Առողջապահությունը միայն հիվանդությունների ախտորոշումն ու բժշկական օգնության տրամադրումը չէ։ Այն նաև մարդու արժանապատվության հարգումն է, նրա ինքնավարության պաշտպանությունը, տեղեկացված որոշումներ կայացնելու իրավունքի ապահովումը և անձնական կյանքի գաղտնիության պահպանումը։ Բուժաշխատողի և պացիենտի միջև յուրաքանչյուր շփում հնարավորություն է՝ այս սկզբունքները գործնականում կիրառելու համար։
Այնուամենայնիվ, մարդու իրավունքների չափանիշները առողջապահության ամենօրյա պրակտիկայում ներդնելը միայն օրենսդրությամբ չի սահմանափակվում։ Այն պահանջում է բուժաշխատողների շրջանում միասնական ընկալում այն մասին, թե ինչ են ենթադրում այդ իրավունքները, և ինչպես դրանք պետք է ուղղորդեն մասնագիտական էթիկան ու պացիենտների հետ հարաբերությունները։
Միջազգային չափանիշներից դեպի ամենօրյա պրակտիկա
2025 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայի (Օվիեդոյի կոնվենցիա) վավերացումից հետո դրա սկզբունքների իրազեկման և արդյունավետ կիրարկման ապահովումը դարձել է առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման կարևոր ուղղություններից մեկը։
Կոնվենցիան սահմանում է առողջապահության համատեքստում պացիենտների իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիքներ, այդ թվում՝ մարդու արժանապատվության հարգումը, տեղեկացված համաձայնությունը, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը և անձնական առողջական տվյալների պաշտպանությունը։
Իսկ ի՞նչ են նշանակում այս երաշխիքները գործնականում։ Ինչպե՞ս կարող են բուժաշխատողները ապահովել, որ պացիենտներն իրականում ներգրավված լինեն իրենց առողջությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացում։ Ինչպե՞ս կարելի է ամրապնդել վստահությունն ու փոխըմբռնումը բժիշկ-պացիենտ հարաբերություններում։
Այս հարցերն էին 2026 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Գյումրիում Եվրոպայի խորհրդի կազմակերպած՝ առողջապահության ոլորտում իրավունքահեն մոտեցումների վերաբերյալ երկօրյա վերապատրաստման դասընթացի առանցքում։ Դասընթացը նախատեսված էր Համաճարակաբանների հայկական ասոցիացիայի հանրային առողջության մասնագետների համար։
Պացիենտը՝ առողջապահության կենտրոնում
Համադրելով եվրոպական և ազգային չափանիշները՝ դասընթացն անդրադարձավ բուժաշխատողների և պացիենտների հարաբերությունները պայմանավորող մի շարք հիմնարար իրավունքների և պարտականությունների քննարկմանը։
Մասնակիցները քննարկեցին տեղեկացված համաձայնության սկզբունքը և դրա կիրառումը բժշկական պրակտիկայում, Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները, բուժաշխատողների էթիկայի կանոնները, ինչպես նաև բժշկական գաղտնիության և պացիենտների անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև առողջապահության ոլորտում և բժիշկ-պացիենտ հարաբերություններում բանակցությունների դերին՝ ընդգծելով հաղորդակցության, փոխըմբռնման և սեփական առողջությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացում պացիենտի մասնակցության կարևորությունը։
Փորձագետների կողմից ներկայացված նյութերի և քննարկումների միջոցով դասընթացը նպատակ ուներ ամրապնդելու մասնակիցների գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ նպաստելով մարդու իրավունքների սկզբունքների կիրառմանը նրանց ամենօրյա մասնագիտական գործունեության ընթացքում։
Արժանապատվության, վստահության և հարգանքի վրա հիմնված առողջապահական համակարգի ձևավորում
Առողջապահության ոլորտում մարդու իրավունքահեն մոտեցումը ավելին է քան բժշկական ծառայությունների մատուցման շրջանակը։ Այն պահանջում է, որպեսզի առողջապահական համակարգն ու բուժաշխատողները յուրաքանչյուր անհատի ճանաչեն որպես իրավունքների կրող, որի արժանապատվությունը, ինքնավարությունն ու անձնական ընտրությունը պետք է հարգվեն։
Այս ոլորտում Եվրոպայի խորհրդի գործունեությունն առաջնորդվում է եվրոպական չափանիշներով, մասնավորապես՝ Օվիեդոյի կոնվենցիայով, և միտված է պացիենտակենտրոն առողջապահության ամրապնդմանը և առողջապահական հարցերի շուրջ հանրային երկխոսության խթանմանը։
Աջակցելով բուժաշխատողներին՝ հասկանալու և կիրառելու այս չափանիշները՝ Եվրոպայի խորհուրդը նպաստում է Հայաստանում այնպիսի առողջապահական համակարգի ձևավորմանը, որտեղ մարդու իրավունքները ոչ միայն իրավական երաշխիքներ են, այլև բժշկական ամենօրյա պրակտիկայի անբաժանելի մասը։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։








