Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 41-րդ հոդված

Արդարացի բավարարումը. Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։
 

2010 թվականի Հունիսի 1-ից՝ Թիվ 14 Արձանագրության ուժի մեջ մտնելուղ հետո, Նախարարների կոմիտեն վերահսկում է նաև բարեկամական կարգավորումների՝  դատարանի կողմից սահմանված պայմանների կատարումը (Կոնվենցիայի 39-րդ հոդված), ներառյալ այն գումարների վճարումը, որոնք Պետությունը համաձայնվել է վճարել դիմողին նման կարգավորման պայմաններին համապատասխան :

Եթե Դատարանը վճիռ է կայացնում մի պետության դեմ և համարում, որ դիմողը վնաս է կրել, այն դիմողին է հատկացնում արդարացի բավարարում, այն է` որոշակի քանակի գումար վնասի փոխհատուցման համար: Վնասը բնորոշվում է հետևյալ կերպ.
 

Վնասը ընդհանրապես

Պետք է հաստատվի հստակ պատճառական կապ վնասը փոխհատուցելու պահանջի և խախտման պնդման միջև: Դատարանը չպետք է բավարարվի միայն հայտարարված խախտման և վնասի միջև եղած աննշան կապով, ոչ էլ սոսկ ենթադրությամբ, թե ինչ կարող էր պատահել: Վնասի փոխհատուցում կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե վնասը հայտնաբերված խախտման արդյունք է: Նման վճիռ չի կարող կայացվել այնպիսի իրադարձությունների կամ իրավիճակների պատճառած վնասի համար, որոնք ըստ Կոնվենցիայի չեն համարվում խախտում, կամ այն վնասի համար, որ վերաբերում է դատավարության ավելի վաղ փուլում անընդունելի հայտարարված բողոքներին: Վնասի առնչությամբ Դատարանի կայացրած վճիռը հետապնդում է դիմողին իրական վնասակար հետևանքներ հասցրած խախտման համար փոխհատուցում տրամադրելու նպատակ: Այն չի նախատեսում պատժել պատասխանատու Պայմանավորվող կողմին: Այդ իսկ պատճառով Դատարանը մինչ օրս հարմար չի գտել ընդունել  վնասների մասով պահանջներ այնպիսի պիտակներով, ինչպիսին են «պատժիչ», «ծանրացնող» կամ «տիպային»:
 

1.   Նյութական վնասը

Նյութական վնասին վերաբերող սկզբունքն այն է, որ դիմողը պետք է դրվի, որքան որ դա հնարավոր է, այնպիսի դրության մեջ, որում նա կլիներ, եթե հայտնաբերված խախտումը տեղի չունենար, այլ կերպ ասած, վերադարձնել նախկին վիճակը: Սա կարող է ներառել փոխհատուցում ինչպես կրած իրական կորստի (damnum emergens), այնպես էլ այն կորստի, կամ նվազած եկամտի համար, որ սպասվում է ապագայում (lucrum cessans): Դիմողն ինքը է պետք ցույց տա, որ նյութական վնասը ենթադրյալ խախտման կամ խախտումների հետևանքով է: Դիմողը պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնի ապացուցելու համար, որքան որ դա հնարավոր է, ոչ միայն վնասի առկայությունը, այլև դրա չափը կամ արժեքը: Սովորաբար Դատարանի վճիռը արտացոլում է ամբողջությամբ հաշվարկված վնասի չափը: Սակայն, եթե իրական վնասը չի կարող ճշգրտորեն հաշվարկվել, Դատարանը պետք է գնահատում կատարի իր տրամադրության տակ եղած փաստերի հիման վրա:

2.   Ոչ նյութական վնասը

Ոչ նյութական վնասի առնչությամբ  Դատարանի որոշումը նախատեսում է ապահովել ոչ նյութական վնասի համար ֆինանսական փոխհատուցում, օրինակ` հոգեբանական կամ ֆիզիկական տառապանքի համար:

Ոչ նյութական վնասի բնույթն այնպիսին է, որ այն չի ենթարկվում ճշգրիտ հաշվարկման: Եթե նման վնասի առկայությունը հաստատվել է և Դատարանը համարում է, որ դրամական փոխհատուցումն անհրաժեշտ է, այն գնահատումը կատարում է անաչառ հիմունքներով` կախված այն չափորոշիչներից, որ առաջացել են նրա նախադեպային իրավունքից:

3.   Ծախսերը

Դատարանը կարող է կարգադրել փոխհատուցում տրամադրել դիմողին այն ծախսերի չափով, որ նա կրել է - սկզբում տեղական մակարդակում և հետագայում հենց Դատարանում  կատարված դատավարության  ժամանակ - փորձելով կանխել խախտման իրագործումը կամ էլ փորձելով փոխհատուցում տալ դրա համար: Նման ծախսերը պետք է սովորաբար ներառեն իրավական պաշտպանության հետ կապված ծախսը, դատարանում հայցի գրանցման վճարը և նման այլ ծախսեր: Դրանք կարող են ներառել նաև ճանապարհորդության և ապրուստը հոգալու ծախսերը, մասնավորապես, եթե դրանք կատարվել են Դատարանում լսումներին ներկա գտնվելու համար:
Դատարանի Վճիռների իրականացման դեպարտամենտի Քարտուղարությունը գրանցում է պատասխանող կառավարությունների կողմից կամ դիմողների կողմից ստացված տեղեկատվությունը արդարացի բավարարման վճարումների կամ հնարավոր ներքին պարտքի առնչությամբ և վերահսկում այս տեղեկատվությունը դիմողի կողմից վիճարկման դեպքում: Նախարարների կոմիտեն անհրաժեշտության դեպքում ապահովում է, որպեսզի Դատարանի որոշած գումարն իսկապես վճարվի դիմողին: