Back Պացիենտակենտրոն առողջապահության խթանումը Հայաստանում էթիկական չափանիշների միջոցով

Պացիենտակենտրոն առողջապահության խթանումը Հայաստանում  էթիկական չափանիշների միջոցով

Առողջապահության ոլորտում էթիկական գործելակերպի խթանմանն ուղղված լայն ջանքերի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն՝ սկսած 2025 թվականի սեպտեմբերի 1-ից «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոններ» վերաբերյալ վերապատրաստման դասընթացները համարվում են պարտադիր բոլոր բուժաշխատողների համար։ Հետևաբար, ավագ և միջին բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում պարտադիր կարգով պետք է կուտակեն 10 ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման) կրեդիտ «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոններ» դասընթացից։ Այս պահանջը ներառված է հավաստագրման նպատակով օրենքով սահմանված ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի մեջ (220 ՇՄԶ կրեդիտ՝ ավագ բուժաշխատողների համար և 140 ՇՄԶ կրեդիտ՝ միջին օղակի բուժաշխատողների համար)։

Այս նախաձեռնությանը նպաստելու և առողջապահության ոլորտում պացիենտակենտրոն մոտեցումը խթանելու նպատակով Եվրոպայի խորհուրդը, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ, կազմակերպել է բուժաշխատողների էթիկայի կանոնների վերաբերյալ երկու երկօրյա դասընթացներ, որոնք անցկացվել են մայիսի 13–15-ին և մայիսի 22–23-ին։ Դրանց մասնակցել է 70 բուժաշխատող, ներառյալ՝ փախստական բուժաշխատողներ։

Դասընթացների ընթացքում մասնակիցները ուսումնասիրել են առողջապահության ոլորտում էթիկայի եվրոպական և ազգային ստանդարտները՝ կենտրոնանալով պացիենտ–բուժաշխատող հարաբերություններում էթիկական նորմերի, շահերի բախման բացակայության, ինչպես նաև բժշկական գաղտնիքի և տեղեկացված համաձայնության սկզբունքների վրա։ Ծրագիրը համադրել է փորձագետների կողմից անցկացվող դասախոսությունները դերային խաղերի, իրավիճակային դեպքերի վերլուծության և գործնական վարժությունների հետ։

Այս դասընթացները մեծապես նպաստում են բուժաշխատողների հավաստագրմանը՝ միաժամանակ ամրապնդելով բարեվարքությունը, մասնագիտական վարքագիծը և պացիենտակենտրոն խնամքը՝ ի շահ հանրության։

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ III» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ գործողությունների ծրագրի շրջանակում։

Armenia 26 May 2026
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page