Հարգելի այցելու,
Բարի գալուստ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կայք:
Գրասենյակը Հայաստանում ներկայացնում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Այն սերտ համագործակցում է Արտաքին գործերի նախարարության և այլ պետական մարմինների հետ` աջակցելու Հայաստանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները: Գրասենյակը նաև համակարգում և իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք օժանդակում են Հայաստանում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին:
Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագիրը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունվել է 2022թ. նոյեմբերի 3-ին: Այն իրենից ներկայացնում է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության ռազմավարական կառուցակարգ, որի նպատակն է աջակցել երկրում տեղի ունեցող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին: Գործողությունների չորս հիմնական ուղղություններն են` մարդու իրավունքների պաշտպանություն և խթանում, արդարադատության ապահովում, օրենքի գերակայության սպառնալիքների դեմ պայքար, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կառավարման խթանում:
Որպես հասարակության հետ կապերի շարունակական գործունեության մաս` Գրասենյակը սերտորեն համագործակցում է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների և լայն հասարակության հետ:
Հուսով ենք, որ կայքում տեղ գտած տեղեկությունները և ռեսուրսները կօգնեն պատասխանել Գրասենյակի և Հայաստանում Եվրոպայի խորհրդի գործունեության վերաբերյալ ունեցած ձեր հարցերին:
Շնորհակալություն:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ
Դուք ապրում եք Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից մեկո՞ւմ։ Ուրեմն շնորհիվ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ձեր մարդու իրավունքները պաշտպանված են ամեն օր, ամեն պահ։
Կոնվենցիան Եվրոպայի խորհրդի բոլոր գործողությունների անկյունաքարն է և կարևորագույն միջազգային համաձայնագրերից մեկը։ Այժմ իր գործողության 70-րդ տարում Կոնվենցիան դեռևս կյանքեր է փոխում։
Եկե՛ք միասին ուսումնասիրենք, թե ինչպես է այն փոխել մեր կյանքերը և ինչպիսի մարտահրավերներ կարող են առաջ գալ ապագայում։
