Եվրոպական Սոցիալական Խարտիան՝ Եվրոպայի Խորհրդի համաձայնագիր է, որը երաշխավորում է տնտեսական և սոցիալական իրավունքները։ Այն մնում է Եվրոպայի խորհրդի կանոնադրական նպատակների հիմքում՝ մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն, որոնք չեն կարող իրացվել առանց սոցիալական իրավունքների պաշտպանության։ Խարտիան վավերացվել է Հայաստանի կողմից 2004թ․-ին։ Դրա ընդլայնված կիրառումը գործնականում կնպաստի սոցիալական և տնտեսական իրավունքների ավելի լավ պաշտպանությանը և կաջակցի կայուն ժողովրդավարությանը Հայաստանում։ Եվրոպայի Խորհուրդը աջակցում է Հայաստանին իրականացնելու բարեփոխումներ սոցիալական իրավունքների և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ Եվրոպական սոցիալական խարտիայի և Եվրոպական համապատասխան չափանիշների պահանջներին համաձայն, ներառյալ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համատեքստում։
Հուլիսի 23-ին Եվրոպայի խորհրդը անցկացրեց Եվրոպական սոցիալական խարտիայի կոնվենցիոն համակարգի և դրա զեկույցների ներկայացման մեխանիզմների վերաբերյալ աշխատաժողով՝ պետական իշխանությունների, իրավաբան մասնագետների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների 35 ներկայացուցիչների համար։
«Եվրոպական սոցիալական խարտիայի կոնվենցիոն համակարգին և դրա զեկույցների ներկայացման մեխանիզմներին նվիրված աշխատաժողովը Եվրոպական սոցիալական խարտիային նվիրված առաջին միջոցառումն է։ Այն մեկնարկային է Խարտիային նվիրված միջոցառումների շարքում, և այդ միջոցառումները միտված կլինեն ապահովելու Խարտիայի և Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեին հաշվետվություններ ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ գիտելիքների ընդլայնումը»- իր ողջույնի խոսքում նշեց Մարգարիտա Գալստյանը, Եվրոպայի Խորհրդի Սոցիալական իրավունքների դեպարտամենտի Համագործակցության բաժնի ղեկավարը։
Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ, Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի փոխնախագահ Տատյանա Պույուն և Եվրոպայի խորհրդի ազգային խորհրդատու, միջազգային իրավունքի փորձագետ Աննա Մելիքյանը ներկայացրեցին Եվրոպական սոցիալական խարտիայի և դրա մոնիտորինգային ընթացակարգերի ընդհանուր նկարագիրը, Եվրոպական սոցիալական խարտիայի համակարգի բարեփոխումները, Հայաստանն ու Եվրոպական սոցիալական խարտիան, ինչպես նաև հետագա քայլերը։
Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մաս է կազմում Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի։
Ծրագիրը նպաստում է պետական իշխանությունների կարողությունների զարգացմանը՝ ազգային քաղաքականությունն ու պրակտիկաները սոցիալական իրավունքների, ներառյալ բնակարանային ապահովման և աշխատանքային իրավունքների ոլորտում եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով՝ ապահովելու համար սոցիալական իրավունքների պատշաճ պաշտպանությունն և իրականացումը: Ծրագրի հիմնական բաղադրիչներից է որոշում կայացնողների իրազեկման ապահովումը՝ Եվրոպական սոցիալական խարտիայի նոր դրույթների ընդունման կարգի, ինչպես նաև Կոլեկտիվ բողոքների ընթացակարգի վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, ՀԿ-ները և իրավաբան մասնագետները ձեռք կբերեն համապատասխան կարողություններ՝ Եվրոպական սոցիալական Խարտիայի և Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի դատական պրակտիկայի համապատասխան՝ սոցիալական իրավունքների իրականացումն ու մոնիտորինգը ապահովելու համար։