1996թ. մարտի 7

Հայաստանի Հանրապետությունը դիմում է Եվրոպայի խորհրդին անդամակցության համար։

1996թ. հունվարի 26

ՀՀ Ազգային ժողովը ստացավ Հատուկ հյուրի կարգավիճակ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում։

2000թ. նոյեմբերի 9

Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու հրավեր ստացավ՝ ԵԽ Նախարարների կոմիտեի Թիվ (2000)13 որոշման համաձայն։

2001թ. հունվարի 25

Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ։  Խորհրդարանական վեհաժողովի Թիվ . 221(2000) կարծիքի հոդված 13-ի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնեց հետևյալ պարտավորությունները՝

Կոնվենցիաներ
  1. անդամակցություն ստանալու պահին ստորագրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ) և նրան լրացնող Թիվ 2 և Թիվ 11 արձանագրությունները, ինչպես նաև Թիվ 1, 4, 6 և 7 արձանագրությունները
  2. վավերացնել ՄԻԵԿ-ը և նրան լրացնող Թիվ 1, 4, 6 և 7 արձանագրությունները անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում
  3. ստորագրել և վավերացնել Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիան և դրա արձանագրությունները անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում
  4. ստորագրել և վավերացնել Տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում
  5. ստորագրել և վավերացնել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում
  6. ստորագրել և վավերացնել անդամակցություն ձեռք բերելուց հետո երկու տարվա ընթացքում Տարածքային համայնքների կամ իշխանության մարմինների միջև անդրսահմանային համագործակցության եվրոպական շրջանակային կոնվենցիան և դրա լրացուցիչ արձանագրությունները, ինչպես նաև հանձնման, քրեական հարցերում փոխադարձ օժանդակության, հանցագործ գործունեությունից ստացված եկամուտների լվացման, որոնման, զավթման և բռնագրավման և բանտարկված անձանց փոխանցման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիաները՝ միաժամանակ կիրառելով դրանցում առկա հիմնարար սկզբունքները
  7. ստորագրել Եվրոպական սոցիալական խարտիան անդամակցություն ձեռք բերելուց հետո երկու տարվա ընթացքում և վավերացնել այն անդամակցություն ձեռք բերելուց հետո երեք տարվա ընթացքում՝ ջանալով կիրառել Խարտիայի սկզբունքներին համապատասխան քաղաքականություն
  8. ստորագրել Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագիրը և համապատասխան արձանագրությունները անդամակցություն ձեռք բերելու պահին և վավերացնել դրանք անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում:
Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում
  1. հետամուտ լինել այս հակամարտության միայն խաղաղ ճանապարհով հանգուցալուծմանը.

  2. օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ ունեցած զգալի ներգործությունը հակամարտության հանգուցալուծմանը նպաստելու նպատակով.

  3. միջազգային և ներքին հակասությունները կարգավորել խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն (պարտավորություն, որը պարտադիր է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար)՝ վճռականորեն մերժելով հարևանների նկատմամբ ուժի սպառնալիքի որևէ դրսևորում.

Ներպետական օրենսդրություն
  1. անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունել Քրեական oրենսգրքի երկրորդ (հատուկ) մասը՝ de jure վերացնելով մահապատիժը և ապաքրեականացնելով փոխադարձ համաձայնությամբ միասեռ փոխհարաբերությունները չափահասների միջև.

  2. անդամակցություն ձեռք բերելուց հետո վեց ամսվա ընթացքում ընդունել օմբուդսմենի մասին օրենքը.

  3. անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունել նոր օրենք լրատվամիջոցների մասին.

  4. անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունել նոր օրենք քաղաքական կուսակցությունների մասին.

  5. անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունել նոր օրենք ոչ կառավարական կազմակերպությունների մասին.

  6. անդամակցություն ձեռք բերելուց հետո վեց ամսվա ընթացքում ընդունել օրենք Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարություններից բանտային համակարգի, այդ թվում նաև նախնական կալանքի վայրերի և աշխատանքային գաղութների նկատմամբ պարտականությունները (իրավասությունները) Արդարադատության նախարարությանը փոխանցելու մասին՝ դրանով ապահովելով համակարգի հանգամանալի բարեփոխումները և ապառազմականացումը, և երաշխավորել նշված օրենքի արդյունավետ կիրառումը՝ այն ընդունելուց հետո վեց ամսվա ընթացքում, բացառությամբ նախնական կալանքի վայրերի և աշխատանքային գաղութների արդյունավետ փոխանցման, ինչը պետք է կատարվի նշված օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում.

  7. անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում ընդունել օրենք քաղաքացիական ծառայության մասին.

  8. նախքան հաջորդ տեղական ընտրությունները փոփոխել տեղական իշխանությունների լիազորությունները կառավարող ներկա օրենսդրությունը, որպեսզի նրանց առավել մեծ պարտականություններ և անկախություն վերապահվի՝ այս ոլորտում Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵՏՏԻԿ) հանձնարարականների համաձայն։

  9. վերացնել ընտրական նոր օրենսգրքի թերությունները մինչև հաջորդ ընտրությունները՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով ընտրական հանձնաժողովների ընթացակարգային ասպեկտներին և ընտրամատյանների ստեղծման համար պատասխանատու իշխանությունների աշխատանքին:

մարդու իրավունքներ
  1. դատաիրավական համակարգի համալիր բարեփոխում inter alia երաշխավորելու՝

    • դատաիրավական համակարգի լրիվ անկախություն,

    • քրեական դատավարություններում լրիվ և անմիջական մատչելիություն դատապաշտպանին (պարտադիր անչափահասների համար). անհրաժեշտության դեպքում ծախսերը պետք է հոգա պետությունը.

  2. երաշխավորել, որ բոլոր եկեղեցիները կամ կրոնական համայնքները, մասնավորապես նրանք, որոնց անվանում են «ոչ ավանդական», կարող են դավանել իրենց կրոնը առանց խտրականության.

  3. սերտ համագործակցել ՈԿԿ-ների հետ՝ երաշխավորելու բանտարկյալների և դատապարտվածների իրավունքների նկատմամբ հարգանքը.

  4. անդամակցության երեք տարիների ընթացքում ընդունել այլընտրանքային ծառայության մասին եվրոպական չափանիշներին համապատասխան օրենք և միևնույն ժամանակ ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունը մերժելու պատճառով ազատազրկված կամ ուղղիչ աշխատանքի դատապարտված անձանց՝ նրանց հնարավորություն ընձեռելով ընտրություն կատարել չզինված ռազմական կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայության միջև, այլընտրանքային ծառայության մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո.

  5. պետական հեռուստակայանը դարձնել հանրային կայան, որը կկառավարի անկախ վարչական խորհուրդը.

Պարտավորությունների մոնիտորինգը
  1. սերտ համագործակցել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից իրենց ստանձնած պարտավորությունների կատարման՝ Վեհաժողովի հանձնաժողովի (Մոնիտորինգային հանձնաժողով) ստեղծման մասին Վեհաժողովի Թիվ 1115 (1997) որոշման կիրառման համատեքստում.

  2. սերտ համագործակցել մոնիտորինգային գործընթացին, որը սկսվել է համաձայն 1994թ. նոյեմբերի 10-ին (95-րդ նստաշրջանին) Նախարարների կոմիտեի ընդունած հայտարարագրի։