Արհեստական բանականության համակարգերը մեծ դեր ունեն առողջապահության ոլորտի առաջընթացի համար` ախտորոշումից մինչեւ վերականգնողական բուժում՝ փոխակերպելով պացիենտ-բժիշկ փոխհարաբերությունները։ Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ էթիկայի եւ մարդու իրավունքների տեսանկյունը։
2025թ․ փետրվարի 24-25-ին Եվրոպայի խորհուրդը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ կազմակերպել էր երկօրյա քննարկում առողջապահության ոլորտում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ։ Միջոցառումը նպատակ ուներ առանձնացնելու այն ոլորտները, որոնց ուղղությամբ ՀՀ օրենսդրական դաշտում փոփոխությունների կարիք կա, քննարկելու արհեստական բանականության կիրառման արդյունքում ի հայտ եկող մարդու իրավունքների հնարավոր մարտահրավերները, ինչպես նաեւ ներկայացնել եվրոպական չափորոշիչները, որոնք տեղ են գտել Կենսաբժշկության եւ առողջապահության ոլորտներում մարդու իրավունքների ղեկավար կոմիտեի (CDBIO) կողմից մշակված «Արհեստական բանականության կիրառությունն առողջապահության ոլորտում եւ դրա ազդեցությունը «պացիենտ-բժիշկ» փոխհարաբերությունների վրա» զեկույցում։
Քննարկմանը բացման խոսքով հադես եկավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆը, ով ներկայացրեց Եվրոպայի խորհրդի աշխատանքն այս ոլորտում:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանն ընդգծեցին քննարկման կարեւորությունը՝ հաշվի առնելով արհեստական բանականության առնչությամբ աճող հետաքրքրությունը, ներառյալ առողջապահության ոլորտում։
Միջոցառման ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ, այդ թվում՝ պացիենտների ինքնավարությունը, բուժաշխատողների մասնագիտական չափորոշիչները, առողջապահական տվյալների վերաբերյալ ինքնորոշումը եւ առողջապահության ոլորտում հավասար հասանելիությունն ու մատչելիությունը։
Քննարկումն ամրապնդեց առողջապահության ոլորտում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ ազգային եւ եվրոպական մարդու իրավունքների ստանդարտների վերաբերյալ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաեւ խթանեց այս թեմայով հանրային երկխոսությունը։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։









