Պատմություն

Եվրոպայի խորհուրդը ստեղծվել է 1949թ. և եվրոպական ամենահին և ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում են 47 պետություններ և որը նպաստում է մարդու իրավունքների հիմնական սկզբունքների առաջխաղացմանը։ Իր գործունեության 50 տարիների ընթացքում կազմակերպությունը խորացրել և ընդլայնել է իր գործունեության ոլորտները ողջ մայրցամաքում։ Եվրոպայի պատմության գլոբալ փոփոխությունները՝ Խորհրդային Միության անկումը, Բեռլինյան պատի փլուզումը, հանգեցրել են Խորհրդի անդամակցության համար դիմումների թվի աճին և կոչ արել հիմնելու նոր գերակայություններ ու համապատասխան ռազմավարություն։

Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտին, պետությունները հստակ որոշել էին, որ պետք է հոգ տանեն նման ողբերգություն այլևս թույլ չտալու համար։ 1946թ. սեպտեմբերի 19-ին Ցյուրիխում իր ճառի ժամանակ Ուինսթոն Չերչիլն առաջինն էր, ով մատնանշեց, որ անհրաժեշտ է «մի սպեղանի, որը կարծես թե հրաշքով կփոխեր ողջ տեսարանն ու մի քանի տարվա ընթացքում Եվրոպան կդարձներ նույնքան ազատ և երջանիկ, որքան Շվեյցարիան է այսօր։ Մենք պետք է ստեղծենք Եվրոպայի միացյալ նահանգների կարգի մի կառույց»։

1948թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Հաագայի կոնգրեսը, որտեղ քսան երկրներից ժամանած ավելի քան հազար պատվիրակներ ներկայացրեցին այն բոլոր գաղափարները, որոնց շուրջ հիմնվեց «միացյալ» Եվրոպան։ Ընդունվեցին մի շարք որոշումներ, այդ թվում՝ ազգային խորհրդարանների կողմից ընտրված խորհրդարանական վեհաժողովի ստեղծումը, Մարդու իրավունքների եվրոպական խարտիայի մշակումը և նրա որոշումների կատարումը հարկադրելու նպատակով դատարանի ստեղծումը։

Հաագայի կոնգրեսից կարճ ժամանակ անց, Բելգիայի Արտաքին գործոց նախարար Փոլ Հենրի Սփաքը կոչ արեց ստեղծել Եվրոպական վեհաժողով, որը կունենար ընդգրկուն լիազորություններ և կազմված կլիներ տարբեր երկրների խորհրդարանների անդամներից, և որը որոշումներ կկայացներ մեծամասնական սկզբունքով։ Չնայած Մեծ Բրիտանիան, որը կողմնակից էր զուտ խորհրդակցական բնույթի մարմնի ստեղծմանը, մերժեց այս առաջարկը, 1949թ. հունվարին, փոխզիջումից հետո, ստեղծվեց Եվրոպայի խորհուրդը` կազմված Խորհրդակցական վեհաժողովից, որը գումարվում է հրապարակավ, և Նախարարների կոմիտեից, որն ունի որոշումներ կայացնելու իրավասություններ և գումարվում է փակ։

1949թ. մայիսի 5-ին Լոնդոնի Սուրբ Ջեյմսի պալատում տաս երկրներ՝ Բելգիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Միացյալ Թագավորությունը, Իռլանդիան, Իտալիան, Դանիան, Նորվեգիան և Շվեդիան, ստորագրեցին Եվրոպայի խորհրդի հիմնադիր փաստաթուղթը հանդիսացող պայմանագիրը։ Այսպիսով, ստեղծվեց և սկսեց աշխատել Եվրոպայի խորհուրդը։ Նրա առաջին նիստերը տեղի ունեցան Ստրասբուրգում, որը դառնալու էր կազմակերպության մշտական նստավայրը։ Խանդավառության առաջին պոռթկման արդյունքում մշակվեց առաջին հիմնական կոնվենցիան՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, որը ստորագրվեց Հռոմում, 1950թ. նոյեմբերի 4-ին և ուժի մեջ մտավ 1953թ. սեպտեմբերի 3-ին։

