Back Հայաստանը պետք է առավել մեծ ջանքեր գործադրի գենդերային հավասարությունն ապահովելու և արդարադատության համակարգում մարդու իրավունքները պաշտպանելու համար

Visit report
Ստրասբուրգ 10 մարտի, 2015թ.
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page
  • Imprimer en PDF
Հայաստանը պետք է առավել մեծ ջանքեր գործադրի գենդերային հավասարությունն ապահովելու և արդարադատության համակարգում մարդու իրավունքները պաշտպանելու համար

Կարդալ զեկույցը

 ՙՀայաստանում գենդերային անհավասարությունը և կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների տեսանկյունից լուրջ մտահոգություն են ներկայացնում: Առավել ակտիվ ջանքեր են անհրաժեշտ դրանց դեմ պայքարելու համար՚,- այսօր ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը` հրապարակելով 2014թ. հոկտեմբերի 5-ից  9-ը Հայաստան կատարած իր այցի վերաբերյալ զեկույցը:

Գենդերային հավասարության խնդիրներին վերաբերող գործողությունների ծրագրերի, Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին 2013 թվականի օրենքի ընդունումը  ճիշտ ուղղությամբ քայլեր են, սակայն լայնորեն տարածված գենդերային կողմնակալությունը դեռ խոչընդոտում է կանանց հնարավորությունների արդյունավետ կերպով  ավելացմանը և նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքի կայացմանը: Որպես առաջնահերթություն, Հանձնակատարը խորհուրդ է տալիս վերացնել գենդերային խտրականության բոլոր դրսևորումները դպրոցական ծրագրերում, խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենք ընդունել և ավելացնել կանանց ներկայացվածությունը հանրային և քաղաքական կյանքում, ինչպես նաև ավելի վճռական քայլեր ձեռնարկել գենդերային հավասարությունը խթանելու համար` նեռառյալ աշխատանքային շուկայում:

Կանանց նկատմամբ բռնության, ներառյալ ընտանեկան բռնության, առկայության ընդունումը աճում է Հայաստանի հանրային քննարկումներում: Այնուամենայնիվ, իշխանությունները դեռ պետք է այնիպիսի միջոցներ ձեռնարկեն, որոնք հավասարարժեք կլինեն այդ խնդրի չափերին: ՙՀայաստանում հազարավոր կանայք ամեն տարի ենթարկվում են բռնության: Այս երևույթը հիմնականում ֆորմալ բողոքների տեսք չի ստանում պետական կառույցների անբավարար պատասխանի և մշակութային, հասարակական ու ընտանեկան միջավայրի պատճառով, որը միտում ունի արդարացնել և ընդունել կանանց նկատմամբ բռնությունը: Կարևոր է, որ քաղաքական և համայնքային գործիչների ուղերձներն այս հարցում միանշանակ լինեն` կանանց նկատմամբ բռնությունը երբեք չի կարող ընդունելի լինել: Միևնույն ժամանակ, դատական իշխանություններն ու իրավապահ ոլորտի ծառայողները պետք է վերապատրաստվեն, որպեսզի առավել լավ հայտնաբերեն, քննեն և քրեական հետապնդման ենթարկեն կանանց նկատամաբ բռնությանը վերաբերող գործերը` համապատասխան պատժի ենթարկելով իրավախախտներին: Այս միջոցները պետք է փոխլրացվեն ընտանեկան բռնության և գենդերային հավասարության մասին հանրային իրազեկությունը բարձրացնելու մշտական ջանքերով` ներառյալ դպրոցներում, ինչպես նաև ընդունելով կանանց նկատմամբ բռնությանը վերաբերող կոնկրետ օրենսդրություն, որը բավարար երաշխիքներ և պաշտպանություն կտա ընտանեկան բռնությունից տուժածներին: Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը նույնպես կարևոր քայլ կլինի՚:

Հայաստանում արդարադատության համակարգի ընթացիկ բարեփոխումները պետք է օգտագործել անկախ, անկողմնակալ և արդյունավետ դատական համակարգ ապահովելու  արդեն երկար ժամանակ հետապնդվող նպատակին հասնելու համար: ՙԴատավորներն առավել լավ պաշտպանված պետք է լինեն ներքին և արտաքին ճնշումներից: Անհրաժեշտ է ամրապնդել նրանց ինքնակառավարումը և սահմանափակել Հանրապետության Նախագահի դերը դատավորների ընտրության, նշանակման, առաջխաղացման և ազատման գործում: Պետք է ներդրվեն անհրաժեշտ երաշխիքներ դատավորների դեմ կարգապահական վարույթների կամայական օգտագործումը կանխարգելելու համար՚:

Անդրադառնալով քրեական արդարադատության համակարգում դատախազության դեռևս  գերիշխող դիրքին, Հանձնակատարն ընդգծում է պաշտպանության կողմի իրավունքների ապահովման կարևորությունը, մասնավորապես դատավարության կողմերի հավասարության, մրցակցային դատավարության և անմեղության կանխավարկածի սկզբունքներն ապահովելու միջոցով, ինչպես նաև առավել ամրապնդելով իրավաբանական օգնության հասանելիությունը: Հանձնակատարը նաև մտահոգությամբ նկատում է որպես խափանման միջոց նախնական կալանքի հաճախ կիրառումը և ընդգծում, որ այն պետք է կիրառվի միայն հատուկ դեպքերում` հիմնականում նախապատվություն տալով  ազատազրկման հետ չկապված  այլ պատժամիջոցներին:

Հանձնակատարին նաև խորապես մտահոգում են իրավապահ մարմինների կողմից կատարված դաժան վերաբերմունքի մասին շարունակվող հայտարարություններն ու մարդու իրավունքների ծանր խախտումների վերաբերյալ արդյունավետ հետաքննության բացակայությունը: ՙԺամանակն է, որ Հայաստանի իշխանությունները լուծում տան այս խնդիրներին` մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորություններին համապատասխան: Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ իրավական երաշխիքներն ամրապդելը, ճնշման արդյունքում ստացված ապացույցների օգտագործման բացառումը և մարդու իրավունքների ծանր խախտումների`  ներառյալ 2008թ. մարտի դեպքերի համար պատասխանատվություն ապահովելուն կոչված առավել վճռական քայլերը, անհապաղ իրականցվելիք միջացառումների շարքում պետք  է լինեն՚:

Ամփոփելով Հանձնակատարը խորհուրդ է տալիս բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցող բռնարարքների խնդիրը լուծելուն ուղղված միջոցներ ձեռնարկել` ապահովելով խախտոումների համար պատասխանատվությունը և թափ հաղորդելով բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումներին` հասարակական կազմակերպությունների ու զոհվածների հարազատների հետ համագործակցությամբ: