Back Նախապես կատարվող պլանավորում

Հոգեկան առողջության խնդիրներ և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց կողմից նախապես կատարվող պլանավորման տարբեր ձևերի վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ հետազոտություններ (Weller, 2013)։ Նախապես պլանավորումը ներառում է պրակտիկաներ, որոնք անգլերենում նկարագրված են տարբեր կերպ՝ որպես «նախապես տրվող ցուցումներ», «նախապես տրվող հրահանգներ», «համատեղ ճգնաժամային պլանավորում» և այլն: Այս միջոցները կարող են օգնել խուսափել այնպիսի ճգնաժամային իրավիճակներից, որոնցում անհատները ենթարկվում են հարկադրանքի: Որոշ հետազոտություններում դիտարկվել է նախապես կատարվող պլանավորման տարբեր մեթոդների ազդեցությունը հարկադրանքի կիրառման նվազեցման վրա (տե՛ս Barbui et al., 2020թ․, էջ 5), որն ընդհանուր առմամբ դրական արդյունքների է հանգեցնում, հատկապես ամենավերջին մետավերլուծությունների համաձայն (տե՛ս de Jong et al., 2016)։ Հոգեկան առողջության քաղաքականության միտումները վկայում են ընդհանուր համաձայնության մասին մասնավորապես, որ նախապես կատարվող պլանավորումը կարևոր տարր է ցանկալի պրակտիկաների փաթեթում, այդ թվում՝ որպես հարկադրանքը նվազեցնելու և մարդու իրավունքները խթանելու միջոց (Weller, 2013)։ Ըստ Քրիս Մեյլեայի և գործընկերների (Chris Maylea al.(2018)).

Մի շարք պացիենտների կողմից նախապես տրվող համաձայնությունները կամ նմանատիպ փաստաթղթերը դրվել են օրինական հիմքերի վրա, այնուհետև ներդրվել կամ փորձնական կիրառվել են։ Դրանց թվում են ԱՄՆ-ի որոշ նահանգները, Բելգիան, Իռլանդիան, Շոտլանդիան, Հնդկաստանը, Անգլիան, Ուելսը և Կանադան: Իրավակիրառական առումով դրանց մեջ կան լայն տատանումներ։ Փաստաթղթերը կարող են չունենալ իրավական ուժ, որոշում կայացնողները կարող են «հաշվի առնել» դրանք, դրանք կարող են չեղյալ համարվել դատարանի կամ այլ բարձրագույն մարմնի կողմից, կամ կարող են լիովին պարտադիր լինել որոշակի հանգամանքներում: Դրանք կարող են օգտագործվել բուժման համար նախապես համաձայնություն տալու համար՝ ըստ էության «պարտավորեցնելով» դրանք պատրաստող անձին, որը երբեմն նկարագրվում է որպես Ուլիսեսի դրույթ, կամ կարող են օգտագործվել «պարտադրելու» բուժող թիմին կամ այլ որոշում կայացնողներին հատուկ բուժումներ ընտրելու, սահմանափակելու կամ մերժելու: Չնայած բազմազանությանը, բոլոր մոդելները նախատեսված են մարդուն իրավազորելու և նրա կամքին և նախասիրություններին աջակցելու համար:

ԵԽ անդամ մի քանի երկրներում կիրառվում են հոգեկան առողջության ծառայությունների նախապես պլանավորման որոշակի ձևեր: Ստորև բերված են օրինակներ Իսպանիայից և Ֆրանսիայից:


ACP՝ հոգեկան առողջություն, Իսպանիա

2016 թվականին Անդալուզիայի հանրային առողջության դպրոցում պատրաստվեց ուղեցույց հոգեկան առողջության ոլորտում նախապես խնամքի պլանավորման համար (Նյութ 9, 28)։ Ծրագրի հապավումն է ACP-MH: Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը և «Հոգեկան առողջությունը Եվրոպայում» կազմակերպությունը (2020թ․, էջ 18) ծրագիրը նկարագրում է հետևյալ կերպ.

