաշտպանության շրջանակ՝ սահմանելով հիմնարար սկզբունքներ, որոնք կիրառելի են առողջապահության, բժշկական հետազոտությունների, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման և բժշկական գենետիկայի ոլորտում:

Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման հնարավորությունները քննարկելու նպատակով Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը կազմակերպել էր պանելային քննարկում ազգային որոշում կայացնողների, այդ թվում՝ Ազգային ժողովի, առողջապահության և մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովների, առողջապահության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Քննարկումը համանախագահում էին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն, Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Անահիտ Մանասյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը։ Բացելով քննարկումը՝ Մաքսիմ Լոնգանգեն նշեց, որ «Մարդու պաշտպանության մասին» ծրագրի առաջին փուլի շրջանակներում իրականացված կենսաբժշկության և առողջապահության բնագավառում ազգային օրենսդրության՝ Օվիեդոյի կոնվենցիային և դրա Լրացուցիչ Արձանագրություններին համապատասխանության վերաբերյալ վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի օրենսդրությունը մեծամասամբ համատեղելի է Օվիեդոյի կոնվենցիայում արտացոլված սկզբունքներին։ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը կարևոր ձեռքբերում կլինի մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման գործում։ «Չնայած մենք դեռ չենք վավերացրել Օվիեդոյի կոնվենցիան, սակայն կոնվենցիայի հիմնական սկզբունքներն արտացոլված են մեր ազգային օրենսդրության մեջ»;-հավելեց Նարեկ Զեյնալյանը։ Անահիտ Մանասյանն վերահաստատել է իր հանձնառությունը՝ Կոնվենցիայի վավերացմանն աջակցելու և նշեց բնակչության շրջանում կոնվենցիայով երաշխավորված իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված իրազեկման լայն արշավների անհրաժեշտությունը։ Լենա Նանուշյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ջանքերը՝ ազգային օրենսդրությունը Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու և դրա վավերացման համար պատշաճ նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ։ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի բաժնի ղեկավար Սուսաննա Ադամյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանքը նախարարությունն արդեն ներկայացրել է առողջապահության նախարարություն՝ Կոնվենցիայի ստորագրման համար անհրաժեշտ գործընթացը կազմակերպելու համար։

Ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև ազգային գործընկերների հետ համագործակցության նոր ուղղությունները ներկայացվել և հաստատվել են պանելային քննարկմանը հաջորդած ծրագրի համակարգման խորհրդի երկրորդ նիստում:

Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը նշանակալից քայլ կլինի՝ ապացուցելու Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունը՝ երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունն առողջապահության ոլորտում և կնպաստի ոլորտի նկատմամբ բնակչության վստահության բարձրացմանը։

Պանելային քննարկումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թվականների Գործողությունների Ծրագրի շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 7 ՓԵՏՐՎԱՐԻ 2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page

Եվրոպայի խորհուրդն առաջատարն է մայրցամաքում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների շարքում։ Եվրոպայի խորհրդին անդամակցում են 46 անդամ պետություններ, այդ թվում Հայաստանը։ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարն է։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտորեն համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները մի շարք համագործակցային ծրագրերի միջոցով:


 

Եվրոպայի խորհուրդը աշխատում է ձեզ համար։ Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել Եվրոպայի խորհրդի  դերը, չափանիշները և աշխատանքը իր անդամ երկրներում, ցույց տալ, թե ինչպես է երկրի անդամակցությունն Եվրոպայի խորհրդին օգնել հասնել որոշակի արդյունքների կամ փոփոխության: Մեր նպատակն է տարբեր միջոցառումների և գործողությունների միջոցով ընդգծել այն ուղիները, որոնցով Եվրոպայի խորհրդի գործողություններն օգնել են բարելավել անհատների կյանքը և օգտվել հիմնարար իրավունքներից:

 

Անկախ նրանից՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազդեցությունն է ներպետական մակարդակով, թե տարբեր ոլորտներում Եվրոպայի խորհրդի աշխատանքը, ինչպես օրինակ՝ մահապատժի վերացումը կամ խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության ապահովումը, կամ Ստամբուլի կոնվենցիայի և Կիբերհանցագործության մասին Բուդապեշտի կոնվենցիայի օգնությամբ առցանց կամ տեխնոլոգիաների միջոցով կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը, Եվրոպայի խորհուրդը ունի բազմաթից ձեռքբերումներ 1949 թվականից ի վեր: Դիտեք մեր ձեռքբերումները