Back Առողջապահությունը անազատության պայմաններում. Հայաստանի ճանապարհը դեպի լավարկված քրեակատարողական առողջապահություն

Առողջապահությունը անազատության պայմաններում. Հայաստանի ճանապարհը դեպի լավարկված քրեակատարողական առողջապահություն

2024 թվականի սեպտեմբերի 17-ին Եվրոպայի խորհուրդը անցկացրեց համաժողով նվիրված Հայաստանում քրեակատարողական առողջապահության ապագային՝ համախմբելով փորձագետներին, քաղաքականություն մշակողներին և միջազգային ներկայացուցիչներին։

Համաժողովի նպատակն էր ուսումնասիրել և գնահատել Հայաստանում քրեակատարողական առողջապահության բարեփոխումների մարտահրավերները, ձեռքբերումները և ապագա ուղղությունները՝ միաժամանակ նպաստելով հիմնական շահագրգիռ կողմերի միջև երկխոսությանը:

Միջոցառումը հաջորդում է 2023 թվականի ապրիլին «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» Արդարադատության նախարարությունից Առողջապահության նախարարությանը տեղափոխմանը: Եվրոպայի խորհրդի աջակցությամբ այս անցումը նպատակ ուներ Հայաստանի քրեակատարողական առողջապահության համակարգը համապատասխանեցնել ազգային և միջազգային առողջապահական չափանիշներին և ապահովել, որ ազատազրկված անձնաց տրամադրվող առողջապահական ծառայությունները համարժեք լինեն ընդհանուր բնակչությանը տրամադրվող ծառայություններին։  

Բացելով համաժողովը՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ընդգծեց այս անցման կարևորությունը և առողջապահության որակի բարելավման և քաղաքացիական համակարգին ինտեգրման հետագա անհրաժեշտությունը։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը նույնպես ընդգծեցին ձեռք բերված առաջընթացը և առկա մարտահրավերները։

Մասնակիցները ծանոթացան քրեակատարողական առողջապահության փոխանցման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի առաջարկություններին, որոնք վճռորոշ են եղել այս բարդ գործընթացը առաջնորդելու համար։ Ինչպես նաև, ներկայացվել և քննարկվել են վճիռների կատարման և Խոշտանգումների ու անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի առաջարկությունների հետ կապված առկա իրավիճակը և կարիքները: Մասնակիցները նաև դիտարկեցին միջազգային լավագույն փորձը, մասնավորապես՝ դասերը Կոսովոյի* քրեակատարողական առողջապահական համակարգից՝ քննարկելով արժեքավոր ուղենիշներ Հայաստանի ընթացիկ բարեփոխումների համար:

Համաժողովը կարևոր առաջընթաց է Հայաստանում ավելի առողջ, ավելի մարդասիրական և արդյունավետ քրեակատարողական առողջապահական համակարգի ուղղությամբ՝ որպես Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության մաս։

Միջոցառումները կազմակերպվել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում, որն օգնում է ազգային իշխանություններին էլ ավելի խորացնել քրեակատարողական բարեփոխումները, քրեակատարողական առողջապահությունը և ազատությունից զրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

* Սույն տեքստում Կոսովոյի մասին բոլոր հղումները՝ լինի դա տարածքին, հաստատություններին կամ բնակչությանը, պետք է ըմբռնվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևին լիովին համապատասխան և առանց վնասելու Կոսովոյի կարգավիճակին:

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ 17.09.2024
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page