Նպատակն է նպաստել հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց ինքնավարությանը և աջակցել մարդկանց որոշումների կայացման հարցում: Օգտատերերը կարող են լրացնել փաստաթուղթ, որտեղ բացատրվում են ախտանիշները, որոնք նրանք սովորաբար նկատում են ճգնաժամային իրավիճակից անմիջապես առաջ, ինչն է ստիպում նրանց լավ և վատ զգալ անհանգստության ժամանակ, ով է նրանց կոնտակտային անձը, ում թույլ կտան այցելել, խնամքի տեսակը, որը նրանք նախընտրում են ճգնաժամի դեպքում, անձինք, ովքեր կարող են որոշումներ կայացնել իրենց փոխարեն, տեղեկություններ նրանց ընդհանուր առողջության, սննդակարգի մասին և այլն: Այնուհետև այդ փաստաթուղթը ներառվում է նրանց բժշկական արձանագրության մեջ և հասանելի է դառնում առողջապահության ոլորտի մասնագետներին, երբ անձն ի վիճակի չի լիովին արտահայտել իր ցանկություններն ու որոշումները:

Անդալուսիայում հոգեկան առողջության խնդիրներով և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց համար նախապես կատարվող պլանավորման այս տարբերակը կազմում էր հոգեկան անհանգստության և վատառողջ մարդկանց օգնելու համար նախատեսված ծառայություններում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված պրակտիկաների մի մասը: Նախնական ցուցումներ տալու ծրագրից բացի գործում էր, օրինակ, զսպման մեխանիկական ձևերի կրճատմանն ուղղված նախաձեռնությունը, որը 2016-2020 թվականներին կազմում է Անդալուսիայի հոգեկան առողջության ավելի լայն համապարփակ ծրագրի մի մասը (տե՛ս վերևում, էջ 60)։

Ներկայումս ACP-MH-ի կիրառման մակարդակը է, ինչը համահունչ է ամբողջ աշխարհում նախապես պլանավորման կիրառման միտումներին (see Weller, 2013). Թիմի կողմից իրականացված հետազոտական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Անդալուսիայում ACP-MH գործընթացները հոգեկան առողջության տարբեր ծառայությունների և մասնագետների միջև տարբերվում են: Մասնակիցների մեծ մասը՝ և՛ օգտվողները, և՛ մասնագետները, համարում են ACP-MH-ը որպես օգտատիրոջ նախասիրությունները հարգելու օգտակար գործիք։ Դրա առավելություններից են ավելի լավ հարաբերությունները և հաղորդակցությունը մասնագետների և օգտատերերի միջև, վերջիններիս ավելի մեծ մասնակցությունը իրենց հիվանդության գործընթացում, օգտատերերի մոտ զգացումը, որ իրենց հարգում են, ավելի լավ ինքնաճանաչում և ինքնավարություն՝ իրենց հոգեկան առողջության խնդիրները կառավարելու հարցում։ Թույլ կողմերից են այն երաշխիքի բացակայությունը, որ մասնագետները որոնք խնամում են պացիենտին, որոշումների կայացման պահին հաշվի կառնեն նրա նախասիրությունները կամ առնվազն կխորհրդակցեն նրա հետ: Օգտատերերի կողմից ընտրված տարբերակների կիրառման հնարավորությունն ու իրատեսությունը նույնպես կարող են կասկածի տակ դրվել։ Մասնագետների մեծամասնությունը նշում է թիմային աշխատանքի պակասի մասին և հայտարարում, որ որոշ գործընկերներ չեն հավատում ACP-MH-ին, քանի որ նրանք «խրված են հին մոդելի մեջ, որտեղ միայն մասնագետներն են որոշում, թե որն է լավագույնը հիվանդների համար» (Նյութ 28)։ Ոմանք կարծում են նաև, որ ACP-MH-ն որպես ևս մեկ իրավունք ընդունելու և ներկայացնելու համար ամբողջ համակարգը պետք է փոխվի: Հետազոտությունը եզրահանգում է, որ Անդալուսիայում հոգեկան առողջության ծառայությունները ACP-MH-ի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվության, թիմային աշխատանքի և վերապատրաստման կարիք ունեն: Գործիքը պահանջում է, որ ծառայությունները վերածվեն «մասնագետ-օգտատեր հարաբերությունների մոդելի, որը հիմնված է հաղորդակցության և այն բանի ընդունման վրա, որ օգտատերերն ունեն իրավունքներ, այդ թվում՝ ապագայում իրենց հոգեկան առողջության գծով նախապատվությունների քննարկման և ընտրության» (Նյութ 28)։ Հոգեկան առողջության հարցերում ինքնավարության և որոշումների կայացման հետ կապված օգտատերերի իրավունքները հարգելու համար պահանջվում է ավելի շատ տեղեկատվություն, ուսուցում և համակարգում հոգեկան առողջության ծառայությունների ոլորտում:


