Խաղաղ հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակության հիմնարար իրավունքներից է։
«Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագիրն 2023 թվականին իր մեկնարկից ի վեր տրամադրում է փորձագիտական աջակցություն և կազմակերպում է կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի պաշտպանությանն աջակցելու նպատակով։
Մասնավորապես, 2023 և 2024 թվականներին Եվրոպայի խորհուրդը աջակցել է «Ոստիկանական գվարդիայի մասին» օրենքի հայեցակարգի և հետագայում նոր օրենքի նախագծի մշակմանը։
Ծրագրի ջանքերով կազմակերպել են մի շարք հանդիպումներ և հինգ կլոր սեղան-քննարկում մինչև Ազգային ժողովում օրենքի նախագծի առաջին ընթերցումը և ամփոփիչ քննարկում 2024 թվականի հոկտեմբերին՝ մինչև երկրորդ ընթերցումը: Այս հանդիպումների նպատակն էր ստեղծել հարթակ, որպեսզի պետական մարմինների ներկայացուցիչները, ոլորտի առանցքային մասնագետները, քաղաքականություն մշակողները, Ազգային ժողովի պատգամավորները, Եվրոպայի խորհրդի փորձագետները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն ստանան երկխոսություն ծավալելու, խնդիրների լուծումներ ներկայացնելու և հեռանկարային առաջարկներ քննարկելու օրենքի հայեցակարգի և նախագծի վերաբերյալ։ Ազգային ժողովն իր ակտիվ դերակատարումն է ունեցել օրենքի նախագծի մշակման գործընթացում հենց սկզբից՝ սերտ համագործակցելով բոլոր ներգրավված կողմերի հետ, որի արդյունքում հաշվի են առնվել բազմազան տեսանկյուններ և ապահովվել է օրենքի ընդունումը։
Ոստիկանության բարեփոխումների իրականացումը երկարաժամկետ ու բարդ գործընթացը է և պահանջում է հստակ ռազմավարական տեսլական և մանրակրկիտ պլանավորում, որն իր մեջ ներառում է ինչպես օրենսդրական, այնպես էլ կազմակերպչական միջոցառումներ և դրանց համատեղ իրականացում շահառու կառույցների կողմից: Ընթացիկ բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ոստիկանության ծառայողների կարգավիճակի վերագնահատում, համապատասխան գիտելիքների տրամադրում և հմտությունների զարգացում, որպեսզի նրանք իրենց դերը կատարեն ժողովրդավարական հասարակությունում: Նոր օրենքը ոստիկանության գվարդիային հնարավորություն կընձեռի արդյունավետորեն իրականացնել իրենց հիմնական գործառույթներից մեկը՝ հասարակական կարգի պահպանումը, միաժամանակ ապահովելով քաղաքացիների՝ խաղաղ հավաքներին ազատ մասնակցելու իրավունքի պաշտպանությունը։
Եվրոպայի խորհուրդը համակողմանի աջակցություն է ցուցաբերել օրենքի մշակման նախնական փուլից մինչև դրա ամբողջական ընդունումը, ինչը հանդիսանում է Ծրագրի մեծ ձեռքբերումներից և նշանավորում է կարևորագույն առաջխաղացում ոստիկանության բարեփոխումների իրականացմնան և ներպետական օրենսդրությունը մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործում:
Այն նաև իր անմիջական ազդեցություն կարող է ունենալ ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով կայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վրա, մասնավորապես, ԵԽ Նախարարների կոմիտեի խստացված վերահսկողության ներքո գտնվող Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի, ինչպես նաև այս խումբ գործերի այլ վճիռներում, որտեղ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ խաղաղ ցույցերի ցրումը և դրա հետևանքով ակտիվիստների ձերբակալումը, հետապնդումը և դատապարտումը անհամաչափ և անհարկի բնույթ են կրել, ինչպես նաև առկա են եղել ՄԻԵԿ-ի 11-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ ներպետական պաշտպանության թերի միջոցներ։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է ոստիկանության բարեփոխումների շրջանակներում ոստիկանության գվարդիայի՝ որպես մասնագիտացված ծառայության ստեղծման կարևորությունը, որն իրակացնելու է հասարակական կարգի պահպանման ու անվտանգության, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքի ապահովման գործառույթները՝ միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան։ «Ոստիկանական գվարդիայի մասին» նոր օրենքի գլխավոր ձեռքբերումներից է ոստիկանության կողմից ուժի կիրառման չափորոշիչների և սկզբունքների հստակ սահմանումը, ինչը անհրաժեշտության դեպքում կերաշխավորի ուժի կիրառման համաչափությունն և օրինականությունը։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչի շնորհիվ Ներքին գործերի նախարարությունը հնարավորություն է ստացել իրակացնելու իր ռազմավարական ծրագրերն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը ոստիկանության ողջ գործունեության ընթացքում։
Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ողջունել է Ոստիկանության գվարդիայի մասին օրենքի ընդունումը՝ շեշտելով Ներքին գործերի նախարարության հետ համագործակցության կարևորությունը և այս առանցքային օրենսդրական նախաձեռնությանն ուղղված համատեղ ջանքերը, որոնց նպատակն է նպաստել ոստիկանության բարեփոխումներին՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան։