Back Կլոր-սեղան քննարկում. համատեղ լուծումներ իրավախախտների արդյունավետ վերականգնման համար

Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները 2023 թվականի դեկտեմբերի 5-ին հավաքվել էին Երևանում՝ ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման կարիքների վերաբերյալ կլոր սեղան-քննարկման շրջանակներում։ Միջոցառումը նպատակ ուներ հասցեագրել հիմնարար խնդիրները՝ օգնելով իրավախախտներին վերաինտեգրվել հասարակությանը վերասոցիալականացման և վերականգնման համապարփակ ծրագրերի միջոցով:

Մասնակիցները քննարկել են ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման կարիքները՝ բացահայտելով հանցավոր վարքի հիմքում ընկած պատճառները և ընդգծելով այս արմատական ​​խնդիրների լուծման կարևորությունը:

Միջոցառման կարևորագույն կետերն էին Քրեակատարողական ծառայության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող վերասոցիալականացման միջոցների, միջազգային չափանիշների և լավ փորձի, ինչպես նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկների՝ վերասոցիալականացման ծրագրեր իրականացնելու կարիքների և կարողությունների վերաբերյալ քննարկումները։ Ներկայացվեց առաջարկվող փորձնական ծրագիր, որը նպատակ ունի ծառայել որպես ազատազրկվածների հատուկ կարիքներին հարմարեցված արդյունավետ վերականգնման մոդել: Քննարկումը ծավալվեց նաև այս ծրագրի իրականացման գործնական ասպեկտների և մարտահրավերների շուրջ, որոնք կարող են առաջանալ՝ հաշվի առնելով ազգային համատեքստը: Արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել ծրագրին և խոստացել համատեղ աշխատել՝ ապահովելու դրա հաջողությունը:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում, որն օգնում է ազգային իշխանություններին էլ ավելի խորացնել քրեակատարողական բարեփոխումները, քրեակատարողական առողջապահությունը և ազատությունից զրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

 

ԵՐևԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 5-ը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2023
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page