Իմ ԿԽՈւ-ն, Ֆրանսիա

«Իմ ԿԽՈւ-ն կանխարգելման և խնամքի ուղեցույցը» (կարճ՝ «Իմ ԿԽՈՒ-ն») գրքույկ է, որը ստեղծվել է հոգեկան առողջության և հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող մարդկանց համար և նրանց հետ միասին: Գրքույկը յուրաքանչյուր մարդու հնարավորություն է տալիս արտահայտել իր ցանկությունները հոգեկան ճգնաժամից առաջ: Այդ տեղեկատվությունը կարող է ամփոփվել օրինակ՝ «Ի՞նչն է ինձ օգնում, երբ ես լավ չեմ զգում», կամ «Ո՞ր ցանկություններս կուզենայի հարգել, եթե հոսպիտալացվեմ» վերնագրերի տակ: «Իմ ԿԽՈՒ» հավաքածուն նախատեսված է հիմնականում հոգեկան առողջության ճգնաժամային իրավիճակների համար: Այդուհանդերձ, գրքույկի տեղեկատվության մեծ մասը նախատեսված է ճգնաժամը և հոսպիտալացումը կանխելու համար: Գրքույկի հարցերը հուշում են մարդուն խորհելու իր կյանքի նախորդ ճգնաժամերի բնույթի, իր նախասիրությունների և մտքերի մասին, թե ինչն է իր կարծիքով օգնում իրեն և ինչը չի օգնում ճգնաժամի շրջաններում: Մարդը կարող է դիմել «Իմ ԿԽՈՒ»-ին, երբ սկսում է վատ զգալ, իսկ շրջապատի մարդիկ հենվելով գրքույկի վրա կարող են ավելի արդյունավետ կերպով աջակցել նրան:

Ընդհանուր առմամբ, «Իմ ԿԽՈՒ» գրքույկի նպատակն է նպաստել ․

  • մարդու ինքնավարությունը և կամավոր աջակցությունը, որը հաշվի է առնում իր ընտրությունը,
  • անհատական խնամքի և աջակցության վերաբերյալ խորհրդատվությանը օգտատիրոջ, մասնագետների և/կամ հարազատների միջև,
  • անձի ակտիվ ներգրավմանը և նրա վերականգնմանը,
  • համատեղ որոշումների կայացմանը։

Եթե անձը մտնում է հիվանդանոց կամ ոչ հոժարակամ պահվում է, հոգեկան առողջության մասնագետները կարող են դիմել «Իմ ԿԽՈՒ» ուղեցույցին՝ բացահայտելու և հնարավորինս հարգելու անձի ցանկություններն ու կարիքները (Նյութ 26Բ)։ Սակայն, գրքույկում պարունակվող տեղեկատվությունը նախատեսված է ճգնաժամից և հոսպիտալացումից խուսափելու համար:

«Իմ ԿԽՈՒ»-ն մշակվել է Մարի Կոնդեմինի և Օֆելյա Լոպես Հերնանդեսի կողմից (հոգեբաններ, PRISM ասոցիացիա)՝ «Psycom»-ի հետ համատեղ: Այն մշակվել է «մասնակցային մոտեցման միջոցով՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներիներով ապրող մարդկանց, հարազատների, առողջապահական և սոցիալական մասնագետների հետ համատեղ» (Նյութ 26B)։ «Իմ ԿԽՈՒ»-ն արժանացել է ժյուրիի մրցանակին «Առողջ օգտագործողների իրավունքներ 2020» մրցույթում Ֆրանսիայի Համերաշխության և առողջապահության նախարարության կողմից և ստացել «Առողջ օգտատերերի իրավունքներ 2020» նշանը Ile-de-France տարածաշրջանային առողջապահական գործակալության կողմից (Նյութ 26Բ)։

  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page