Back Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական ստանդարտները՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում

Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական ստանդարտները՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-րդ ամյակի միջոցառումների շրջանակներում, ինչպես նաև նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների և հանձնաժողովի անձնակազմի իրազեկվածությունը ԵԽ Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին Օվիեդոյի կոնվենցիայով և Լրացուցիչ արձանագրություններով սահմանված կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եվրոպական ստանդարտների վերաբերյալ, 2023 թվականի դեկտեմբերի 14-15-ին կազմակերպվել էր կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց-քննարկում։

Միջոցառման ընթացքում քննարկումները ծավալվել են Եվրոպայի խորհրդի՝ կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների սահմանված չափանիշների շրջանակում՝ ներկայացնելով Հայաստանի կողմից ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայի հնարավոր վավերացման արդյունքում ակնկալվող օգուտները՝ բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման տեսանկյունից։

Կարողությունների զարգացման դասընթացին բացման խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակար Մաքսիմ Լոնգանգեն, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության ստանդարտների սահմանման վարչության ղեկավար Նիկոլա-Դանիելե Կանջեմին։

«Առողջապահության ոլորտի օրենսդրական բարեփոխումները առանցքային դեր ունեն առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովների ակտիվ ներգրավվածությունն այս գործընթացում շատ կարևոր է՝ համապատասխանեցնելու օրենսդրական ակտերն ու իրավակիրառ պրակտիկան ոլորտում գործող եվրոպական չափանիշներին»,- կարևորեց Մաքսիմ Լոնգանգեն, նշելով, որ այս միջոցառումն առաջին նման համագործակցությունն է ՀՀ Ազգային ժողովի հետ՝ ուղղված պատգամավորների և համապատասխան հանձնաժողովների անձնակազմի կարողությունների զարգացմանը՝ Եվրոպայի խորհրդի կողմից՝ կենսաբժշկության ոլորտում սահմանված մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը կարևորեց հանձնաժողովի անդամների և անձնակազմի համար կարողությունների զարգացման նման դասընթացները՝ հանձնաժողովի օրինաստեղծ գործունեությանը նպաստելու տեսանկյունից։

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկելու բժշկական գաղտնիքի, իրազեկված համաձայնության, վերարտադրողական առողջության ոլորտում մարդու իրավունքների, արհեստական բանականության կիրառման էթիկական մարտահրավերների, արտակարգ իրավիճակների ժամանակ մարդու իրավունքների մարտահրավերների վերաբերյալ միջազգային և ազգային չափանիշները, ինչպես նաև առողջապահական գրագիտությանն առնչվող թեմաներ։

Միջոցառումը կարևոր քայլ էր Ազգային ժողովի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ և վերահաստատում է ՀՀ կողմից առողջապահության և կենսաբժշկության ոլորտում եվրոպական չափանիշները խթանելու ամուր հանձնառությունը։

Կարողությունների զարգացման դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում։ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։

14-15 դեկտեմբերի 2023 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page