Ինչպես նշվել էր Կանոնադրությունում, «Եվրոպայի խորհրդի նպատակն է անդամ պետությունների միջև առավել միասնության հիմքեր ստեղծել՝ նրանց ընդհանուր ժառանգությունը հանդիսացող գաղափարները և սկզբունքները պահպանելու և իրականացնելու, ինչպես նաև տնտեսական և սոցիալական առաջընթացը դյուրին դարձնելու նկատառումներով։ Այս նպատակները պետք է իրագործվեին «Խորհրդի մարմինների միջոցով՝ ընդհանուր մտահոգության առարկա խնդիրների քննարկմամբ և տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտական, իրավական և վարչաիրավական հարցերի վերաբերյալ պայմանագրերի միջոցով, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման և իրագործման միջոցով»։

1949-1970թթ. Հունաստանը, Իսլանդիան, Թուրքիան, Գերմանիան, Ավստրիան, Կիպրոսը, Շվեյցարիան և Մալթան միացան կազմակերպությանը։ Այս ժամանակահատվածում այլ մեծ զարգացումներից են` 1960թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջին լսումները, 1961թ. հոկտեմբերի 18-ին Հռոմում Եվրոպական սոցիալական խարտիայի ստորագրումը և 1959թ. առաջին մասնագիտացված նախարարական համաժողովները։

Եվրոպայի խորհրդի առաջին մեծ քաղաքական ճգնաժամը գրանցվեց 1967թ., երբ հույն գնդապետները գահընկեց արեցին օրինականորեն ընտրված կառավարությունն ու հաստատեցին ինքնիշխանական վարչակարգ։ 1969թ. դեկտեմբերի 12-ին, Հունաստանի անդամակցությունը բացառելու վերաբերյալ կայացվելիք որոշումից ընդամենը մի քանի ժամ առաջ, գնդապետների վարչակարգը չեղյալ հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և դուրս եկավ Եվրոպայի խորհրդից։ 1974թ. նոյեմբերի 28-ին Հունաստանը վերադարձավ կազմակերպություն, երբ բռնատիրության անկման հետ կրկին վերականգնվեց ժողովրդավարությունը։ Միաժամանակ, 1974թ. ամռանը բռնկվեց Կիպրոսի ճգնաժամը՝ հանգեցնելով կղզու մասնատմանը Թուրքիայի ռազմական միջամտությունից հետո։

Մի նոր ճգնաժամ սկսվեց 1981թ., երբ Խորհրդարանական վեհաժողովը Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությանը զրկեց իր տեղերից՝ ի պատասխան մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը։

1985թ. ի վեր նախաձեռնվեցին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ժողովրդավարությունը ներկայացնելու առաջին քայլերը։ Համոզված լինելով, որ միասնությունը բազմազանության մեջ Եվրոպայի հարուստ ժառանգության հիմքն է, Եվրոպայի խորհուրդը նշեց, որ իրենց ընդհանուր ավանդույթը և եվրոպական ինքնությունը չեն սահմանափակվում տարբեր քաղաքական համակարգերով և բևեռվում են մշակութային համագործակցությանը, որպես մի միջոցի, որը նպաստում է ժողովուրդների և կառավարությունների միջև մշտական փոխըմբռնմանը։ Եվրոպայի խորհուրդը՝ մարդու իրավունքների պաշտպանը, դարձավ բռնապետությունից ժողովրդավարությանն անցման շուրջ բանակցությունների ամբիոն։

1989թ. հուլիսի 6-ին առաջին անգամ Խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովը դիմեց եվրոպական խորհրդարանականներին զինաթափման մասին նոր առաջարկով։ 1989թ. Հունգարիան, Լեհաստանը, ԽՍՀՄ-ը և Հարավսլավիան ստացան հատուկ հյուրի կարգավիճակ՝ բացելով իրենց լիիրավ անդամակցությանը տանող ուղին։

