Back 15.10.2013 - Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողովը․ «Դեպի ներառական հասարակություն»

Երևան, 15 հոկտեմբերի 2013թ․

2013թ․ հոկտեմբերի 15-ին Երևանի <Մարիոթ> հյուրանոցում տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի նախարարների հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ կազմակերպված <Դեպի ներառական հասարակություն> թեմայով համաժողովը, որը նվիրված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:

Համաժողովին բացման խոսքով հանդես կգա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, ելույթներ կունենան Եվրոպայի Խորհրդի պաշտոնյաներ և փորձագետներ, ՀՀ շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, գիտելիքների և կարողությունների զարգացմանը, ոլորտում առաջընթացի ապահովմանն ուղղված ջանքերի համախմբմանը:

Միջոցառման ընթացքում կքննարկվեն Եվրոպայի Խորհրդի <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հասարակական կյանքում լիարժեք մասնակցության խթանման ու կյանքի որակի բարելավման 2006-2015 թթ. գործողությունների ծրագիրն>> ըստ ուղղությունների, Եվրոպայի Խորհրդի շրջանակներում մշակված այլ փաստաթղթեր, դրանց դրույթների արտացոլումն ազգային օրենսդրության մեջ, Հայաստանի Հանրապետության սոցիալական ներառման քաղաքականությունը: Մասնակիցների ուշադրությանը կներկայացվեն հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման, ներառական կրթության, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ակտիվ մասնակցության ապահովման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու քայլերը: