Back ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգում քննարկել է ՀՀ-ի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման հնարավորությունները

ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգում քննարկել է ՀՀ-ի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման հնարավորությունները

ՀՀ Ազգային ժողովի բարձրաստիճան պատվիրակությունը՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի գլխավորությամբ, 2024 թվականի հունվարի 22-24-ը այցելեց Ստրասբուրգ՝ ԵԽ պաշտոնյաների հետ քննարկելու Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայի (Օվիեդոյի կոնվենցիա)՝ Հայաստանի կողմից վավերացման հնարավորությունները։

Օվիեդոյի կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրոպայի խորհրդի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գլխավորությամբ մշակված իրավական փաթեթի անբաժանելի մասն է: Այս առումով Հայաստանն արդեն զգալի առաջընթաց է գրանցել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հարցում՝ համապատասխանեցնելով ազգային օրենսդրությունը այս ոլորտում եվրոպական չափանիշներին: Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը կարևոր քաղաքական նշան կլինի՝ հաստատելու Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը առողջապահության ոլորտում՝ դրանով իսկ նպաստելով նաև բնակչության շրջանում առողջապահության համակարգի նկատմաբ ընդհանուր վստահության բարելավմանը։ Եվ այս գործընթացում օրենսդիր մարմնի դերը վճռորոշ է լինելու։

Ազգային ժողովի պատվիրակության կազմում էին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, առողջապահության հարցերի, մարդու իրավունքների և հանրային հարցերի, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամ-պատգամավորներ։

Պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության ստանդարտների սահմանման վարչության ղեկավար Դանիելե Կանգեմիի, մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆի, ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լորդ Քինի, ԵԽԽՎ սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նախագահ Սայմոն Մուտքինի հետ։ Քննարկումների առանցքում էին Հայաստանի կողմից Օվիեդոյի Կոնվենցիայի վավերացման հնարավորություններն ու օգուտները՝ բնակչության՝ առողջապահական իրավունքների պաշտպանության բարելավման տեսանկյունից։

ԱԺ պատվիրակության այցը և Ստրասբուրգում  հանդիպումները կազմակերպվել էին Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի շրջանակներում։

Ստրասբուրգ 22-24 հունվարի 2024 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page