1989թ. նոյեմբերի 9-ին Բեռլինյան պատի փլուզումից հետո Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մատնանշեց, որ Խորհուրդը միակ կազմակերպությունն է, որը կարող է ընդգրկել Եվրոպայի բոլոր երկրները, հենց որ նրանք ընդունեն ժողովրդավարական կանոնները։

1990թ. նոյեմբերի 6-ին, անդրադառնալով իր երկրի անդամակցությանը Եվրոպայի խորհրդում, Հունգարիայի արտաքին գործոց նախարարն ասաց, որ այդ իրադարձությունը նշանավորում է մայրցամաքի միասնության վերահաստատումը։ Շուտով մշակվեցին հատուկ ծրագրեր՝ օգնելու եվրոպական գործընկերներին ժողովրդավարությանն անցման գործընթացում և դառնալու եվրոպական ժողովրդավարական և իրավական համայնքի մի մասը։

Ֆրանսուա Միտերանի նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների առաջին գագաթաժողովը տեղի ունեցավ 1993թ. հոկտեմբերի 8-9-ը։ Վիեննայի գագաթաժողովը հաստատեց և երկարաձգեց Եվրոպայի խորհրդի տարածման քաղաքականությունը։ Գագաթաժողովը նաև հիմքեր դրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 11 արձանագրության մշակման համար՝ առավել արդյունավետ և արագընթաց դարձնելով նրա գործունեությունը։

Այսպես, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացը հանգեցրեց 1990թ. Հունգարիայի, 1991թ. Լեհաստանի, 1992թ. Բուլղարիայի և 1993թ. Էստոնիայի, Լիտվայի, Սլովենիայի և Ռումինիայի անդամակցությանը Եվրոպայի խորհրդում։ Չեխիայի և Սլովակիայի հանրապետությունները 1993թ. փոխարինեցին 1991թ. Չեխոսլովակիայի անդամակցությանը: Լատվիան Եվրոպայի խորհրդին միացավ 1995թ. փետրվարի 10-ին, Մոլդովան և Ալբանիան՝ հուլիսի 13-ին, և Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետությունը` նոյեմբերի 9-ին։ Ռուսաստանի Դաշնությունը անդամակցություն ձեռք բերեց 1996թ. փետրվարի 28-ին, իսկ Խորվաթիան՝ նույն թվականի նոյեմբերի 6-ին։ Վրաստանը Եվրոպայի խորհրդի կազմում ընդգրկվեց 1999թ. ապրիլի 27-ին, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը՝ 2001թ. հունվարի 25-ին։ Բոսնիա և Հերցեգովինան անդամակցություն ձեռք բերեց 2002թ. ապրիլի 24-ին, իսկ Սերբիա և Մոնթենեգրոն` 2003թ. ապրիլի 3-ին։

1996թ. Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի անդամակցությունից հետո կազմակերպությունը վերջապես դարձավ լրիվ համաեվրոպական։ Ընդլայնման արդյունքում ստեղծվեցին նոր գերակայություններ՝ արտագաղթ, կոռուպցիա, ազգություն ունենալու իրավունք, սոցիալական բացառում և փոքրամասնություններ։ 1998թ. նոյեմբերի 1-ին, մարդու իրավունքների պաշտպանության երկակի համակարգը փոխարինվեց մեկ միսանական դատարանով։ա

ԵԽ հիմնադիր հայրեր ԵԽ հիմնադիր հայրեր

 Հիմնադիրները

Հիմնադիրներն այն մարդիկ էին, ովքեր սկսեցին Եվրոպայի կառուցման գործընթացը` 1949 թվականին  հիմնադրելով Եվրոպայի խորհուրդը, իսկ 1950 թվականին ստեղծելով Եվրոպական ածուխի և պողպատի համայնքը  (ԵԱՊՀ), ապա` 1957 թվականին Եվրոպական տնտեսական համայնքը:

 

Երկխոսություններ վարող այս մարդիկ անցել էին երկու համաշխարհային պատերազմի միջով և իրական փորձ ունեին մի շարք եվրոպական մշակութային դրսևորումների հետ, հանդիսանում էին մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքների վրա հիմնված խաղաղ Եվրոպան ստեղծողները: