Back Եվրոպայի խորհուրդը մեկնարկում է կարողությունների զարգացման դասընթացների շարք՝ Ղարաբաղի բուժաշխատողների համար

Առողջապահության և կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքները քննարկվել են երկօրյա դասընթացի շրջանակներում՝ նպաստելով բուժաշխատողների ինտեգրմանը Հայաստանի առողջապահության համակարգում
Եվրոպայի խորհուրդը մեկնարկում է կարողությունների զարգացման դասընթացների շարք՝ Ղարաբաղի բուժաշխատողների համար

Որպես Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթի բաղկացուցիչ մաս՝ Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է առողջապահության և կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքների, ինչպես նաև բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կարողությունների զարգացման դասընթացների շարք՝ Ղարաբաղի բուժաշխատողների համար:

Շուրջ 35 ավագ բուժաշխատողներ 2024թ․ մարտի 16-17-ին Ծաղկաձորում մասնակցել են Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ կազմակերպված երկօրյա վերապատրաստման առաջին դասընթացին։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։ Կողմերն ընդգծեցին կարողությունների զարգացման նման դասընթացի կազմակերպման կարևորությունը՝ Ղարաբաղի բուժաշխատողների՝ Հայաստանի առողջապահական համակարգին ինտեգրմանը նպաստելու տեսանկյունից:

Հասանելի և մատչելի առողջապահական ծառայությունների, պացիենտի իրազեկված համաձայնության, բժշկական գաղտնիքի պաշտպանության, վերարտադրողական առողջության իրավունքների, բուժաշխատողների էթիկայի կանոնների, արտակարգ իրավիճակներում մարդու իրավունքների ոլորտում ազգային ու միջազգային չափանիշները և մի շարք այլ կարևոր թեմաներ են քննարկվել Եվրոպայի խորհրդի ազգային ու միջազգային փորձագետների կողմից։

Վերապատրաստման այս դասընթացը նպաստեց բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանը՝ հնարավորություն տալով դասընթացի ավարտին կուտակել շարունական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) 10 կրեդիտ, ինչպես նաև ընդլայնեց նրանց մասնագիտական համագործակցության շրջանակը։

Կարողությունների զարգացման դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 16-17 ՄԱՐՏԻ 2024Թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page