Հոգեկան առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ երկխոսությունը խորացնելու և գործնական գիտելիքներն ու լավագույն փորձը փոխանակելու նպատակով Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունն ուսումնաճանաչողական այց իրականացրեց Ֆրանսիայի հյուսիսային շրջաններ։ Այս նախաձեռնությունը ներառված է Հայաստանի առողջապահական շարունակական բարեփոխումների և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակում։
Ուսումնաճանաչողական այցը կօգնի Հայաստանին բարելավել հոգեկան առողջության պահպանման ոլորտում քաղաքականությունը և կիրառել մի շարք մեթոդներ, ինչպիսիք են բազմապրոֆիլ թիմերի աշխատանքը, շահառուների կողմից իրականացվող վերականգնողական ծրագրերը, ինչպես նաև առողջապահական, սոցիալական և համայնքային ծառայությունների միջև ավելի արդյունավետ կապերի հաստատումը։ Բացի այդ, պացիենտների ինքնավարության և ճգնաժամերի կանխարգելման վրա կենտրոնացումը, ազդեցություն կունենա ապագա բարեփոխումների վրա։
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ պատվիրակությունը միավորել էր առողջապահության համակարգի, ներառյալ քրեակատարողական ոլորտում առողջապահության ոլորտի մասնագետներին, ինչպես նաև իրավաբաններին և հոգեկան առողջության պահպանման ոլորտի այլ փորձագետներին։ Նրանց նպատակակետը առաջադեմ հոգեկան առողջության խնամք ապահովող հաստատություններն էին, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հոգեկան առողջության հետազոտության և ուսուցման համագործակցող կենտրոնը և Լիլի համալսարանական հիվանդանոցը (CHU de Lille)։
Այցը սահմանափակված չէր միայն տեխնիկական փորձի փոխանակմամբ, այլև անդրադառնում էր Ֆրանսիայում գործող անցումային համակարգի մանրամասներին՝ հիվանդանոցային խնամքից դեպի այնպիսի աջակցության անցնելու գործընթացին, որը խթանում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ինքնավարությունը և օգնում նրանց անկախ ապրել իրենց համայնքներում։
Մասնակիցները դիտարկել են, թե ինչպես է գործնականում իրականացվում խնամքը՝ սկսած տնային պայմաններում աջակցություն տրամադրող շարժական թիմերից մինչև համակարգեր, որոնք ապահովում են խնամքի և բժշկական օգնության հասանելիություն 48 ժամվա ընթացքում։
Հիմնական ուղերձներից մեկը փորձառություն ունեցող անձանց ներգրավման կարևորությունն էր ծառայությունների ձևավորման գործընթացում՝ ներառյալ փոխաջակցության դերերի և տեղական հոգեկան առողջության հանձնաժողովների միջոցով։
Ուշագրավ պահերից էր այցը «Քլինիք Ժերոմ Բոշ», որտեղ մասնակիցները ծանոթացան «զրո մեկուսացում, զրո սահմանափակում» մոտեցմանը, որի նպատակն է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնել առանց ուժի կիրառման։ Նրանք նաև ուսումնասիրեցին ճգնաժամային արձագանքման ծառայությունները, որոնք անհետաձգելի հոգեկան առողջության աջակցություն են տրամադրում անմիջապես տանը։
Լիլի համալսարանական հիվանդանոցում (CHU de Lille) մասնակիցները ծանոթացան ազգային աջակցության ծրագրերին, որոնք կենտրոնացած են ինքնասպանությունների կանխարգելման վրա, ներառյալ ռիսկային խմբում գտնվող անձանց հետ հետևողական խնամքը և անվճար թեժ գիծը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց համար։
Այցը խթանեց նաև մասնագիտական փոխանակումը և հիմք դրեց ազգային հաստատությունների և եվրոպական գործընկերների միջև շարունակական համագործակցության համար։
Այս նախաձեռնությունը ընդգծեց Եվրոպայի խորհրդի ծրագրերի՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում III» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդում» ծրագրերի միջև փոխլրացումը, որոնք իրականացվում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար նախատեսված 2023–2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում։ Միասին այս նախաձեռնությունները նպատակ ունեն ձևավորել Հայաստանում առողջապահության ավելի էթիկական, իրավունքահեն և ներառական մոտեցում։









