Back Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեության ամրապնդմանը

Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեության ամրապնդմանը

Կարողությունների զարգացման երկօրյա դասընթացն ամրապնդել է լրագրողների գիտելիքներն ու հմտությունները Բուժաշխատողների Էթիկայի կանոնների և էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ

Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը անկախ մարմին է և բաղկացած է հասարակական հիմունքներով աշխատող 7 անդամից։ Էթիկայի հանձնաժողովի անդամների թվում են բուժաշխատողներ, իրավաբաններ, գիտական աշխատողներ և հոգեբաններ։ Էթիկայի հանձնաժողովի քննության ենթակա են բուժաշխատողների էթիկայի կանոնների խախտումները՝ բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող, բուժաշխատող-երրորդ անձ և հանրային առողջապահության ոլորտում։ 

Առողջապահության ոլորտը լուսաբանող լրագրողների իրազեկվածությունը բուժաշխատողների էթիկայի կանոնների և Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի՝ միջազգային և ազգային ստանդարտներին համապատասխան գործառույթների և ընթացակարգային կողմերի վերաբերյալ բարձրացնելու նպատակով՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ 2024թ․ մարտի 2-3 կազմակերպել էր կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց։ 

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը, Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը և ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Քրիստինե Գյուրջյանը։ «Հաշվի առնելով նորաստեղծ Էթիկայի հանձնաժողովի վճռորոշ դերը, բավականին կարևոր է էթիկայի հանձնաժողովի գործունեության և գործառույթների վերաբերյալ պատշաճ հաղորդակցությունն ու հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը: Եվ այստեղ ձեր՝ որպես հանրության իրազեկողի և կրթողի, դերը չափազանց կարևոր է էթիկայի հանձնաժողովի կարևոր դերի վերաբերյալ պատշաճ հաղորդակցությունը համակարգելու համար»,- իր խոսքում ընդգծեց Լորանս Լվոֆֆը:

Միջոցառման նպատակն էր բարձրացնել լրագրողների իրազեկվածության մակարդակը Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի աշխատանքի, դրա թափանցիկ և հաշվետվողական գործունեության ապահովման մեջ իրենց ունեցած դերի վերաբերյալ, ինչպես նաև վերջիններիս զինել անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով՝ հասարակության լայն շերտերի շրջանակում Հայաստանում առողջապահական համակարգի նկատմամբ վստահությունը խթանելու և բարձրացնելու նպատակով։ Նիստերի ընթացքում շուրջ 15 լրագրողներ ծանոթացան ազգային և եվրոպական չափանիշներին համապատասխան բուժաշխատողների էթիկայի կանոններին և գործող էթիկայի հանձնաժողովներին, տեղեկացվեցին Հայաստանում և արտերկրում բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովների աշխատանքի կարևորության և էթիկայի հանձնաժողովների գործունեության ամրապնդման, ինչպես նաև պացիենտների իրավունքների պաշտպանության հարցում իրենց դերի վերաբերյալ:

Զուգահեռաբար անցկացված նիստում Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամներին ներկայացվեցին նաև հանրային խոսքի և հաղորդակցման անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ՝ նկատի ունենալով հանրության հետ պատշաճ և արդյունավետ հաղորդակցության կարևորությունը՝ իրենց կատարած աշխատանքի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման համատեքստում: 

Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը Հայաստանում ձևավորվել է 2023 թվականի հուլիսին՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ քննելու առողջապահության ոլորտի մասնագետների կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքերը: Էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հանրային լայն իրազեկվածությունը մեծապես կնպաստի պացիենտների իրավունքների և արժանապատվության պաշտպանությանը և Հայաստանում մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը։ 

Կարողությունների զարգացումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թվականների Գործողությունների Ծրագրի շրջանակներում։
 

Ծաղկաձոր, Հայաստան 2-3 մարտի 2024 թ․
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page