Back Կլոր սեղան քննարկում. առողջապահության ոլորտում կիրառելի մարդու իրավունքների միջազգային չափանիշները

Կլոր սեղան քննարկում. առողջապահության ոլորտում կիրառելի մարդու իրավունքների միջազգային չափանիշները

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 75-ամյակը նշելու և առողջապահության ոլորտում կիրառվող մարդու իրավունքների միջազգային չափանիշները ուրվագծելու համար 2023 թվականի դեկտեմբերի 11-ին կազմակերպվել էր «Իրավունքահեն մոտեցումները առողջապահության ոլորտում» թեմայով փորձագիտական քննարկում առողջապահության ոլորտի տարբեր շահագրգիռ կողմերի, որոշում կայացնողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Փորձագիտական քննարկումը կենտրոնացած էր մարդու իրավունքների՝ առողջապահության ոլորտում կիրառելի սկզբունքների և չափանիշների` վրա, և թե ինչպես կարող են մարդու իրավունքների միջազգային չափանիշները իրազեկել և պաշտպանել Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում պացիենտների իրավունքները:

Քննարկման համար հիմք էր հանդիսացել Եվրոպայի խորհրդի «Իրավունքահեն մոտեցումները առողջապահության ոլորտում» նոր  ամփոփ զեկույցը, որը պատրաստվել է Եվրոպայի խորհրդի՝ Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և տեխնոլոգիաների ռազմավարական 2020-2025թթ գործողությունների ծրագրի շրջանակներում:

Փորձագիտական քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆը։ «Առողջության պաշտպանությունը հիմնարար իրավունք է բոլոր մարդկանց համար։ Առողջության իրավունքը նշանակում է ոչ ոքի չբացառել և չանտեսել։ Սա նշանակում է, որ բոլոր անձինք պետք է ունենան առողջապահական ծառայությունների հավասար հասանելիություն առանց խտրականության, ներառյալ սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և արտահայտման հիման վրա: Սա նշանակում է աջակցել ազգային և տեղական իշխանություններին առողջության հետ կապված խտրականության և անհավասարության դեմ պայքարում», - ընդգծել է Մաքսիմ Լոնգանգեն՝ վերահաստատելով, որ Եվրոպայի խորհուրդը հավատարիմ է առողջապահության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հարցում աջակցելու իր հանձնառությանը՝ Հայաստանի համար  2023-2026թթ իրականացվող գործողությունների ծրագրի շրջանակներում:

Լորանս Լվոֆը նշել է, որ մարդու իրավունքների միջազգային իրավունքի ելակետն ու հիմքն այն է, որ առողջապահությունը պետք է կազմակերպվի այնպես, որ լիովին հարգի մարդու իրավունքները և մարդու արժանապատվությունը: «Սա դրական միջազգային իրավունքի մի մասն է, ինչի մասին է վկայում այն փաստը, որ ոլորտի բոլոր հիմնական գործիքները ընդունում են կենսաբժշկության ոլորտի կարգավորման իրավունքահեն մոտեցումը: Զեկույցը ներառում է, բայց նաև տարբերակում սկզբունքներն ու չափանիշները, որոնք մի կողմից միջազգային իրավունքի՝ ընհանուր համաձայնություն ձեռք բերած մասն են կազմում, բայց միաժամանակ դառնում օրենքի առաջադեմ զարգացումների մի մասը, որտեղ դեռևս պահպանվում են տարաձայնությունները»,- եզրափակեց նա:
«Իրավունքահեն մոտեցումները առողջապահության ոլորտում» զեկույցի հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները ներկայացվել են զեկույցի հեղինակ և Քեմբրիջի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջազգային իրավունքի դասախոս և Գոնվիլ և Քայուս քոլեջի գիտաշխատող, դոկտոր Ռումիանա Յոտովայի կողմից։

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի փորձագետ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգում իրավունքահեն մոտեցումների կիրառումը պացիենտների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։

Ելույթներին հաջորդող քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել առողջապահության ոլորտում գործնական խնդիրներին և կառավարության բարեփոխումների օրակարգին՝ կապված պացիենտների իրավունքների և իրավունքահեն մոտեցումների կիրառման հետ՝ կարևորելով Օվիեդոյի կոնվենցիայի հնարավոր վավերացումը Հայաստանի կողմից՝ որպես ոլորտում միակ իրավաբանորեն պարտադիր գործիք։

Փորձագիտական քննարկումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում։

«Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակներում։

11 դեկտեմբերի, 2023 թ
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page