Եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ բարձրաստիճան համաժողովում այսօր ընդունվել է շրջադարձային քաղաքական հռչակագիր, որն ամրապնդում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների հավատարմությունը սոցիալական արդարության և սոցիալական իրավունքների պաշտպանության նկատմամբ:
Լիտվայի նախագահության հովանու ներքո՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից անցկացվող բարձրաստիճան համաժողովը միավորել է սոցիալական իրավունքների և սոցիալական քաղաքականության ոլորտներում իրավասու նախարարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, Եվրոպայի խորհրդի ղեկավարներին, Եվրոպական միության, ՄԱԿ-ի, Աշխատանքի միջազգային կազմակերպության, քաղաքացիական հասարակության, սոցիալական գործընկերների, ակադեմիական կառույցների, մարդու իրավունքների և իրավահավասարության ազգային մարմինների ներկայացուցիչներին:
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն, դիմելով մասնակիցներին, ընդգծել է, որ «Եվրոպական սոցիալական խարտիան երաշխավորում է առողջության և կրթության, աշխատանքի, բնակարանի և սոցիալական ապահովության մեր իրավունքները, ի թիվս շատ այլ բաների: Այս իրավունքները կոչված են ապահովելու, որ մենք բոլորս կարողանանք ապրել պատշաճ և արժանապատիվ կյանքով և լիարժեք մասնակիցը դառնանք մեր ժողովրդավարական հասարակություններին»:
Իր հերթին, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն ընդգծել է, որ «Եվրոպական սոցիալական խարտիան բաղկացած է սկզբունքներից և նպատակներից, որոնք սահմանում են մեզ՝ որպես եվրոպացիների և որպես ժողովրդավարական երկրների, և իր իդեալների միջոցով Խարտիան մեզ առաջարկում է սոցիալական արդարության, ներառականության, բարգավաճման և առաջընթացի ճանապարհային քարտեզ։ Այնուամենայնիվ, դրանք չեն կարող հասանեի լինել առանց խաղաղության, անվտանգության և ազատության: Եվ երբ խաղաղ կարգը փլուզվում է, ուշադրությունն անխուսափելիորեն շեղվում է գոյաբանական սպառնալիքների վրա, և ամենաշատը տուժում են թույլերը: Ռուսաստանի չարդարացված և դաժան պատերազմը հիշեցնում է այն մասին, որ ազատությունը և այն ամենը, ինչ բարգավաճում է դրա շնորհիվ, ինքնին չի կարող ընդունվել: Եվ այսօր, օգնելով պաշտպանել Ուկրաինայի ազատությունը, մենք պաշտպանում ենք նաև մերը։ Մենք պաշտպանում ենք Եվրոպական սոցիալական խարտիայի արժեքները»:
Անցյալ տարվա մայիսին Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի ժամանակ ընդունված Ռեյկյավիկի հռչակագրում ուրվագծված հիմնական սկզբունքների հիման վրա քաղաքական հռչակագիրը ընդգծում է սոցիալական իրավունքների ամուր շրջանակի և Եվրոպական սոցիալական խարտիայի համակարգի կարևորությունը: Այն վերահաստատում է ռազմական ագրեսիայի անհամատեղելիությունը մարդու իրավունքների պարտավորությունների հետ, համերաշխություն է հայտնում տեղահանված ուկրաինացիներին և ընդգծում սոցիալական իրավունքների նկատմամբ հետագա պարտավորություններ ստանձնելու անհրաժեշտությունը։ Հռչակագիրը նաև ճանաչում է Եվրոպայի խորհրդի Զարգացման Բանկի դերը սոցիալական համախմբվածության ամրապնդման գործում, ողջունում է Խարտիայի համակարգի ներդրման և մոնիտորինգի բարելավմանն ուղղված որոշումները և ընդունում է ազգային գործադիր և օրենսդիր մարմինների կարևոր դերը սոցիալական իրավունքների պաշտպանության գործում օրենսդրական գործողությունների միջոցով:
Հռչակագրում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչները պարտավորվում են հարգել, պաշտպանել և իրականացնել սոցիալական իրավունքները։ Խարտիայի մասնակից պետություններին կոչ է արվում անրադառնալ մարտահրավերներին ու հնարավորություններին Խարտիայի պահանջները բավարարելու նպատակով, իսկ անդամ պետությունները, որոնք դեռ չեն վավերացրել Վերանայված սոցիալական խարտիան (1996 թ.), խրախուսվում են դա անել՝ տնտեսական և սոցիալական առաջընթացին աջակցելու համար: Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի նախագահ Աոիֆ Նոլանը շեշտեց, որ շատ կարևոր է, որ պետությունները շարունակեն զարգացնել համաժողովի կողմից ստեղծած շարժիչ ուժը, որպեսզի առավելագույնի հասցնեն Խարտիայի կարողությունը՝ ծառայելու որպես միասնական, համապարփակ շրջանակ ամբողջ Եվրոպայում սոցիալական իրավունքների պաշտպանության համար:
Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 25-ամյակի և Եվրոպայի խորհրդի 75-ամյակի կապակցությամբ համաժողովում տեղի ունեցավ պայմանագրին նվիրված միջոցառում: Այս միջոցառման ընթացքում Իսլանդիան ի պահ հանձնեց իր վավերացման փաստաթուղթը՝ դառնալով 36-րդ պետությունը, որը հավանության է արժանացրել Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան: Բացի այդ, Իռլանդիան և Անդորրան պարտավորվել են հետևել Խարտիայի հետագա դրույթներին, և մի քանի այլ անդամ երկրներ լրացուցիչ պարտավորություններ են ստանձնել Եվրոպական սոցիալական խարտիայի շրջանակներում: