Back Հայաստանում փոխպատվաստման համակարգի ամրապնդում։ Օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի ուժեղացում

Հայաստանում փոխպատվաստման համակարգի ամրապնդում։ Օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի ուժեղացում

2026 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ արդարադատության նախարարությունը և Եվրոպայի խորհուրդը քննարկեցին նշանակալից հարց՝ ինչպես ամրապնդել օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման իրավական երաշխիքները՝ ուժեղացնելով պայքարը մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ։      

Օրգանների փոխպատվաստման քաղաքականության մշակման և մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի գործում ներգրավված մասնագետների համար Եվրոպայի խորհրդի «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիային Հայաստանի ներպետական օրենսդրության համապատասխանության իրավական գնահատման զեկույցը անհրաժեշտություն էր՝ չարաշահումները կանխելու և խոցելի անձանց օրգանների անօրինական հավաքագրումից ու շահագործումից պաշտպանելու, ինչպես նաև կյանքեր փրկող այս ոլորտում վստահություն ձևավորելու համար։

Քննարկման ընթացքում ներկայացվեց Եվրոպայի խորհրդի աջակցությամբ պատրաստված Եվրոպայի խորհրդի «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» կոնվենցիային Հայաստանի քրեական արդարադատության համակարգի և դրա համապատասխանության համապարփակ վերանայմանն ուղղված իրավական գնահատման զեկույցը, 

Արդարադատության և առողջապահության ոլորտների ներկայացուցիչները, քաղաքականության մշակողները, իրավաբաններն ու բուժաշխատողները կենտրոնացան այն բանի վրա, թե ինչպես են այս իրավական շրջանակները արտացոլվում կլինիկական պրակտիկայում, ինչպես է Հայաստանի ազգային  օրենսդրությունը համապատասխանում Եվրոպայի խորհրդի «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի» կոնվենցիային: Օրենսդրության համապատասխանության զեկույցն ընդգծում է, որ չնայած Հայաստանն ունի ամուր օրենսդրական հիմքեր, նպատակային բարեփոխումները կարևոր են: Մասնավորապես, դրանք պետք է ուղղված լինեն մարդկային արժանապատվության, մարմնական անձեռնմխելիության, ազատ և իրազեկված համաձայնության և մարդու մարմնի չառևտրայնացման սկզբունքի պաշտպանության ամրապնդմանը, միաժամանակ բարելավելով մարդկային օրգանների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների կանխարգելումը, հայտնաբերումը, հետաքննությունը և քրեական հետապնդումը: Հիմնական առաջարկությունները ներառում են մարդու օրգանների անօրինական հեռացման, մշակման, տեղափոխման և միջնորդության համար հատուկ քրեական հանցագործությունների սահմանում, ինչպես նաև քննչական կարողությունների ամրապնդում և պարբերական օրենսդրական վերանայման մեխանիզմների ստեղծում:

Քննարկման ընթացքում ընդգծվեց քրեական օրենսդրության այս առաջարկվող փոփոխությունների և Հայաստանի կողմից 2025 թվականին վավերացված Օվիեդոյի կոնվենցիայի սկզբունքներին օրենսդրության շարունակական համապատասխանեցման անհրաժեշտւթյունը: Հանդիպման ավարտին արդարադատության և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների միջև փոխհամաձայնությունը հստակ էր. միջոլորտային կայուն համագործակցությունը շարունակում է կարևոր լինել՝ ապահովելով, որ օրգանների փոխպատվաստումը իրականացվի մարդկային արժանապատվության, թափանցիկության և իրավական հաշվետվողականության բարձրագույն չափանիշներին համապատասխան:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։


*Մարդու օրգանների թրաֆիքինգը մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության լուրջ խախտում է: Այն կարող է ներառել մարդկային օրգանների անօրինական հեռացում, ձեռքբերում, փոխանցում, ստացում կամ օգտագործում, ներառյալ այն իրավիճակները, երբ օրգանները ձեռք են բերվում առանց վավեր համաձայնության կամ ֆինանսական շահի կամ այլ անհիմն առավելության դիմաց: Նման գործելակերպի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պահանջում են արդյունավետ իրավական երաշխիքներ, ամուր ինստիտուցիոնալ համագործակցություն և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում, որը պաշտպանում է անհատներին շահագործումից՝ միաժամանակ ապահովելով փոխպատվաստման համակարգերի ամբողջականությունը:

Armenia 4 September 2026
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page