Հանրային բանավեճն այս փաստաթղթում և Օվիեդոյի կոնվենցիայի 28-րդ հոդվածում «հանրային բանավեճի» համապարփակ գաղափարն օգտագործված է հանրային տիրույթում (այսինքն` ոչ մասնագիտական կոնտեքստում) խորհրդակցական այն շփումները նկարագրելու համար, որոնց միջոցով անհատները և խմբերը կարող են նույնականացնել, բացահայտել և պարզել իրենց տարբեր շահերն այն խնդիրների դեպքում, որոնք ազդում են (կարող են ազդել) նրանց բոլորի վրա: ազդեցիկ լինելու համար պետք է ֆունկցիոնալ կապ ապահովի հանրային բանավեճի և առողջպահության ու կենսաբժշկության ոլորտների կառավարման միջև, ինչը հնարավորություն կտա հանրության անդամներին ժողովրդավարական հասարակությանը հարիր եղանակով ազդեցություն ունենալ իրենց ընդհանուր ապագայի վրա:

Նախորդ բաժինը վերաբերվում է հանրային բանավեճի բուն միջոցառման որակին, իսկ այս բաժինն անդրադառնում է դրա հետագա ազդեցություններին և դրանց օպտիմալացմանը: Հետագա ազդեցությունները երկու տեսակի են. Ուղղակի հետևանքներ (օրինակ` առաջացնել նոր քաղաքականությունների անհրաժեշտություն) և բարձրացնել հասարակության` որպես սոցիալական մարմին բարեվարքության մակարդակը և, հետևաբար, ժողովրդավարական գործընթացների միջոցով կառավարմանը մասնակցելու հանրության կարողությունը:

օրինակներ

Պորտուգալիա` կյանքի վերջի մասին բանավեճ (2017թ.)

Կյանքի վերջի մասին հանրային բանավեճի արդյունքում հրատարակվեց «Deciding on the end of life – cycle of debates» գիրքը, որը կազմված էր համաժողովների քաղվածքներից և ընդգրկում էր հանրության կարծիքները: Գրքում կար նաև տերմինաբանական բառարան, եզրակացություն` բանավեճում հնչեցրած հիմնական հարցերով և փաստարկներով, ինչպես նաև համեմատական օրենսդրության կարճ ուսումնասիրություն:

Կյանքի վերջի մասին բանավեճի արդյունքում պորտուգալական օրենսդրությունը չփոխվեց, սակայն գրքի տեսքով լույս տեսած փաստաթղթերը ծառայում են այս թեմայով հետագա բանավեճերի հիմք և ելակետ:

Ֆրանսիա` հանրային բանավեճ կենսաէթիկայի մասին օրենքի շուրջ (2018թ.)

Ավարտից հետո Էթիկայի հարցերով ազգային խորհրդակցական կոմիտեն մանրակրկիտ վերլուծեց «États Généraux» և 2018 թվականի հունիսին հրապարակեց ամփոփիչ զեկույց, ուր լրացուցիչ ներկայացված են բանավեճի արդյունքում Քաղաքացիների կոմիտեի ձևավորած կարծիքները:

Էթիկայի հարցերով ֆրանսիական ազգային խորհրդակցական կոմիտեն (CCNE) 2018 թվականի սեպտեմբերին հրապարակած թիվ 129 կարծիքում առաջարկում է, որ կենսաէթիկայի մասին ֆրանսիական օրենքը ստանա կենսաէթիկական հարցերի շուրջ շարունակական բանավեճի աջակցությունը, իսկ բանավեճը չլինի միանգամյա միջոցառում: Նպատակն է խթանել այս հարցերի շուրջ բանավեճի մշակույթը: Այս համատեքստում CCNE-ի զեկույցը, ամենայն հավանականությամբ, կարևոր ելակետ կծառայի ապագայի համար:

«États Généraux»-ի դեպքում հանրության հաջողված մասնակցության բանալին Էթիկայի հարցերով ֆրանսիական ազգային խորհրդակցական կոմիտեին (CCNE) տրված` հանրային բանավեճ խրախուսելու և իր կարծիքով անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպելու լիազորությունն էր: CCNE-ին այս լայն լիազորությունը տրվել էր 2011թվականին, իսկ կենսաէթիկայի մասին օրենքի վերանայման համար ֆինանսավորումը հատկացվել էր 2018 թվականին:

Դանիա` առողջապահության համակարգի ապագայի վերաբերյալ բանավեճ Դանիայում (2008թ.)

Դանիայի Տեխնոլոգիաների խորհուրդը նախկինում ֆինանսավորում էր Դանիայի կառավարությունը, իսկ հիմա դա անկախ հաստատություն է, որը այլևս չի ստանում պետական միջոցներ: Կարևոր համարվեց առանձնացնել այն կառավարությունից, բայց խորհուրդը չստացավ օրենքով սահմանված լիազորություն և գործում է պատվիրակման հիմքով:

Ռուսաստանի Դաշնություն` հանրային բանավեճը և դրա ազդեցությունը մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին օրենքի վրա (2016թ.)

«Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների հանրային քննարկումը հաստատեց, որ օրգանների նվիրաբերումը շատ զգայուն հարց է ռուսական հասարակության համար: Առաջարկվող փոփոխություններն արժանացան հանրության լուրջ քննադատության: Քաղած ամենակարևոր դասերից մեկն այն էր, որ բանավեճն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե մարդիկ լիարժեք հասկանան թեման, հատկապես, երբ այն առաջացնում է մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ:

Կիպրոս` իրազեկման շաբաթ (2018թ.)

Կենսաէթիկայի հարցերով Կիպրոսի ազգային կոմիտեն լիազորված է խրախուսել հանրային բանավեճը` ամեն տարի հանրային բանավեճ կազմակերպելով ընտրված թեմայի շուրջ: