Եվրոպայի խորհուրդը շարունակում է աջակցություն ցուցաբերել ՀՀ առողջապահության համակարգին՝ հետազոտություների էթիկայի հանձնաժողովների կարողությունների ամրապնդման գործում։ Հետազոտությունների էթիկայի հանձնաժողովի անդամների վերապատրաստման կարիքներին արձագանքելու նպատակով նոյեմբերի 18-19-ին Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր երկօրյա դասընթաց-քննարկում ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտին առընթեր Հետազությունների էթիկայի հանձնաժողովի անդամների համար։
Դասընթացի նպատակն էր խորացնել հետազոտությունների էթիկայի հանձնաժողովի անդամների հմտությունները և կարողությունները Օվիեդոյի կոնվենցիայում և նրա լրացուցիչ արձանագրություններում, ինչպես նաև Հետազոտությունների էթիկայի հանձնաժողովի անդամների համար նախատեսված ուղեցույցում (ուղեցույցը մշակվել է Կենսաբժշկական հետազոտությունների մասնագետների խմբի կողմից, որն աշխատում է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի ղեկավար կոմիտեի իրավասության ներքո) ամրագրված հետազոտությունների էթիկայի հանձնաժողովների հիմնական սկզբունքների և եվրոպական չափանիշների վերաբերյալ։
Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության վարչության պետ Լորանս Լվոֆֆը և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտությունների էթիկայի հանձնաժողովի նախագահ Հրայր Ասլանյանը։
Կենսաբժշկական հետազոտությունների ոլորտում, ինչպես նաև հետազոտությունների էթիկայի հանձնաժողովներին առնչվող միջազգային և ազգային իրավական կարգավորումները, Եվրոպայի խորհրդի հետազոտությունների էթիկայի հանձնաժողովի անդամների համար նախատեսված ուղեցույցում ամրագրված հետազոտությունների էթիկայի հանձնաժողովների հիմնական սկզբունքներն ու եվրոպական չափանիշները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները հետազոտությունների էթիկայի հանձնաժողովների ոլորտում, ինչպես նաև հետազոտությունների էթիկայի հանձնաժողովների որոշումների հաղորդակցության առանձնահատկությունները երկօրյա դասընթացի քննարկման առանցքում էին։
Միաժամանակ, մասնակիցները հնարավորություն են ունեցել ամրապնդել իրենց կարողությունները հանրային խոսքի վարպետության և հռետորաբանության վերաբերյալ՝ կամրջելով տեսական ակադեմիական գիտելիքները գործնական խոսքի հմտությունների հետ։
Երկօրյա դասընթաց-քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար Գործողությունների 2023-2026թթ ծրագրի շրջանակներում։








