Web turinio atvaizdavimas Web turinio atvaizdavimas

URL: http://www.coe.int/en/web/cpt/about-the-cpt_AM

ԽԿԿ–ի մասին համառոտ

"ԽԿԿ–ի մասին համառոտ"

Եվրոպական կոնվենցիա խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին

 ԽԿԿ-ի չափորոշիչները


Ազատազրկված անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելումը Եվրոպայում

ԽԿԿ-ն այցելություններ է կատարում ազատազրկման վայրեր` գնահատելու համար ազատազրկված անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը: Այդ վայրերը ներառում են բանտերը, անչափահասների կալանքի կենտրոնները, ոստիկանական տեղամասերը, օտարերկրացիներին պահելու կենտրոնները, հոգեբուժարանները, սոցիալական խնամք տրամադրող հաստատությունները և այլն:

ԽԿԿ-ի պատվիրակություններն օգտվում են ազատազրկման վայրեր անսահմանափակ այցելության և նման վայրերում անարգել տեղաշարժվելու իրավունքից: Նրանք կառող են առանց վկաների զրուցել ազատազրկված անձանց հետ և ազատորեն շփվել ցանկացած անձի հետ, ով կարող է տեղեկատվություն տրամադրել:

Յուրաքանչյուր այցելությունից հետո ԽԿԿ-ն մանրամասն զեկույց է ներկայացնում տվյալ պետությանը: Այս զեկույցը ներառում է ԽԿԿ-ի եզրակացությունները և նրա հանձնարարականները, մեկնաբանություններն ու տեղեկատվություն ստանալու խնդրանքները: ԽԿԿ-ն խնդրում է նաև հանգամանալից պատասխան տալ իր զեկույցում բարձրացված հարցերին: Այս զեկույցներն ու պատասխանները շահագրգիռ պետությունների հետ ընթացող երկխոսության մասն են կազմում: 

ԽԿԿ-ի լրիվ անվանումն է. “Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե”: Այն առանձնապես կարևորում է երկու հանգամանք. առաջինը` այն գործում է ողջ Եվրոպայում և, երկրորդը` այն վերաբերում է ոչ միայն “խոշտանգումներին”, այլև մի ողջ շարք իրավիճակների, որոնք կարող են դասվել “անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի” կարգը:

Այցելությունների համակարգը

Այցելությունները կատարվում են պատվիրակությունների կողմից, որոնք սովորաբար կազմված են լինում ԽԿԿ-ի մի շարք անդամներից, որոնց ուղեկցում են Կոմիտեի Քարտուղարության աշխատակազմի անդամները և, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ փորձագետներից և թարգմանիչներից:

ԽԿԿ-ի պատվիրակությունները կատարում են պարբերական այցելություններ (սովորաբար` չորս տարին մեկ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հատուկ “ad hoc” այցելություններ:

Կոմիտեն պարտավոր է տվյալ պետությանը տեղյակ պահել այցելություն կատարելու իր մտադրության մասին: Տեղեկացնելուց հետո ԽԿԿ-ի պատվիրակությունը կարող է ցանկացած ժամանակ այցելել յուրաքանչյուր վայր, որտեղ կարող են լինել ազատազրկված անձինք:

Համագործակցություն և գաղտնիություն

Համագործակցության և գաղտնիության սկզբունքները ներառված են այն միջազգային պայմանագրում, որով ստեղծվել է ԽԿԿ-ն:

  • Համագործակցությունը տվյալ երկրի իշխանությունների հետ հանդիսանում է ԽԿԿ-ի աշխատանքի առանցքը, քանի որ հետապնդած նպատակը ազատազրկված անձանց պաշտպանությունն է, այլ ոչ խախտումների հայտնաբերման դեպքում պետությունների հանդեպ մեղադրանքների առաջադրումը:
  • Գաղտնիությունը հանդիսանում է ԽԿԿ-ի աշխատանքի մյուս բնորոշ գիծը. Կոմիտեի եզրակացությունները, նրա զեկույցները, ինչպես նաև կառավարությունների պատասխանները, որպես կանոն, կրում են գաղտնի բնույթ: Ամեն դեպքում, սակայն, ԽԿԿ-ի կատարած աշխատանքի մասին տեղեկատվության մի զգալի մասը հասանելի է դառնում լայն հասարակայնությանը:

Հրատարակումները

  • Տվյալ պետության իշխանություններն իրենք կարող են պահանջել հրատարակել ԽԿԿ-ի ներկայացրած զեկույցը` իրենց սեփական պատասխանի հետ միասին: Մինչ օրս պետությունների մեծ մասը գերադասել է հրատարակել այդ փաստաթղթերը:
  • Եթե տվյալ պետությունը չի ցանկանում համագործակցել կամ հրաժարվում է ԽԿԿ-ի կողմից տրված հանձնարարականների լույսի ներքո իրավիճակը բարելավելուց, Կոմիտեն կարող է վճիռ կայացնել հանդես գալ հրապարակային հայտարարությամբ:
  • Ի հավելումն, ԽԿԿ-ն կազմում է իր գործունեության վերաբերյալ մի Ընդհանուր զեկույց, որը հրատարակվում է տարին մեկ անգամ:

ԽԿԿ-ի կառուցվածքը

  • ԽԿԿ-ն կազմված է անկախ և անկողմնակալ փորձագետներից, որոնք ներկայացնում են տարբեր մասնագիտություններ, այդ թվում` իրավաբաններ, բժիշկներ, ուղղիչ և ոստիկանական համակարգերի մասնագետներ:
  • Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն յուրաքանչյուր մասնակից պետությունից ընտրում է մեկ անդամ: Այդ անդամները ծառայում են իրենց անհատական իրավասությամբ (այսինքն, նրանք չեն ներկայացնում այն պետությունը, որտեղից նրանք ընտրվել են): Անկախությունն էլ ավելի երաշխավորելու համար, ԽԿԿ-ի անդամները չեն այցելում այն պետությունները, որտեղից նրանք ընտրվել են:
  • ԽԿԿ-ի Քարտուղարությունը կազմում է Եվրոպայի խորհրդի մասը:

Հիմքը

  • Խկկ-ն ստեղծվել է համաձայն Եվրոպայի խորհրդի “Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիայի”, որը ուժի մեջ է մտել 1989 թվականին:
  • Այն հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, որը նախատեսում է, որ` “Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի”:
  • ԽԿԿ-ն հետաքննիչ մարմին չէ, բայց ապահովում է ազատազրկված անձանց խոշտանգումներից և այլ տեսակի դաժան վերաբերմունքից պաշտպանելու ոչ դատական կանխարգելիչ մեխանիզմներ: Դրանով իսկ այն լրացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական գործունեությունը:

Վավերացումներ

  • Սույն Կոնվենցիան վավերացվել է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների կողմից:
  • Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միանալու համար: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է հրավիրել կազմակերպության անդամ չհանդիսացող պետություններին միանալու Կոնվենցիային:

 

Web turinio atvaizdavimas Web turinio atvaizdavimas

Preventing torture in Europe
www.cpt.coe.int

Web turinio atvaizdavimas Web turinio atvaizdavimas

  

Web turinio atvaizdavimas Web turinio atvaizdavimas
Web turinio atvaizdavimas Web turinio atvaizdavimas
Web turinio atvaizdavimas Web turinio atvaizdavimas