Back 11.10.2013 - Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով

«Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ՝ մարտահրավեր հանրային իշխանությունների համար» 

2013թ. հոկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում` Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ:

Համաժողովը բացեց ՀՀ Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար պրն. Արմեն Գևորգյանը, որն ընթերցեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին: Իր ուղերձում Հայաստանի նախագահը, մասնավորապես, ընդգծեց, որ տեղական մակարդակով ժողովրդավարությունն առանցքային բաղադրիչ է  հանրության ժողովրդավարական զարգացման համար:

Երևանի քաղաքապետ պրն. Տարոն Մարգարյանը, ողջունելով մասնակիցներին, ասաց, որ Հայաստանն առաջին անգամ է նախագահում այս համաեվրոպական կազմակերպության նախարարների կոմիտեում: Նա նաև շեշտեց տեղական ժողովրդավարության կարևորությունը, որը Հայաստանի նախագահությունը հռչակել էր որպես իր առաջնայնություններից մեկը: Այդ իսկ պատճառով էլ Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համատեղ այս համաժողովը՝ քննարկելու ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների առջև ծառացած մարտահրավերները: Իր ելույթում Երևանի քաղաքապետը նաև նշեց, որ ներկայիս համաշխարհային զարգացումները նորանոր խնդիրներ են առաջացնում քաղաքային իշխանությունների համար՝ թելադրելով լինել ավելի ճկուն առավել կատարելագործված քաղաքային կառավարման համակարգ ունենալու նպատակով: Երևանի քաղաքապետն առանձնահատուկ ընդգծեց տեղական ինքնակառավարման գործում քաղաքացիների մասնակցության վճռական դերը՝ այն ավելի արդյունավետ դարձնելու և օրվա մարտահրավերներին արձագանքելու համար: (մանրամասն...)