About the CPT
URL: https://www.coe.int/en/web/cpt/about-the-cpt_AM
ԽԿԿ–ի մասին համառոտ
Ազատազրկված անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելումը Եվրոպայում
ԽԿԿ-ն այցելություններ է կատարում ազատազրկման վայրեր` գնահատելու համար ազատազրկված անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը: Այդ վայրերը ներառում են բանտերը, անչափահասների կալանքի կենտրոնները, ոստիկանական տեղամասերը, օտարերկրացիներին պահելու կենտրոնները, հոգեբուժարանները, սոցիալական խնամք տրամադրող հաստատությունները և այլն:
ԽԿԿ-ի պատվիրակություններն օգտվում են ազատազրկման վայրեր անսահմանափակ այցելության և նման վայրերում անարգել տեղաշարժվելու իրավունքից: Նրանք կառող են առանց վկաների զրուցել ազատազրկված անձանց հետ և ազատորեն շփվել ցանկացած անձի հետ, ով կարող է տեղեկատվություն տրամադրել:
Յուրաքանչյուր այցելությունից հետո ԽԿԿ-ն մանրամասն զեկույց է ներկայացնում տվյալ պետությանը: Այս զեկույցը ներառում է ԽԿԿ-ի եզրակացությունները և նրա հանձնարարականները, մեկնաբանություններն ու տեղեկատվություն ստանալու խնդրանքները: ԽԿԿ-ն խնդրում է նաև հանգամանալից պատասխան տալ իր զեկույցում բարձրացված հարցերին: Այս զեկույցներն ու պատասխանները շահագրգիռ պետությունների հետ ընթացող երկխոսության մասն են կազմում:
ԽԿԿ-ի լրիվ անվանումն է. “Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե”: Այն առանձնապես կարևորում է երկու հանգամանք. առաջինը` այն գործում է ողջ Եվրոպայում և, երկրորդը` այն վերաբերում է ոչ միայն “խոշտանգումներին”, այլև մի ողջ շարք իրավիճակների, որոնք կարող են դասվել “անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի” կարգը:
Այցելությունների համակարգը
Այցելությունները կատարվում են պատվիրակությունների կողմից, որոնք սովորաբար կազմված են լինում ԽԿԿ-ի մի շարք անդամներից, որոնց ուղեկցում են Կոմիտեի Քարտուղարության աշխատակազմի անդամները և, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ փորձագետներից և թարգմանիչներից:
ԽԿԿ-ի պատվիրակությունները կատարում են պարբերական այցելություններ (սովորաբար` չորս տարին մեկ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հատուկ “ad hoc” այցելություններ:
Կոմիտեն պարտավոր է տվյալ պետությանը տեղյակ պահել այցելություն կատարելու իր մտադրության մասին: Տեղեկացնելուց հետո ԽԿԿ-ի պատվիրակությունը կարող է ցանկացած ժամանակ այցելել յուրաքանչյուր վայր, որտեղ կարող են լինել ազատազրկված անձինք:
Համագործակցություն և գաղտնիություն
Համագործակցության և գաղտնիության սկզբունքները ներառված են այն միջազգային պայմանագրում, որով ստեղծվել է ԽԿԿ-ն:
- Համագործակցությունը տվյալ երկրի իշխանությունների հետ հանդիսանում է ԽԿԿ-ի աշխատանքի առանցքը, քանի որ հետապնդած նպատակը ազատազրկված անձանց պաշտպանությունն է, այլ ոչ խախտումների հայտնաբերման դեպքում պետությունների հանդեպ մեղադրանքների առաջադրումը:
- Գաղտնիությունը հանդիսանում է ԽԿԿ-ի աշխատանքի մյուս բնորոշ գիծը. Կոմիտեի եզրակացությունները, նրա զեկույցները, ինչպես նաև կառավարությունների պատասխանները, որպես կանոն, կրում են գաղտնի բնույթ: Ամեն դեպքում, սակայն, ԽԿԿ-ի կատարած աշխատանքի մասին տեղեկատվության մի զգալի մասը հասանելի է դառնում լայն հասարակայնությանը:
Հրատարակումները
- Տվյալ պետության իշխանություններն իրենք կարող են պահանջել հրատարակել ԽԿԿ-ի ներկայացրած զեկույցը` իրենց սեփական պատասխանի հետ միասին: Մինչ օրս պետությունների մեծ մասը գերադասել է հրատարակել այդ փաստաթղթերը:
- Եթե տվյալ պետությունը չի ցանկանում համագործակցել կամ հրաժարվում է ԽԿԿ-ի կողմից տրված հանձնարարականների լույսի ներքո իրավիճակը բարելավելուց, Կոմիտեն կարող է վճիռ կայացնել հանդես գալ հրապարակային հայտարարությամբ:
- Ի հավելումն, ԽԿԿ-ն կազմում է իր գործունեության վերաբերյալ մի Ընդհանուր զեկույց, որը հրատարակվում է տարին մեկ անգամ:
ԽԿԿ-ի կառուցվածքը
- ԽԿԿ-ն կազմված է անկախ և անկողմնակալ փորձագետներից, որոնք ներկայացնում են տարբեր մասնագիտություններ, այդ թվում` իրավաբաններ, բժիշկներ, ուղղիչ և ոստիկանական համակարգերի մասնագետներ:
- Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն յուրաքանչյուր մասնակից պետությունից ընտրում է մեկ անդամ: Այդ անդամները ծառայում են իրենց անհատական իրավասությամբ (այսինքն, նրանք չեն ներկայացնում այն պետությունը, որտեղից նրանք ընտրվել են): Անկախությունն էլ ավելի երաշխավորելու համար, ԽԿԿ-ի անդամները չեն այցելում այն պետությունները, որտեղից նրանք ընտրվել են:
- ԽԿԿ-ի Քարտուղարությունը կազմում է Եվրոպայի խորհրդի մասը:
Հիմքը
- Խկկ-ն ստեղծվել է համաձայն Եվրոպայի խորհրդի “Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիայի”, որը ուժի մեջ է մտել 1989 թվականին:
- Այն հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, որը նախատեսում է, որ` “Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի”:
- ԽԿԿ-ն հետաքննիչ մարմին չէ, բայց ապահովում է ազատազրկված անձանց խոշտանգումներից և այլ տեսակի դաժան վերաբերմունքից պաշտպանելու ոչ դատական կանխարգելիչ մեխանիզմներ: Դրանով իսկ այն լրացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական գործունեությունը:
Վավերացումներ
- Սույն Կոնվենցիան վավերացվել է Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների կողմից:
- Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միանալու համար: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է հրավիրել կազմակերպության անդամ չհանդիսացող պետություններին միանալու Կոնվենցիային:
Preventing torture in Europe
www.cpt.coe.int