Back Եվրոպայի խորհուրդը շարունակում է իրականացնել կարողությունների զարգացման դասընթացներ Ղարաբաղի բուժաշխատողների համար

Առողջապահության և կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքները քննարկվել են երկօրյա դասընթացի շրջանակներում
Եվրոպայի խորհուրդը շարունակում է իրականացնել կարողությունների զարգացման դասընթացներ Ղարաբաղի բուժաշխատողների համար

Բուժաշխատողները մարդու իրավունքների հանդեպ հարգանքն ապահովելու գործի առաջնագծում են։ Մարդու իրավունքների և էթիկական սկզբունքները կարևոր դեր են խաղում կենսաբժշկության և առողջապահության ոլորտում հաճախ հանդիպող բարդ իրավիճակներին արձագանքելու և դժվար որոշումներ իրականացնելու հարցում։ Նրանք նաև նպաստում են բուժաշխատողների և պացիենտների միջև փոխվստահության հաստատմանը։ 

Որպես Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների համալիր փաթեթի բաղկացուցիչ մաս՝ Եվրոպայի խորհուրդը շարունակում է անցկացնել առողջապահության և կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքների, ինչպես նաև բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կարողությունների զարգացման դասընթացների շարք՝ Ղարաբաղի բուժաշխատողների համար:

Շուրջ 35 ավագ բուժաշխատողներ 2024թ․ մարտի 23-ին և 24-ին մասնակցել են առողջապահության և կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հիմնական սկզբունքների վերաբերյալ Ծաղկաձորում իրականացված կարողությունների զարգացման երկրորդ դասընթացին։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը և Հայաստանի Հանրապետության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Կարեն Բազիյանը։

Տիկին Լվոֆֆի խոսքով՝ «Արագորեն զարգացող առողջապահության ոլորտում շարունակական կրթության և հմտությունների զարգացման կարևորությունը չի կարելի թերագնահատել։ Այդ առումով կարողությունների զարգացման այս նախաձեռնությունը հանդիսանում է առաջընթացի հարթակ՝ ձեզ հարստացնելով գիտելիքներով, հմտություններով և գործիքներով, որոնք անհրաժեշտ են էթիկական բարդ դիլեմաների շուրջ կողմնորոշվելու, պացիենտների իրավունքներն և արժանապատիվ խնամք ապահովելու համար»։

Պարոն Բազիյանն ընդգծեց կարողությունների զարգացման այս դասընթացների կարևորությունը Ղարաբաղի բուժաշխատողների՝ Հայաստանի առողջապահական համակարգին ինտեգրվելու գործընթացին նպաստելու և իրենց աշխատանքում մարդու իրավունքներին վերաբերող հարցերի շուրջ մասնագիտական զարգացման առումներով։

Եվրոպայի խորհրդի՝ միջազգային և ազգային փորձագետները բուժաշխատողներին ներկայացրին առողջության իրավունքի և առողջապահական ծառայությունների հասանելիության, վերարտադրողական առողջության իրավունքների, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման, բուժաշխատողների էթիկայի կանոնների, իրազեկված համաձայնության, բժշկական գաղտնիքի, արտակարգ իրավիճակներում մարդու իրավունքների ոլորտում ազգային և եվրոպական չափանիշները։ 

Վերապատրաստման դասընթացը նպաստեց բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանը՝ հնարավորություն տալով դասընթացի ավարտին կուտակել շարունական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) 10 կրեդիտ, ինչպես նաև ընդլայնեց նրանց մասնագիտական համագործակցության շրջանակը։

Կարողությունների զարգացման դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝  «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։

ԾԱՂԿԱՁՈՐ, ՀԱՅԱՍՏԱՆ 23-24 ՄԱՐՏԻ 2024Թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page